Foto

Կռիվ սեփական ստվերի հետ

Այն փաստը, որ գործող իշխանություններն իրենք իրենց «գլխին սարքելու» վարպետներն են, քանիցս համոզվել ենք նրանց դրսևորած վարքագծով և սեփական որոշումները բավական կոշտ մեթոդներով չեղարկելու դրսևորումներով։ Սա հերթական անգամ վկայում է այն մասին, որ այդ որոշումներն ու իրականացված ծրագրերը չեն բխել պետության շահերից, ընդունվել և կյանքի են կոչվել զուտ ոտի վրա՝ առանց ռիսկերի ու հետևանքների հստակ գնահատականի։ Փաստացի հերթական անգամ առաջին պլան է գալիս պոպուլիզմն ու պոռոտախոսությունը, որոնք օրվա իշխանությունների այցեքարտն են, իսկ ռեալ պոլիտիկը դարձյալ մնում է լուսանցքում։

Բոլորովին վերջերս կառավարությունը որոշել է հաջորդ տարվանից դադարեցնել գյուղատնտեսական ընդհանուր բնույթի վարկերի սուբսիդավորումը։ Խոսքը գյուղացիական տնտեսություններին տրամադրվող մանր վարկերի մասին է։ Ժամանակի ընթացքում հսկայական գումարներ են ծախսել այդ վարկերը սուբսիդավորելու համար և միայն 4 տարի հետո են գլխի ընկել, որ դրանք չեն ծառայում իրենց նպատակին, չկան արդյունավետ վերահսկողական մեխանիզմներ։ «Չնայած ձեռնարկված քայլերին՝ դեռևս խնդրահարույց է վերահսկողական մեխանիզմների կիրառման ամբողջականությունը, ինչը նաև արձանագրվել է տարբեր վերահսկողական գործառույթ ունեցող պետական կառույցների կողմից»,- կարդում ենք կառավարության հիմնավորումների մեջ։

Ստացվում է, որ չորս տարի ծրագիր են իրականացրել, պետբյուջեից 23,5 մլրդ դրամ են ծախսել ու նոր հասկացել են, որ գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի սուբսիդավորման ծրագիրը դուրս է վերահսկողությունից։

Ըստ էության, նշված ծրագիրը, որը գործում է սկսած 2019թ., նպատակ ուներ օժանդակել ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորմանը, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել գյուղատնտեսության մեջ կապիտալ ներդրումների ծավալների ավելացմանը, արտադրական հզորությունների ընդլայնմանը, տնտեսությունների խոշորացմանն ու զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանն ու արտադրության ծավալների ավելացմանը: Բոլորովին այլ հարց է, թե նշված այդ նպատակներից հատկապես ո՞րն է իրականացել, որ հիմա էլ կառավարությունը որոշել է այն դադարեցնել, դժվար չէ գուշակել։ Միանշանակ է, որևիցե նպատակ չի իրականացել, չնայած դրա համար բյուջեից հսկայական գումարներ են ծախսվել։ Ակնհայտ է, որ այդ գումարները փոշիացվել են՝ չծառայելով իրենց նպատակին։

Դատարկ խոսքերի և դեմագոգիայի նման արտահայտումը դեռ չի նշանակում, թե օժանդակություն է գյուղատնտեսությանը։ Ըստ էության, որքան էլ գյուղատնտեսությունն օժանդակության լուրջ կարիք ունի, դա չի նշանակում, թե ինչ խելքներին փչի, կարելի է անել։ Գյուղատնտեսության օժանդակության ծրագրերի անվան տակ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ դրանք գյուղացու համար չեն, կտրված են իրականությունից, ինչի պատճառով էլ մարդիկ չեն օգտվում այդ ծրագրերից։ Այնպիսի պայմաններ են դնում գյուղացու առաջ, որ այդ ծրագրերին մասնակցելն անիմաստ է դառնում։ Ասել է թե, հերթական կեղծ օրակարգով և արհեստական լոզունգներով փորձում են  գյուղատնտեսություն զարգացնել։

Այսօր կարող ենք արձանագրել, որ վարկերի սուբսիդավորման միջոցով գյուղատնտեսությանն օժանդակելու փոխարեն՝ իրականում գյուղացուն ներքաշել են վարկային ծանր բեռի տակ։ Միայն այդ ծրագրով 214-215 մլրդ դրամի նոր վարկային բեռ են դրել գյուղացու վրա։ Այստեղ կատաստրոֆիկն այն է, որ կառավարությունում ուղղակի տեղյակ չեն, թե ուր են գնացել այդ գումարները, թեև գաղտնիք չէ, որ շատ դեպքերում դրանք ծառայել են ոչ թե բուն գյուղատնտեսությանը, այլ մարդկանց այլ կարիքների բավարարմանը։ Քիչ չեն դեպքերը, երբ ֆինանսական կարիքից դրդված, մարդիկ գյուղվարկեր են ձևակերպել՝ իրենց սոցիալական խնդիրները հոգալու համար։ Արդյունքում շատերը հետո կանգնել են դրանք վերադարձնելու դժվարությունների առաջ։

Արձանագրենք և գնանք առաջ. գյուղվարկերի սուբսիդավորման ծրագիրը, որը ժամանակին մեծ օժանդակություն էր  գյուղատնտեսության զարգացման ու արտադրության ծավալների ընդլայնման համար, տապալվել է։ Բյուջեն գրեթե 50 մլն դոլար է ծախսել, բայց ոչ մի նպատակ չի իրականացել, ու դրա համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Կառավարությունը բավարարվել է նրանով, որ վերահսկողության արդյունավետ մեխանիզմների բացակայության պատճառաբանությամբ՝ դադարեցրել է ծրագիրը։

Ամփոփելով փաստենք, որ, ըստ էութան, կառավարությունը չի պատկերացնում իր անելիքները գյուղատնտեսության ոլորտում։ Գումարները, որոնք հատկացվում են, ծախսվում են՝ առանց արդյունք տալու, և ցավալի գյուղատնտեսությունն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է հետընթացի մեջ մնալ։

Արմեն Հովասափյան