Foto

Բազմիցս բարձրաձայնել եմ խնդիրների մասին, որն իշխանությունները փորձել են կոծկել, ինչո՞ւ, որովհետև ունեցել են քաղաքական վախ

«Ադրբեջանական իշխանությունների թշնամանքի, ատելության քաղաքականությունը, երկու հիմնական հիմքեր, ինչպես որ կար այդպես էլ կա, նույնն է՝ կրոնական ու էթնիկ հիմքերով, որը դրսևորվում է ամենադաժան հանցանքներով, հանցանքների խրախուսումով, հենց իրենց իշխանությունների կողմից։ Ապրիլյան և 44-օրյա պատերազմի ձեռագրերն ամբողջությամբ կրկնվում են՝ խոշտանգումներ, նկարահանել դրանք, հետո ծաղրել»,- այս մասին հրավիրված ասուլիսին հայտնեց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Նա նշեց՝ ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները չունեն որևէ խաղաղության նպատակ։ 

«Մեզ համար խաղաղությունը բարձրագույն արժեք է,  բայց հակառակ կողմը դրա մտադրությունները չունի և շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը։ Ես ասել եմ և բազմիցս ապացուցել՝ ադրբեջանական այս քաղաքականությունը չի վերանալու, քանի որ դա ադրբեջանական իշխանությունների քաղաքական կյանքի աղբյուրն է, դա նրանց պաշտոնները պահելու միջոց է»։ 

Արման Թաթոյանը նշեց, որ բազմիցս բարձրաձայնել է խնդիրների մասին, որն իշխանությունները փորձել են կոծկել,  որովհետև ունեցել են քաղաքական վախ՝ մարդկանց դժգոհություններն իրենց նկատմամբ չառաջանա: Դրանք մաքուր քաղաքական ու անձնական շահեր էին։ «Երկրի անվտանգությունն ավելի ցածր էր գնահատվում, քան անձնական շահերը։ Ասում էին այլընտրանքային ճանապարհ՝ Կապան-Ճակատենի, չես հասկանում, որն է տրամաբանությունը, երբ ադրբեջանցիներն անզեն աչքով երևում են և այդ ճանապարհի քթի տակով կառուցվում է այլընտրանքային ճանապարհ։ Բա դրա համար է, որ այս պատերազմի ժամանակ չէր լինում այդ ճանապարհն օգտագործել: Ձեր կարծիքով ադրբեջանական զորքերը եկել նստել են այդ ճանապարհին, որ ի՞նչ անեն, հիանա՞ն մեր երկրի գեղատեսիլ վայրերով»,- եզրափակեց Թաթոյանը 


Հեղինակ: Թամարա Աբրահամյան