Ամբողջ աշխարհի ուշադրությունն
այս փուլում ուղղված է Ուկրաինայում տեղի ուենցող դեպքերի զարգացումներին, որոնք, կարծես
թե, շրջադարձային ընթացք են ստանում՝ աստիճանաբար գնալով հանգուցալուծման։ Նախօրեին
կտրուկ զարգացումներ տեղի ունեցան ռուս-ուկրաինական ճակատում․ բոլորս ականատես
եղանք ռուսական կողմի հրթիռային հարվածներին՝ ուղղված ուկրիանական էներգետիկ ենթակառուցվածքներին։
Ըստ էության՝ Ուկրաինայից
հետո հարավկովկասյան զարգացումներն այս պահին ամենահետաքրքիրն են, որոնք դրսևորվում են արևմտյան դիվանագիտության՝ ԱՄՆ, Ֆրանսիա, ԵՄ, աննախադեպ ակտիվությամբ և ՌԴ աննախադեպ
պասիվությամբ, որն էլ իր հստկ արձանագրումը ստացավ օրերս Պրահայում տեղի ունեցած քառակողմ
բանակցություններով։ Ռուսաստանը, կարծես, իր իսկ ցանկությամբ
ու գիտակցաբար, դուրս է դրվել գործընթացից և հակամարտությամբ ինտենսիվ զբաղվելու ռեսուրս
չունի։
Ասվածն իր հերթին հանգեցնում
է նրան, որ ՌԴ-ն կորցնում է իր ազդեցությունը և կարող է վերջնականորեն կորցնել Հարավային
Կովկասում իր ազդեցության գոտիները, քանի որ կային պատրանքներ, թե տարածաշրջանը «պետք
չէ» Արևմուտքին: Զարգացումները ցույց տվեցին, որ դա այդպես չէ ու այդպես չէ առաջին
հերթին՝ այստեղ ՌԴ ազդեցության պատճառով։
Հավանաբար ոչ ոքի համար գատնիք չէ, որ Արևմուտքի վերջնական հաջողությունը Հարավային Կովկասում մեծապես կախված է Ռուսաստանից ու ՌԴ ուկրաինական գործողությունների տևողությունից։ Եթե դրանք երկարաձգվեն, իսկ ՌԴ-ն իր քաղաքականությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև չփոխի, ապա լիովին դուրս կգա տարածաշրջանից իր բոլոր բաղադրիչներով։ Սա պետք է հստակ հասկանալ, քանի որ, ինչպես երևում է, կային պատրանքներ, որ այսպիսի զարգացումներ հնարավոր չեն։
Հայ-Ադրբեջանական բանակցային
գործընթացի մի հանգրվանում ականատես եղանք այն հանգամանքին, որ Շարլ Միշելի նախաձեռնությունը փաստացի, հայտնվել էր տապալման վտանգի տակ, և հենց այդ պահին Արևմուտքը կոնսոլիդացվեց
ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի տեսքով, ու գործընթացը վերսկսվեց և ներկայումս ամեն ինչ գնում
է նրան, որ գոյություն ունեցող տեմպը կպահպանվի մինչև վերջնական համաձայնություններ։
Դեպքերի զարգացումները հանգեցրել են նրան, որ հայկական կողմը՝ Նիկոլի ապիկարության
արդյունքում, Արցախի հարցով բանակցություններում հայտնվել է խաղից դուրս․ այսօր աստիճանաբար
հստակ է դառնում, որ հնարավոր բանակցությունները կշարունակվեն առանց Երևանի (գուցե հնարավոր
դառնա, լավագույն դեպքում, բանակցություններին կցել նաև համանախագահներ, ի դեպ՝ սա արևմտյան
սցենարի դեպքում)։
Միանշանակ չի կարելի բացառել,
որ ՌԴ-ն ինչ-որ փուլում որոշումներ կայացնի, որը կարող է բեկել այս ընթացքը, բայց դեռ
անորոշ է թվում, որովհետև ՌԴ գործողությունները, արձագանքներն արդեն կամ ուշացած են ստացվում,
կամ անտեղի, այսինքն՝ դիվանագիտությունն արևմտյան ուղղությամբ այնքան է ինտենսիվացել,
որ ՌԴ-ն կորցրել է «թելը»։
Այստեղ մի կարևոր արձանագրում անենք․ արևմտյան սցենարի դեպքում բարդություններ կան ԼՂ կարգավիճակի հստակեցման առնչությամբ։ Ըստ էության՝ դժվար է պատկերացնել Արցախ-Ադրբեջան բանակցություններ Ադրբեջանի մաքսիմալիստական ակնկալիքների պարագայում։ Հարց է առաջանում, թե Արևմուտքն արդյո՞ք պատրաստ է այնպիսի ճնշումների, որպեսզի հնարավոր դառնա Արցախ-Ադրբեջան բանակցություններ իրականցնել: Հնարավոր է, որ Ադրբեջանը ինչ–որ փուլում հրաժարվի արևմտյան ծառայություններից, եթե այդպես պատահի։ Այստեղ անկյունաքարային է նաև, թե ինչ նախաձեռնություններով հանդես կգա ՌԴ-ն։ Ներկայումս պարզ է, որ այս պահին դեռ Բրյուսելի միջնորդությունը հաջողվում է, և չի բացառվում, որ առաջիկայում Փաշինյանն ու Ալիևը հասնեն համաձայնության և փաստաթուղթ ստորագրեն, բայց մի բան միանշանակ է՝ Արցախի հարցով բարդ հարցերն ու անորոշություն կմնա։
Արմեն Հովասափյան









