Հավանաբար քչերը գիտեին և, տրամաբանական է, որ ոչ բոլորը հիշեցին, որ նախօրեին լրացավ ՀՀ և ՌԴ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը: Սա հատկապես հատկանշական է՝ այսօր գոյություն ունեցող ծանր աշխարհաքաղաքականության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում։ Այս առիթով երկու երկրների ԱԳ նախարարությունները հայտարարություններ էին տարածել, ավելին՝ այդ կապակցությամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց էր տեղի ունեցել:
Հայկական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները շնորհավորել են միմյանց պայմանագրի 25-ամյա հոբելյանի առիթով: «Կողմերը համոզմունք են հայտնել, որ այսուհետ ևս հայ-ռուսական դաշնակցային փոխշահավետ հարաբերությունները տարբեր ոլորտներում կշարունակեն արդյունավետ կերպով զարգանալ ու ամրապնդվել»,- ասված էր հաղորդագրությունում։ Ի դեպ՝ մեր ԱԳՆ-ի հաղորդագրության տեքստում անդրադարձ էր եղել նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությանը: Մասնավորապես տեքստում արձանագրվում է, որ հոբելյանական պայմանագիրն առանցքային փաստաթուղթ է, որն ուրվագծել է հետագա տարիների ընթացքում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջմղման ուղենիշները՝ բազմադարյա եղբայրության, վստահության և փոխադարձ հարգանքի ոգով: Հավելենք նաև, որ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում տեղ էին գտել նույն շեշտադրումները, ինչն ակնհայտ դարձրեց, որ ՀՀ-ի և ՌԴ-ի ԱԳ նախարարությունները համաձայնեցված տեքստ են տարածել:
Այստեղ մի կարևոր արձանագրում կատարենք․ այս փոխադարձ դիֆերամբների կողքին շատ տեղին է հիշել, որ կարճ ժամանակ է անցել այն բանից, երբ ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա հղեց հայկական կողմին քարոզչական դաշտում հակառուսական տրամադրությունների համար, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի ուղերձում կային թաքնված ուղերձներ ՌԴ-ի համար: Հիշում ենք, թե ինչպես էր նա իր ուղերձում ընդգծել, թե «անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ այսօր տարածված հայտարարությունները պաշտոնական անհրաժեշտ արարողակարգի բաղկացուցիչ են, որոնք այսօր լիովին չեն արտահայտում հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներն ու մթնոլորտը: Ըստ էության, տարածված բողոքի նոտան բոլորի համար հասկանալի էր, թե որքան լուրջ ու բացառիկ իրադարձություն էր հայ-ռուսական հարաբերությունների համար, քանի որ առանց լուրջ հիմքերի՝ նման քաղաքական քայլեր չեն իրականացվում:
Անքննելի է այն փաստը, որ այսօր հայ-ռուսական հարաբերությունները տևական և նպատակադրված վատթարացվել են: Ներկայումս հայ-ռուսական հարաբերություններն իրենց ամենավատ փուլն են ապրում, սկզբնական պատճառն այն է, որ հայկական կողմն էլ չգիտի, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարում, արտաքին քաղաքական ինչ վեկտորներ ունի, ովքեր են իր դաշնակիցները. ավելին, այսօր՝ այս բարդ շրջանում, ՀՀ իշխանությունները փորձում են միանգամից մի քանի աթոռի վրա «նստել»: Այսօր ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերությունները չունեն այն անկեղծությունը, վստահությունը, որը կարող էր լինել երկու կողմերի միջև, որից կշահեր նաև ողջ հարավկովկասյան տարածաշրջանը: Ներկայումս կա միայն դրա շրջանակը, թեև դա նաև չի նշանակում, որ հարաբերությունները խզվելու են, պարզապես դրանում կա փոխըմբռնման մեծ պակաս, հետևաբար՝ նաև մեծ խնդիրներ քարոզչական դաշտում, որն անառողջ մթնոլորտ է ստեղծում:
Ըստ ամենայնի՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազանգի բուն բովանդակությունը կապված է եղել վաղը Բրյուսելում սպասվող եռակողմ բանակցությունների հետ: Ըստ էության, սա հնարավորություն է եղել քննարկելու տարածաշրջանի քաղաքական զարգացումները, որոնց համակարգումն այսօր փաստացի իրականացնում է Բրյուսելը, իսկ Մոսկվան հետևում է՝ ունենալով ավելի առաջնահերթ խնդիրներ, առաջին հերթին խոսքը Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին է, ինչպես նաև համաշխարհային սանկցիաներն ու տնտեսական բլոկադան: Ի դեպ՝ հատկանշական է այն, որ Փաշինյան-Պուտին մեկ այլ հեռախոսազրույց տեղի էր ունեցել ընդամենը օրեր առաջ՝ հայտնի բողոքի նոտայից հետո։
Վերը նշված ընդհանուր «ռասկլադի» հետ կապված կարող ենք շեշտել, որ, այնուամենայնիվ, Ռուսաստանի համար ակնհայտորեն բարդ է համակերպվել մեր տարածաշրջանում Արևմուտքի ակտիվության հետ, որը կարող է թուլացնել ռուսական ազդեցությունը։
Արմեն Հովասափյան