Foto

Արցախի կրթօջախներում այսօր նորից հնչում են առաջին զանգի ղողանջները՝ վկայելով արցախցու՝ հայրենիքն ապրեցնելու անդրդվելի կամքի մասին. Արթուր Թովմասյան

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ուղերձ է հղել։

«Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ամենաջերմ շնորհավորանքներն եմ հղում բոլորիդ:

Դժվարագույն ժամանակներ հաղթահարող Արցախի կրթօջախներում այսօր նորից հնչում են առաջին զանգի ղողանջները՝ վկայելով արցախցու՝ հայրենիքն ապրեցնելու անդրդվելի կամքի մասին, որովհետև հենց մանկաշատ հանրությունն է մեր հիմնասյունն ու ապագայի նկատմամբ հավատը:

Մեծագույն ցանկությունս և մաղթանքս է, որ մեկնարկած ուսումնական տարին չընդհատվի հանկարծ, որ խաղաղ բացվեն բոլոր առավոտները և մտահոգողը լինի միայն դասաշատ առօրյան:

Առանձնահատուկ սիրով եմ շնորհավորում բոլոր առաջինդասարանցիներին, կյանքի նոր փուլ մտնող առաջինկուրսեցիներին:

Թո՛ղ հստակ լինեն ձեր քայլերը և հարթ լինի ընտրած ճանապարհը:

Մեկ անգամ ևս լուսավոր ու խաղաղ օրերի հույսով և հավատով շնորհավորում եմ Գիտելիքի, գրի և դպրության տոն օրը:

Առա՛ջ դեպի ուսումնառության հերթական շրջան»,-ասվում է ուղերձում։