Այս տարվա առաջին 7
ամսում Հայաստանում գրանցվել է 20963 հանցագործության դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
5237-ով կամ 33 տոկոսով ավելի է:
Վիճակագրության կոմիտեից հայտնում են, որ մասնավորապես, անձի դեմ ուղղված հանցագործություններն
աճել են 1562-ով կամ 70 տոկոսով: Սպանությունները 33-ից դարձել են 163, աճը՝ շուրջ
5 անգամ: Հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության
դեմ ուղղված հանցագործությունները աճել են 2669-ով կամ 81 տոկոսով: Սեփականության դեմ
ուղղված հանցագործություններն աճել են 444-ով կամ 5,5 տոկոսով:
Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը մասնագիտական զրույց է ունեցել
իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Առաքելյանի հետ:
-
Նախորդ
և այս տարվա առաջին 7 ամսվա ընթացքում տարբեր հանցագործությունների էական աճ ունենք:
Այս ցուցանիշներն ինչի՞ մասին են խոսում, ի՞նչ գործոններով են պայմանավորված:
-
Կարծում եմ՝ արդարացված չէ
այս կարճ ժամանակահատվածի վիճակագրությամբ հեռուն գնացող հետևություններ անել: Սպանությունների
5 անգամ աճն, իհարկե, բացասական է: Եթե նաև համեմատենք նախորդ տարիների հետ, ապա կտեսնենք,
որ անընդհատ աճ է գրանցվում: Այս ցուցանիշներն, իհարկե, կարող են պայմանավորված լինել
տարբեր գործոններով, օրինակ՝ հանցագործությունների գրանցելիությունը: Ասել, որ սպանությունները
սկսել են ավելի շատ գրանցել, ես այդ կարծիքին չեմ, այն պարզ պատճառով, որ թաքցնել հնարավոր
է այն հանցագործությունները, որոնք այնպիսի հետևանք չեն ունենում, ինչպիսին սպանությունն
է և ծանր հետևանքներ առաջացնող հանցագործությունները: Վիճակը սպանությունների առումով,
ցավոք սրտի, ոչ բարվոք է: Ավելի հստակ հետևություններ անելու համար անհարժեշտ է խորացված հետազոտություններ իրականացնել: Բավարար
հիմքեր կան ենթադրելու, որ մեր հասարակությունում գնալով ավելանում է թշնամանքն ու
անհանդուրժողականությունը: Նման ելքով հանցագործությունների պարագայում բավականին մեծ
թիվ են կազմում այն դեպքերը, երբ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ
են կատարվում: Այս առումով էլ բավականին հիմքեր ունենք ենթադրելու, որ գուցե զենքի
կամ արգելված այլ առարկաների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդույնավետությունը
չի ապահովվում:
-
Զենքի
գործադրմամբ հանցագործությունների մի մասն էլ կատարվում է նաև բանակում: Սա հետպատերազմյան
իրավիճա՞կն է արտահայտում: Հետպատերազմյան գործոնով պայմանավորված
իրավիճակը ևս էական նշանակություն ունի՝ հատկապես, եթե հաշվի առնենք պատերազմի չարաբաստիկ
հետևանքները: Սրանք հասարակության մեջ տագնապայնություն են բարձրացնում: Մենք անընդհատ
ինչ-որ վատ բանի սպասումով ենք ապրում, չունենք վիճակի հսկողություն, վաղվա օրվա հանդեպ
համոզվածություն, որ կարող ենք ակնկալել, որ թեկուզ այսպիսի վատ բան կլինի: Սպասումների
մեծ մասը բացասական է, դրական էմոցիաներ մեր հասարակությունում գրեթե չեն տարածվում:
Առավոտյան, լրատվական դաշտն ուսումնասիրելով, միանգամից բացասական լիցքեր ես ստանում:
Այդ ամենը մարդկանց հոգեբանության վրա ազդում է: Ցանկացած բացասական երևույթի նպաստող
գործոն է դրան ընտելացումը: Երբ մարդն ընտելանում է բռնարարքներին, ապա դա իր համար
դառնում է սովորական: Նախկինում զարհուրելի թվացող արարքների մասին լուրերը հիմա այն
արագությամբ են տարածվում, որ դառնում է սովորական: Այդպես մարդիկ ընկալում են, որ
կարող են իրենց խնդիրները լուծել այդ ճանապարհով:
-
90-ականներին,
Արցախյան առաջին պատերազմից հետո, կրկին ունենիք հանցագործությունների էական աճ, թեև
պատերազմի ելքն այսպիսին չէր: Խնդիրը զուտ պատերազմական իրավիճակո՞վ է պայմանավորված,
թե՞ իրավական համակարգում ինչ-որ փոփոխություններ են լինում: Օրինակ՝ սկսում են աչքաթող
անել այս կամ հանցագործությունները և զբաղվել պատերազմական իրավական խնդիրներով:
-
Հետպատերազմյան շրջանում ավելի
արդիական է դառնում ապօրինի զենքի շրջանառությունը, մարտական գործողություններին մասնակցողները
հետ վերադառնալով, կարծես իրենց հանդեպ լրացուցիչ ուշադրություն են պահանջում: Օրինակ՝
չգնահատված լինելու զգացողությամբ պայամավորված, կարող են հանցանքներ կատարել: Պատերազմական
գործողությունների մասնակիցները դառնում են ավելի դյուրագրգիռ, իրենք համարում են,
որ իրենց պարտք են: Պատճառները պետք է գտնենք մարդկանց մեջ: Ինչքան էլ նպաստող գործոն
լինի, ինչքան էլ իրավապահ համակարգն արդյունավետ չգործի, վերջին հաշվով, հանցանքի կատարումը
պետք է պարզենք՝ մարդու ներսում եղած խորքային պատճառները վեր հանելով:
-
Արդյոք
կարո՞ղ ենք դիտարկել, որ մարդիկ գնում են իրենց մեթոդներով հաշվեհարդար տեսնելու, քանի
որ չկա վստահություն իրավապահ համակարգի նկատմամբ:
-
Ես հակառակ կարծիքն ասեմ, որն
իրավունք ունի գոյություն ունենալ և միանշանակ հերքվել չի կարող: Գուցե այս թվերի ավելացումը
պայմանավորված է նրանով, որ իրավապահներին ավելի շատ են վստահում և ավելի շատ են սկսել
դիմել իրենց: Առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքում, այո՛, դժվար է թաքցնել, բայց
մնացած դեպքերում մարդիկ ավելի հաճախ չէին դիմում իրավապահներին: Գուցե հիմա նաև նրանք
են սկսել դիմել: 2018 թվականից տվյալների փոփոխությունները պայմանավորված են ցուցանիշների
հաշվարկման մեթոդաբանության փոփոխմամբ, ըստ որի ներառվել են նաև գրանցված այն հանցագործությունների
դեպքերը, որոնցով քրեական գործերի հարուցումը մերժվել է կամ քրեական գործը կարճվել
է տուժողի բողոքի բացակայության հիմքով: Եթե կառուցվածքում նկատում ենք ծանր և առանձնակի
ծանր հանցագործությունների դեպքերի ավելացում՝ այն լուրջ մտահոգության է արժանի: Ավելի
լավ է հանցագործությունների դեպքերը կայուն մնան նույն թվային ցուցանիշի վրա, քան շարունակաբար
աճեն: Եթե իրավիճակը նույնն է, դա նշանակում է, որ որոշակի վերահսկելիություն կա:
-
Դիտարկեցինք
միայն իրավապահներին վստահելը և շատ դիմելը, իսկ եթե դիտարկենք, որ դիմելով խնդիրը
չի լուծվում և դրա համար ինքնուրույն գնում են հաշվեհարդարի: Սա ևս կարող է գոյություն
ունենալ և միանշանակ հերքել չենք կարող:
-
Իսկ ինչո՞ւ եք մտածում, որ
եթե դիմում են, ապա իրավապահ համակարգը չի օգնում: Թվերի ավելացումը միայն բացասական
դիտարկելու կարիք չկա: Գուցե, իսկապես վստահության աճն է, իսկ ես կարծում եմ, որ հույսի
մակարդակի աճ է: Ավելի շատ են սկսում հույս կապել կամ գուցե վերջին հույսը համարել:
Երբ մարդիկ կսկսեն տեսնել, որ կա համապատասխան արձագանք, այս դեպքում դատական համակարգի
և իրավապահների հետ կապած հույսը կդառնա վստահություն: Ասել, որ մեզ մոտ վստահության
մակարդակը բարձր է, ինձ թվում է՝ ոլորտի որևէ մասնագետ չի կարող պնդել: Ընդհանուր առմամբ
շատ կարևոր է մարդ էակի համար ինչ-որ մեկի օրինակն իր առաջ ունենալը: Օրինակ՝ երեխայի
դեպքում հոր կերպարն է: Եթե տեսնում են օրինակներ, որոնք համապատասխան արձագանք չեն
ստանում, ապա դրանք ընկալվում են որպես անպատժելի: Երբ տեսնում ենք, որ աղմուկ բարձրացավ
և հետագա ընթացքը չհանգեցրեց իր տրամաբանական ավարտին, մարդը ներկայացվեց հանցագործ,
բայց նրան հանցագործ ճանաչող օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկա, ապա անձը կարող
է համարել, որ այո՛, նա հանցագործ էր, բայց չկարողացան միչև վերջ տրամաբանական ավարտին
հասցնել և մեղավոր ճանաչել, ապա ինչո՞ւ ես իրենց դիմեմ:
-
Եթե
աձի օրինակն ունենալը կարևոր է, ինչպես երեխայի համար հոր կերպարը, ապա այնպես էլ հասարակության համար հեղինակություն համարվող,
օրենքներ կազմող օղակի ներկայացուցիչները ևս օրինակ պիտի լինեն: Ազգային ժողովի պատգամավորների
մեծամասնությունը որևէ քրեական վարույթով անցնում
է, այս նստաշրջանում տեսանք նաև ինքնուրույն, ուժի գործադրմամբ հաշվեհարդարներ: Սա
և՞ս հասարակության համար օրինակ է:
-
Ես պատգամավորների քրեական
վարույթով անցելու վերաբերյալ տեղեկություն չունեմ, եթե անգամ դրա մասին տարբեր լրատվականներում
հրապարակումներ կան: Ընդհանուր առմամբ՝ անարդարության զգացումը հանցավորությանը նպաստող
շատ ազդեցիկ գործոն է: Եթե տեսնում են ինչ-որ բան է տեղի ունենում և արդարացիորեն արձագանք
չի լինում, չարը չի պատժվում, մարդիկ կորցնում են արդարության նկատմամբ հույսն ու հավատը:
Իսկ հանցագործության մասին օբյեկտիվ պատկեր կարելի է կազմել միայն օրինական ուժի մեջ
մտած դատական ակտերով: Երևույթի մասին պատերացում ունենալու համար պետք է հաշվի առնել
բոլոր գործոնները: Բացասականները ևս որևէ կերպ չեմ փորձում արդարացնել, այո՛, ոլորտի
պատասխանատուների համար այն պետք է մտահոգիչ լինի: Ինքս միշտ ուրախ եմ եղել, որ իմ
սխալներն, ինձ մատնացույց են արել: Բոլոր հանգամանքները հաշվի առնելուց հետո միայն կարող ենք խոսել կոնկրետ
միջոցներ ձեռնարկելու մասին:
-
Վերջին
մի քանի տարում իրավական համակարգում որոշակի փոփոխություններ եղան՝ այդ թվում քրեական
և քրեադատավարական օրեսգրքի, սա կարո՞ղ է վիճակագրություն փոխել:
-
Չեմ կարծում, որ քննարկվող
վիաճակագրության վրա կարող է ազդեցություն ունենալ: Այն ուժի մեջ է մտել հուլիսի
1-ից՝ այսինքն վիճակագրության ընդամենը 1 ամսին է վերաբերում, հետևաբար կկազմի վիճակագրության
շատ քիչ մասը: Մենք այնպիսի պայմաններում ենք,
որ մեր իրավապահները աշխատում են գերծանրաբեռնված, ֆիզիկապես շատ դժվար է ապահովել
որակյալ արդյունավետ քննություն: Այս պայմաններում ներդրվում է նոր օրենսդրություն՝
էապես նախկինից տարբերվող կարգավորումներ, տարբեր ինստիտուտներում փոփոխություններ,
նոր օրենքի պրակտիկայի բացակայություն և այլն: Սա բնականաբար ազդում է պատկան մարմինների
աշխատանքի որակի վրա, ցավոք սրտի, բացասական առումով: Իրենց մեղադրել, կարծում եմ,
ոչ թե պետք չէ, այլ՝ չի կարելի: Սրանք օբյեկտիվ գործոններ են: Եթե մարդուն ստիպում
ես ավելի մեծ ծավալներ հաղթահարել, բնականաբար, դա անելու է որակի հաշվին:
-
Հուլիսի
1-ից ուժի մեծ մտած քրեական և քրեական դատավարության
օրենսգրքերում ի՞նչ դրական և բացասական կողմեր եք նկատել:
-
Դրանց դրական և բացասական երևույթների
մասին դեռ վաղ է խոսելը, դրան կարելի անդրադառնալ պրակտիկայում կիրառելուց հետո: Կան
օրենսդրական փոփոխություններ, որոնք մեղմ ասած խնդրահարույց են։ Պետք է ընդունենք նաև,
որ շատ խնդիրներ լուծվել են: Ոչ թե պատժի խստությունն է կարևոր, այլ՝ պատասխանատվության
անխուսափելիությունը: Եթե մանր խախտումների համար անխոսափելիորեն ենթարկվեն պատասխանատվության,
ավելի ծանր խախտումներն ավելի քիչ հավանականությամբ կանեն:









