Foto

Կհանդիպե՞ն Սամարղանդում

Այս օրերին ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհքաղաքական զարգացումներին հետևող հանրության ուշադրությունը բևեռված էր դեպի Վլադիվոստոկ։ Ինչպես հայտնի է՝ այնտեղ անցկացվող «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ելույթն ու Փաշինյան-Պուտին երկխոսությունները մի տեսակ ստվերում թողեցին Փաշինյան-Պուտին հանդիպումը:

Ըստ էության՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Փաշինյան-Պուտին բոլոր տեսակի շփումներն են ուշագրավ բովանդակային ու քարոզչական առումով, այս հանդիպումը ևս բացառություն չէր: Փորձենք անդրադառնալ հանդիպման բովանդակային մի դրվագի: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Պուտինն իր խոսքում նշել է, որ Փաշինյանը մասնակցելու է Ուզբեկստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին: «Մոտ ապագայում Դուք պլանավորում եք լինել նաև Ուզբեկստանում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում նախատեսվող միջոցառումներին, որտեղ հնարավորություն կլինի ևս մեկ անգամ հանդիպել և գործընկերների հետ բանակցել»,- մանրամասնել է նա:

Ընդգծենք նաև, որ նույն համաժողովի շրջանակում Չինաստանի Ազգային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովի նախագահ Լի Չժանշուի հետ հանդիպմանը Պուտինը ողջույններ էր փոխանցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպպինին, ապա նշել. «Մենք շուտով կհանդիպենք նախագահ Սի Ցզինպինի հետ, հուսով եմ՝ Ուզբեկստանի Սամարղանդում»։ Հավելենք նաև, որ դեռևս օգոստոսի սկզբին Սոչիում Պուտին-Էրդողան բանակցություններից հետո Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, թե Վլադիմիր Պուտինն իրեն հրավիրել է ՇՀԿ հանդիպմանը։ Նա նշել էր, որ Պուտինի հրավերից հետո անհրաժեշտ է համարում մասնակցել Ուզբեկստանում կայանալիք ՇՀԿ հանդիպմանը` հավելելով, որ հանդիպմանը ներկա կլինեն նաև կազմակերպությանն անդամակցելու նպատակ ունեցող այլ պետություններ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան։

Խոսելով ՇՀԿ ֆորումի մասին՝ կարևոր է փաստել, որ օգոստոսի վերջերին Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոև-Իլհամ Ալիև հեռախոսազրույցի ընթացքում տեղի էր ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային օրակարգի շուրջ, քննարկվել էին առաջիկա բազմակողմ հանդիպումների ժամանակացույցը և օրակարգը, այդ թվում՝ Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության և Թյուրքական պետությունների կազմակերպության առաջիկա գագաթնաժողովները, որից կարելի է հասկանալ, որ Իլհամ Ալիևը ևս կմասնակցի ՇՀԿ միջոցառումներին:

Ի դեպ՝ նշենք, որ Թուրքիան ՇՀԿ-ի հետ ունի «երկխոսող գործընկերոջ» կարգավիճակ, ինչպես նաև ենթադրվում է, որ գագաթնաժողովում դիտորդի կարգավիճակ կարող է շնորհվել նաև Հայաստանին, Ադրբեջանին, Նեպալին և Կամբոջային։

Եթե փորձենք ենթադրություններ և դատողություններ անել Պուտինի խոսքից, թե «կլինի հնարավորություն հանդիպել գործընկերներին ու բանակցել», կարող ենք ասել, որ չի բացառվում, որ Ուզբեկստանում ռուսական կողմը կարող է կազմակերպել՝ ինչպես Փաշինյան-Ալիև, այնպես էլ՝ տևական ժամանակ քննարկվող Փաշինյան-Էրդողան հանդիպումները:

Հատկանշական է նաև ընդգծել, որ Վլադիվոստոկի իր ելույթում Նիկոլ Փաշինյանն հատուկ նշել էր, որ ակնկալում է ՌԴ աջակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Ուստի չի բացառվում, որ սեպտեմբերի 15-16-ին, Ուզբեկստանում Պուտինի միջնորդությամբ հանդիպումներ կազմակերպվեն Էրդողանի ու Ալիևի հետ: Վերջում հավելենք, որ հայկական կողմը դեռ չի հաստատել իր մասնակցությունն այս գագաթնաժողովին:

Արմեն Հովասափյան