Foto

Տապալված գյուղատնտեսության վերջնական կործանումը

Ինչպես հայտնի է՝ գյուղատնտեսությունն այս իշխանությունների համար ամենավերջին տեղում է, դրանում համոզվել ենք քանիցս: Այսօր փաստն այն է, որ գյուղատնտեսություն գոյություն չունի, ավելին՝ մենք կորցրել ենք հողը։ Միանշանակ է, որ ՀՀ գյուղատնտեսության վիճակը ոչ թե վատ է, այլ շատ վատ է, գնում է ոչնչացման: Ըստ էության, գործող իշխանությունների կողմից սա կա՛մ դիտավորյալ է արվում, կա՛մ ուղղակի չեն տիրապետում մասնագիտական հմտություններին:

Հայտնի է, որ այսօր գյուղոլորտի պատասխանատուն էկոնոմիկայի նախարարությունն է, որը պարտավոր է զբաղվել ոլորտի զարգացմամբ, և այդ ֆոնին թվում է, թե պետք է մտածեր առաջին հերթին գյուղացուն օգնելու և օժանդակելու, ծախսերը հնարավորինս կրճատելու ու ֆինանսական բեռը թեթևացնելու մասին, բայց գնում է տրամագծորեն հակառակ ուղղությամբ։ Օրերս հայտնի դարձավ, որ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է լրացում կատարել պետտուրքի մասին օրենքում և վճարովի դարձնել սերմերի ու տնկանյութերի հավաստագրումը, այն էլ՝ բազային տուրքի 5-ապատիկի չափով։ Նշենք, որ Սերմերի ու տնկանյութերի հավաստագրում մինչև հիմա էլ մեր երկրում իրականացվել է, բայց անվճար։

Ըստ «Սերմերի մասին» ՀՀ օրենքի՝ սերմերի հավաստագրումն իրականացվում է 2005 թվականից, սակայն հավաստագրի տրամադրման համար պետական տուրք սահմանված չի եղել։ Ավելին, նախարարությունը մի մարազմատիկ հիմնավորում է ներկայացրել, ըստ որի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սերմերի և տնկանյութի հավաստագրի տրամադրումը, բացի դաշտային հետազոտություններից, ենթադրում է փաստաթղթային վերլուծություններ և սերմերի ու տնկանյութի լաբորատոր հետազոտություններ, ապա անհրաժեշտություն է առաջացել «Սերմերի և տնկանյութի մասին» ՀՀ օրենքի և մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի հետ միաժամանակ փոփոխություն և լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ սերմերի և տնկանյութի հավաստագրի տրամադրման համար սահմանելով պետական տուրք, որի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:

Ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ եթե դիցուք կար նման սուր անհրաժեշտություն, ապա դա կարելի էր անել ոչ թե ոլորտի վրա լրացուցիչ բեռ դնելով, այլ պետական միջոցների հաշվին։ Հերթական անգամ այս ամենը դարձյալ ամրագրում է այն, որ այս իշխանություններն անհարկի հազար ու մի ծախս կարող են անել պետության հաշվին, պետության հաշվին կարող են իրենց ճոխ պարգևավճարներ տալ, բայց չեն ուզում գյուղացու ձեռքը բռնել և որևէ օժանդակություն անել։ Ավելին՝ սերմերի ու տնկանյութերի հավաստագրման համար պետտուրք սահմանելով, ուզում են բյուջե լրացուցիչ եկամուտներ ապահովել։

Հենց նմանօրինակ մոտեցումներով էլ օրվա իշխանությունը, 4-5 տարի է՝ գյուղատնտեսություն են «զարգացնում», որոնց արդյունքները տեսնում ենք բոլորս: Անհերքելի է այն, որ գյուղատնտեսության ոլորտում Փաշինյանի կառավարությունը միայն հետընթաց է արձանագրել: Ըստ էության, այս ոլորտում միայն անկում է գրանցվել, իսկ իշխանությունները չեն դադարում մեծ-մեծ ճառեր ասել գյուղատնտեսության զարգացումների մասին, բայց տարեցտարի ոլորտում արտադրության ծավալները միայն նվազում են։ Գումարներն էլ, որ ուղղում են իբր գյուղատնտեսության զարգացմանը, փոշիանում են և արդյունք չեն տալիս։ Որքան «զարգացնում են», այնքան գյուղատնտեսության անկումը խորանում է, մինչդեռ ժամանակին հեղափոխական տեմպերից էին խոսում։

Բոլորս ենք հիշում, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում, թե «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաև գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ՝ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը և, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը»։

Ներկայացնենք մի քանի թվական տվյալներ Փաշինյանի կողմից ՀՀ-ում պետական կարգը տապալելուց հետո գյուղատնտեսության ոլորտում արձանագրվեց արտադրության ծավալների 7,4 տոկոս նվազում, բուսաբուծության մեջ անկումը 12,1 տոկոս էր։ Արդեն 2019-ին անկումը 4,2 տոկոս էր, բուսաբուծության ոլորտում՝ 7,7 տոկոս, իսկ 2020 թվականին գյուղատնտեսության անկումը կազմեց 4 տոկոս։ Ի դեպ՝ հատկանշական է, որ 2021-ին նույնպես առանձնապես «տպավորիչ աճեր» կրկին չունեցանք, փոխարենը՝ անկում արձանագրվեց, մասնավորապես արտադրության ծավալները նվազեցին 1,4 տոկոսով, իսկ բուսաբուծությունը՝ 3,1 տոկոս։

Ընդհանուր ստեղծված այս իրավիճակը մի բացատրություն ունի. կառավարությունը չի տիրապետում ոլորտի խնդիրներին ու իր քայլերով ավելի է վատացնում վիճակը։ Այս մասին  վկայում է ոլորտի անկումը, որն արձանագրվում է 4-5 տարի անընդմեջ։ Ակնհայտ է, որ գյուղատնտեսությունը զարգացնելու համար հարկավոր է ճիշտ ու ժամանակին օժանդակել գյուղացուն և վարել ճիշտ ու տրամաբանված ոլորտային քաղաքականություն։

Արմեն Հովասափյան