Foto

Բացասական «դոմինոյի էֆեկտ» տնտեսական համակարգում

Այսօր արդեն անհերքելի փաստ է, որ ՀՀ տնտեսությունն իր վատագույն շրջափուլերից մեկն է ապրում․ օր օրի ավելի է որոշակիանում, որ մեր տնտեսությունը անդունդից գահավիժողի կարգավիճակում է։ Ըստ էության, 2022 թվականի Հայաստանի տնտեսության աճի սպասումների վերաբերյալ մասնագիտացված կառույցների գնահատականները շատ հեռու են այն փաստացի ցուցանիշներից, որոնք մինչև հիմա արձանագրում է պաշտոնական վիճակագրությունը։ Եթե փորձենք համեմատական անցկացնել, ապա ըստ լավագույն գնահատականի՝ 2022-ի տնտեսական աճը տատանվում է 3,5-4 տոկոսի սահմաններում, մինչդեռ տարվա առաջին կեսին ունեինք երկնիշ աճ: Այստեղ կարևոր է հասկանալ այն դրվագը, թե ինչ սկզբունքով են պայմանավորված փաստացի, ըստ պաշտոնական տվյալների գոյություն ունեցող ցուցանիշները, որոնք բարձր են, և մասնագիտական կառույցները միևնույն է կանխատեսում են ցածր ցուցանիշներ։ Ըստ էության, այստեղ շան գլուխը թաղված է տնտեսական ակտիվության ու աճի կառուցվածքում։ Բանն այն է, որ այդ կառուցվածքը լուրջ ռիսկեր է պարունակում և կարող է ցանկացած պահի փլվել, երբ վերանան աճի վրա ազդող գործոնները։ Ըստ էության, այդ գործոններն արհեստածին են և առաջացել են ռուս-ուկրաինական հակամարտության ու ՌԴ տնտեսության նկատմամբ կիրառված պատժամիջոցների հետևանքով։

Այսօր ստեղծվել է այնպիսի մի իրողություն, որ ցանկացած պահի, երբ հանգուցալուծվեց ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական հակամարտության հետ կապված հակասությունը, արտաքին միջավայրից ՀՀ տնտեսության աճի վրա էական ազդեցություն թողած գործոններն աստիճանաբար թուլանալու են և դադարեն։ Ավելի կոնկրետ տնտեսական սանկցիաների շարքը, որն այսօր կիրառվում է Ռուսաստանում, ՌԴ-ից ՀՀ տեղափոխված և Հայաստանում փաստացի բիզնեսները, որոնք արհեստական գումարային հոսքեր են ապահովում, կտրուկ դադարելու են։ Ավելին, տրանսֆերտների տեսքով պատժամիջոցներից հետո Ռուսաստանից բավական մեծ գումարներ են գալիս Հայաստան։ Տարեսկզբի 6 ամիսներին այդ երկրից ստացվել է ավելի քան 1 մլրդ 131 մլն դոլար, բայց հիմնական մասը եկել է հակամարտությանը հաջորդող ամիսներին։ Այդ ժամանակ տնտեսությունը մտնելու է ռեցեսիայի կամ աճի այն դանդաղ ընթացքի մեջ, որում եղել է վերջին տարիներին։ Կարևոր է փաստել, որ նախորդ 4 տարիներին ՀՀ տնտեսության միջին տարեկան աճը կազմել է ընդամենը 2,8 տոկոս։

Արձանագրենք, որ պաշտոնապես արձանագրված է 11,8 տոկոս տնտեսական ակտիվություն, այնուհանդերձ այս տարվա տնտեսական աճի ռիսկերը շատ բարձր են։ Դա հիմնված է ֆինանսական և մարդկային հոսքերի գործոնի վրա։ Ակնհայտ է, թե տարեսկզբի համեմատ ինչպիսի կտրուկ փոփոխություն են կրել ֆինանսական հոսքերը Ռուսաստանից։ Դրանք էապես գերազանցում են նաև նախորդ տարիների ցուցանիշները, դրանք գումարներ են, որոնք տարբեր նպատակներով են տեղափոխվում Հայաստան։ Մի մասը փախչում է ՌԴ տնտեսությունից, մյուս մասը՝ ապրանքային տեսքով հետ է գնում։

Ստացվում է, որ ֆինանսական անկայունության ու բարձր անորոշությունների հետևանքով՝ ռուսական կապիտալի որոշ մասը պարզապես հանգրվանում է Հայաստանի բանկային համակարգում։ Այլ կերպ ասած՝ մարդիկ իրենց գումարները տեղափոխում են ու որպես ավանդ՝ դնում հայաստանյան բանկերում։

Վերջին շրջանում շատ է խոսվել այն մասին, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող ֆինանսական ու տնտեսական պատժամիջոցների պայմաններում, մեզանից անկախ, Հայաստանն ինչ-որ առումով դարձել է հարթակ՝ ռուսական կապիտալի համար։ Ի դեպ՝ ֆինանսական հոսքերից զատ՝ Հայաստանի տնտեսությունը կրում է նաև Ռուսաստանից տեղափոխված մարդկային գործոնի ազդեցությունը։ Գաղտնիք չէ, որ ռուս-ուկրաինական հակամարտության սկզբնական շրջանում բավական մեծ քանակությամբ քաղաքացիներ եկան Հայաստան։ Նրանք իրենց հերթին են ֆինանսական հոսքեր ապահովում մեր տնտեսության մեջ՝ ձևավորելով լրացուցիչ բարձր պահանջարկ տնտեսության մի շարք հատվածներին, մասնավորապես, ծառայությունների ու ներքին առևտրի մասին է։ Հենց դրա արդյունքում էլ կտրուկ ավելացել է ծառայությունների պահանջարկը։ 

Ամփոփելով փաստենք, որ ՀՀ տնտեսության ներկայումս գոյություն ունեցող միֆական պատկերը, որոնք գրեթե ամենօրյա ներկայացնում են ՀՀ տնտեսւթյան պատասխանատուները, ցանկացած պահի կարող է կտրուկ փլուզվել, քանի որ ռիսկը մեծ է, որ դրսից եկող արհեստական խթանները կարող են դադարել, ու սկսվի հակառակ պրոցեսը։ Սա տրամաբանական գործընթաց է, քանի որ տնտեսության այն ոլորտները, որոնք պետք է ապահովեն տնտեսության կայուն աճ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակում են գտնվել պասիվ վիճակում։

Արմեն Հովասափյան