Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, օգոստոսի 3-ին որոշել կալանավորել Ավետիք Չալաբյանին։ Ընդ որում, մեղադրող դատախազն ինքը դատական նիստի ընթացքում միջնորդել էր գրավ կիրառել Չալաբյանի նկատմամբ՝ գտնելով, որ գրավը կարող է զսպել ոչ պատշաճ վարքագիծը։
Պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել դատարանի որոշման դեմ, որի քննությունն այսօր ավարտվել է՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ։ Պաշտպանները դատական նիստի ընթացքում չկա գեթ մեկ փաստ, որ ազատության մեջ գտնվելով Չալաբյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը։ Վարազդատ Հարությունյանը հայտարարեց, որ ի սկզբանե հայտարարել էին, որ Չալաբյանին կալանքի տակ պահելու ոչ մի փաստական և իրավական հիմք չկա, առաջին ատյանի դատարանը կալանքի վերաբերյալ հարցի մակերեսային քննարկմամբ կրկին կալանավորել էր ազատության մեջ գտնվող Չալաբյանին։
Ի դեպ, բողոքի քննության ընթացքում ևս դատախազը չի առարկել Չալաբյանի նկատմամբ գրավ կիրառելուն՝ նշելով, որ խափանման միջոց գրավը կարող է երաշխավորել Ավետիք Չալաբյանի պատշաճ վարքագիծը:
Դատարանը, լսելով կողմերին, ավարտեց բողոքի քննությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 12.00-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ: Ենթադրյալ դեպքի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Ըստ նախաքննական մարմնի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան









