Հավանաբար շատերդ կհամաձայնեք, որ այս իշխանության գործունեության հետ կապված, այլևս, ոչ մի քայլ հանրության շրջանում զարմանք չի առաջացնում, քանի որ անգամ ամենատարօրինակ ու հակապետական գործունեություն, Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի կողմից դիտարկվում են որպես նորմալ քաղաքական իրողություն։
Գաղտնիք չէ նաև, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հետ անում է այն, ինչ սնանկության կառավարիչներն անում են սնանկ կազմակերպության հետ՝ վաճառում է հնարավոր ամեն ինչ։ Հենց այդ տրամաբանությունն է ընկած եղել այն ամենի մեջ, ինչն այսօր կատարվում է Արցախում։
Ըստ էության, պատերազմը, լայն իմաստով, Փաշինյանի համար իմիտացիա էր՝ վաճառքի գործարքի համար մեղադրանքից խուսափելու համար։ Այդ իմիտացիայի համար հասարակությունը վճարեց մի ամբողջ սերնդի կյանքով, Նիկոլին որակեցին դավաճան, ինչից հետո նա առանց ձևականությունների հայտարարեց, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, կլիներ նույն արդյունքը «իհարկե, առանց զոհերի»։
Եթե փորձենք շարժվել նույն տրամադրությամբ և զուգահեռներ անցկացնենք, ապա ակնհայտ է, որ բացի Արցախից օրվա իշխանությունը վաղուց վաճառել է նաև Հայաստանի ինքնիշխանությունը։ Փաշինյանը փաստացի այսօր զբաղված է Հայաստանի արտաքին քաղաքականություն կոչվող չարչիությամբ։ Եթե ավելի բացենք փակագծերը, ապա, ինքնիշխանության վաճառքը միանվագ ակտ չէ, այլ փաթեթային գործողություն, որում ընդգրկված են ՀՀ սուվերեն տարածքները՝ Սյունիքը և ադրբեջանցիների կողմից այդքան շահարկվող անկլավներ կոչվածը և այլն։
Նշված բոլոր «գործարքների» գինը միանշանակ Նիկոլի աթոռն է՝ իշխանությունն է․ կանցնի որոշակի ժամանակ, երբ բոլոր ջրերը կպարզվեն, պարզ կդառնա նաև, որ հիշյալ «գործարքներն» ունեցել են նաև նյութական արտահայտություններ։
Վերը նշված «գործարքների» հերթական դրսևորումներից է նաև բանակում պարտադիր ծառայության պարտականությունը, որն այս իշխանության առաջարկվող նախագծով կարելի է գնել ընդամենը 24 միլիոն դրամով։ Կառավարությունը չի հրապարակել այս գործարքից ակնկալվող գումարի չափը, բայց վստահաբար մինչև նման որոշում կայացնելը կատարվել են բազմաթիվ հետազոտություններ, հանրային տրամադրությունների չափումներ, որոնց արդյունքում Փաշինյանին զեկուցվել է՝ «սրա մեջ փող կա»։
Տեղի ունեցող այս բանակային առևտուրն ունի իր տրամաբանական նախերգանքը, քանի որ Փաշինյանը, խաղաղություն քարոզելով, տողատակում միշտ խոսում է պատերազմի սպառնալիքի մասին, ինչը բազմապատիկ ավելի գրավիչ է դարձնում ծառայության պարտականության գնումը քաղաքացիների կողմից։ Այսինքն՝ վախեցնելով պատերազմով, Նիկոլն արդեն այսօրվանից նպաստում է զինվորական ծառայությունից խուսափելու իրավունքի պահանջարկի ավելացմանը։ Ըստ էության, երբ խորամուխ ենք լինում նշված պրոյեկտի բաղադրիչների մեջ, ավելի է պարզ դառնում, որ այն ունի ոչ միայն ներքին ֆինանսատնտեսական ասպեկտներ, այլ արտաքին հակապետական ենթատեքստ։ Ակնհայտ է, որ նման նախաձեռնությամբ վերջնականապես քայքայվելու է առանց այդ էլ խարխլված հայկական բանակը։ Նախագծից ակնհայտ է դառնում, որ այն բացառապես սոցիալական դեգրադացիան խորացնող մի ֆարս է, որի կյանքի կոչվելու դեպքում ծառայելու են միայն սոցիալապես անապահով խավի երեխաները։
Ահա հենց նման քայլերով է Նիկոլ Փաշինյանն անուղղակիորեն կատարում է իր քաղաքական հայրերի պահանջը, և փաստացի վերացնում է ոչ միայն ՊԲ-ն, այլ նաև Հայաստանի զինված ուժերի սպառազինության համալրումն ու մարտունակության բարձրացումը։ Առաջարկվող նախագծով Նիկոլ Փաշինյանն առնվազն անուղղակիորեն բավարարում է նաև Իլհամ Ալիևի պահանջը, ինչը նշանակում է, որ գործարքը կարող է ունենալ ոչ միայն ներքին վճարողներ՝ ի դեմս ծառայությունից ազատվող զինվորականների, այլ նաև արտաքին պարգևավճարներ։
Արմեն Հովսափյան









