Ադրբեջանական հարձակման հետեւանքով Սահակյան չորս քույրերն իրենց երեք երեխաների հետ տարհանվել են Ջերմուկից։ Նրանցիցի երեքը ժամանակավոր բնակություն հաստատել Արտաշատում՝ բարեկամուհու երեքսենյականոց տանը։ Քույրերից յուրաքանչյուրը լքել է իր տունն անգամ հագուստ չվերցնելով՝ շատ շուտով տուն վերադառնալու վստահությամբ։
«Սեպտեմբերի 13-ի երեկոյան ընկերուհիս իր երեխայի հետ մեր տանն էր, հեռուստացույց էինք նայում։ Կեսգիշերից հետո կրակոցները սկսվեցին, ընկերուհիս ասաց՝ կրակոցներ են, ասացի՝ հնարավոր չէ, հրավառություն է, մեր ուղղությամբ երբեւէ չեն կրակել։ Մոտեցանք պատուհանները կրակը երեւաց, պատուհաններն էլ սկսեցին ցնցվել։ Բնակարանի դուռը բացեցինք, հարեւաններս ասացին՝ կռիվ է, շուտ իջեք նկուղները։ Նկուղում լույսերը անջատվեցին, առանց լույս մինչեւ գիշերվա երեքը մնացինք։ Հետո մեքենայով քույրերիս ու երեխաների հետ դուրս եկանք քաղաքից։ Ոչինչ չենք վերցրել մեզ հետ՝ անգամ հագուստ, որովհետեւ վստահ էինք, որ շատ արագ վերադառնալու ենք։ Սրտաճաք լինելով հեռանում էինք քաղաքից՝ մտածելով, որ անօդաչու թռչող սարքը կարող է մեզ վրա ընկնել»,- պատմեց Ալվարդ Սահակյանը։ Քույրերի խոսքով՝ եթե իրավիճակը շուտով չհանդարտվի, իրենք տուն կվարձակալեն, մինչեւ հնարավորություն ունենաս հարազատ քաղաք վերադառնալու։
Քույրերից Ալվարդի դուստրը՝ 14-ամյա Եվան, յոթ ամսականից տառապում է մանկական ուղեղային կաթվածով: Մայրն անգամ չի հասցրել դստեր անվասայլակը վերցնել։ Այժմ օգտագործում են հարեւանի տվածը։
Եթե ցանկանում եք օգնել ընտանիքին, նրանց հետ կարող եք կապ հաստատել 077 330695 հեռախոսահամարով։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։









