Իշխանության գալուց առաջ
Նիկոլ Փաշինյանի գլխավոր խաղաքարտերից մեկը «տատիկ-պապիկների թոշակը լափելու» մասին հայտնի
թեզն էր, որով նա կարողացավ շատ մանիպուլյատիվ կերպով հիպնոսացնել թոշակառուներին։
Իշխանությունը վերցնլուց հետո, ոչ միայն Փաշինյանի, այլև նրա ողջ քաղաքական
թիմի մոտ բացառապես այլ իրողություն է, որտեղ նրանք ապրում են իրենց ստեղծած ստի կայսրությունում։
Ամիսներ առաջ՝ կառավարության
նիստում, նա հայտարարեց, որ առաջիկայում սպասվում է թոշակների ու նպաստների բարձրացում,
բայց գումարի չափը, չգիտես ինչու, պահում էին գաղտնի, և միայն վերջերս հայտնի դարձավ,
որ սեպտեմբերի 1-ից թոշակներն ու նպաստներն ավելացնելու են մի ամբողջ 2-3 հազար դրամով։
Ըստ էության, անհնար է պատկերացնել, թե դա ի՞նչ կարող է տալ թոշակառուին ու նպաստառուին
այս համատարած թանկացումների պայմաններում, քանի որ, ինչպես հայտնի է, ՀՀ-ում գնաճը
հասել է սարսափելի սահմանների։
Ըստ էության, այն, ինչ
անում է կառավարությունը, ուղղակի ծաղր է այդ մարդկանց նկատմամբ։ Ստացվում է, որ իրենց
ամենամսյա ռեժիմով անհասկանալի 100 հազար դրամներով պարգևավճարներ են բաժանում, իսկ
թոշակառուներին ու նպաստառուներին հազիվ 2-3 հազար դրամի հավելում են պատրաստ տալ։
Սա ինչ-որ տեղ գուցե արդարացված լիներ, եթե Հայաստանը չգտնվեր այսպիսի բարձր գնաճի
միջավայրում։ Բայց երկրորդ տարին է, ինչ համատարած ամեն ինչ թանկացել է՝ սկսած պարենայինից,
վերջացրած ոչ պարենային ապրանքներով ու ծառայություններով։
Փորձենք անցկացնել մի
քանի համեմատականներ և հասկանալ, թե ինչ տոկոսային աճի մասին է խոսքը։ 2021-ի հուլիսին
ունեինք 8,2 տոկոսանոց գնաճ, այս տարվա հուլիսին ունեցել ենք 9,3 տոկոսանոց գնաճ։ Այսինքն՝
անցած տարվա հուլիսի 8,2 տոկոս գնաճի վրա, այս տարի ևս 9,3 տոկոս գնաճ է ավելացել։
Այսինքն պարզ թվաբանությամբ, 2 տարվա արդյունքում ունենք 17,5 տոկոսանոց գնաճ։ Ահա
այս ֆոնին կառավարությունը կարծես մեծ լավություն ու աննախադեպ քայլ է արել և որոշել
է թոշակներն ու նպաստներն ավելացնել 2-3 հազար դրամով, ինչը համարժեք է ընդամենը 7
տոկոսի։
Ի դեպ՝ պաշտոնական տվյալներով՝
անցած տարվա հուլիսին սննդամթերքի գնաճը կազմել էր 13,5 տոկոս, ճիշտ նույն չափով սննդամթերքը
թանկացել է նաև այս տարի։ Ըստ էության, որպեսզի ավելի պարզ լինի իշխանությունների անտարբերության
չափը, նշենք, որ, չնայած նման բարձր գնաճային միջավայրին, իշխանություններն այդպես էլ
2 տարում ոչինչ չեն արել հասարակության սոցիալական անապահով հատվածի վրա գնաճի ազդեցությունը
մեղմելու համար։ Միայն հիմա փորձում են տպավորություն ստեղծել, թե մեծ լավություն են
անում թոշակառուներին ու նպաստառուներին՝ հաջորդ տարվա փոխարեն՝ այս տարվա սեպտեմբերից
են բարձրացնում թոշակներն ու նպաստները։ Այն դեպքում, երբ խոսքը չնչին գումարի մասին
է, որը ոչ մի էական խնդիր չի լուծելու այս մարդկանց կյանքում՝ երկու տարվա այսպիսի
համատարած թանկացումներից ու բարձր գնաճից հետո։
Վերը նշվածին զուգահեռ
ընդգծենք, որ հավանաբար շատերն են հիշում, թե ինչպես էին նույն այդ չինովնիկները ընտրությունների
ժամանակ թոշակների ու նպաստների առաջանցիկ բարձրացում խոստանում գնաճի նկատմամբ։ Հիմա
տեսնում ենք, թե ինչքանով են իրականացնում այդ խոստումը։ Վերջին երկու տարվա համախառն
գնաճի տեմպը գրեթե 3 անգամ գերազանցում է թոշակների ու նպաստների սպասվող աճը։ Փաստացի
երկու տարի է, մարդիկ կրում են գնաճի ծանր ազդեցությունը, իսկ իշխանություններն ընդամենը
հաջորդ տարվա հունվարին սպասվող բարձրացումը մի քանի ամսով առաջ են բերել։
Այս քայլը ևս ունի խորը
քաղաքական ենթատեքստ, քանի որ իրենց այս ժեստով իշխանությունները պարզապես հերթական անգամ խորամանկում են։ Բանն այն է, որ օրըստօրե
դժգոհություններն իշխանություններից գնալով խորանում են, իսկ առաջիկայում սպասվում
են քաղաքական սրացումներ, ու այս քայլով Փաշինյանը մտադիր է ինչ-որ չափով ազդել հասարակության դժգոհությունների
վրա։
Արմեն Հովասափյան









