2023թ․ հուլիսի 1-ի փոխարեն՝ կենսաթոշակները կբարձրանան սույն թվականի սեպտեմբերի 1-ից։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Ըստ էության՝ կենսաթոշակները կբարձրանան միջինում 17 տոկոսով կամ 2000-3000 դրամով։ Վարչապետը նշեց, որ այս բարձրացումով չեն սահմանափակվելու․ հուլիսին ևս որոշ չափով բարձրացում կլինի, թե որքան՝ չհաստակեցրեց։
Համաձայն որոշման՝ 2022 թվականի սեպտեմբերի 1-ից աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափ կընդունվի 21000 դրամը՝ 18000 դրամի փոխարեն։ Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 18 000–ի փոխարեն դարձվեց 20000 դրամ, իսկ նվազագույն կենսաթոշակի չափը 28600 դրամի փոխարեն՝ 30500 դրամ։
Փոխոխվել են նաև զինվորական կենսաթոշակի չափերը․ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության դեպքում առաջին խմբի հաշմանդամը կստանա 45000 դրամ՝ 43000 դրամի փոխարեն։ Երկրորդ խմբի հաշմանդամի համար սահմանվել է 35000 դրամ՝ 33000 դրամի փոխարեն, երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 32000 դրամ՝ 30000 դրամի փոխարեն։
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը սահմանվել է 32000 դրամ՝ 30000 դրամի փոխարեն։
Ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը ևս փոփոխվել են․ 28600 դրամի փոխարեն այս խմբի շահառուները սեպտեմբերի 1-ից կստանան 30500, իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձը՝ 39000 ՝ 37000 դրամի փոխարեն։









