Foto

Արյունոտ ծաղրածուի ներոնյան հաճույքները

Վերջին շրջանում, հավանաբար նկատած կլինեք, որ որևէ պետական մակարդակի միջոցառման ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հարկադրաբար պարտավորված է լինում այցելել Եռաբլուր, դա անում է գաղտագողի՝ բառի բուն իմաստով։ Ի դեպ, համապատասխան պատասխանատուների և շրջանակների կողմից ոչ մի բացատրություն չի ներկայացվում, թե ինչու է երկրի ոչ բարով ղեկավարը պետության համար նահատակված քաջորդիների շիրիմներին այցելում թաքուն։

Այսօր, առավոտ կանուխ, Եռաբլուրում կատարվածը դուրս էր յուրաքանչյուր բանական ուղեղի տրամաբանությունից, երբ զոհված զինծառայողների սգավոր, սևազգեստ մայրերին իշխանության քմահաճույքներն իրականացնող կարմիր բերետավորները քարշ էին տալիս գետնին։

Ակնհայտ է ու կասկածից վեր, որ Փաշինյանի գործողություններն ու դրդապատճառները վաղուց պետք է դուրս լինեին քաղաքական, իրավական տիրույթից, որտեղ դեռևս շատերը փորձում են գտնել նրա այս կամ այն քայլի բացատրությունը։ Ըստ էության, փորձողներին մեղադրել պետք չէ, քանի որ Հայաստանում բացակայում է լուրջ հոգեբուժությունն ու հոգեվերլուծությունը, որը կկարողանար բացատրություններ գտնել այն բազմաթիվ հակասություններին, որոնք կրում է Հայաստանը ղեկավարողը և որոնցով կատարում է իր գործողությունները։

Արձանագրենք, որ ոչ թե քաղաքագիտական գնահատականի, այլ ախտորոշման հարց է իրողությունը, երբ մարդն, իր ղեկավարած երկրի մի մասը թշնամու կողմից գրավված լինելու պարագայում, «ազատագրում» է ոչ թե այդ տարածքները, այլ դրանք պաշտպանելու համար զոհվածների գերեզմանները։ Ազատագրում է ոչ թե թշնամուց, այլ իրենց երեխաների շիրիմները պղծումից պաշտպանել փորձող ծնողներից։

Տեղի ունեցածի վերաբերյալ հավանաբար ավելի լավ մեկնաբանություններ կարող են տալ միայն նեկրոֆիլիայի լուրջ մասնագետները և բացատրել մարդու՝ նաև գերեզմանները սեփականը համարելու հակումն այն պարագայում, երբ այդ նույն մեկի պատճառով ամեն օր երկրում ավելանում են հարյուրավոր նոր գերեզմաններ։ Մարդը, իհարկե, ազատ է իր նախասիրություններում, հատկապես, երբ անհագ ժողովրդավար է, իսկ ժողովրդավարությունը պահանջում է հարգել անհատի՝ անգամ գերեզմաններ սիրելու խեղված հակումը։ Կարևոր է, սակայն, փաստել, որ երբ այդ հակումն ունեցողը զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը, պետությունը վերածվում է մեծ գերեզմանատան, քաղաքացիներն էլ, համապատասխանաբար՝ նահատակների։ Բայց նահատակներն անգամ ազատ չեն իրենց հիշողությունը հարգողների հարցում, քանի որ նահատակվում են նրա պատճառով, ով ցանկանում է մենաշնորհել նաև գերեզմաններին խոնարհվելու վերջին հնարավորությունը։

Ներկայացված համայնապատկերին զուգահեռ փորձենք ներկայացնել, թե ինչ է կատարվում իրական Հայաստանում։ Այսօր ունենք մի իրողություն, երբ թշնամական զորքը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, բայց երկրի «ուժեղ տղերքը», փոխանակ պետության անվտանգային հարցերով զբաղվեն, գերեզմանից հեռացնում են իրենց երեխայի շիրիմի մոտ ողբացող ծնողին։

Անենք մի առանցքային դիտարկում ամենայն հավանականությամբ նման գործելաոճը, մասնավորապես՝ գերեզմանների հանդեպ ընդգծված սերը, գուցե բացատրվում է երբևէ անպիղծ գերեզման չունենալու ներքին վախով, որը վախեցողին ստիպում է այլոց գերեզմանների յուրացմամբ բավարարել ապագայում սեփական գերեզմանն անարգված չտեսնելու ցանկությունը։

Ցավալի է պատկերը, բայց այսօր Հայաստանում ապրելու ու կյանքի համար պայքարը փոխակերպվել է արդեն գերեզման այցելելու համար հրմշտոցի։ Այցելողն առաջնորդվում է «որքան շատ գերեզմաններ, այնքան գերեզման այցելելուն քիչ խանգարողներ» սկզբունքով։ Արձանագրենք, որ առայժմ դա նրան հաջողվում է հարյուրավոր պաշտոնյաների ստրկահաճ հայացքի և նույնքան ուժայինների սառնասիրտ աքացիների ներքո։

Արմեն Հովասափյան