ՀՀ և ԵՄ հարաբերությունները 30 տարվա համագործակցության ընթացքում անցել են տարբեր փուլերի միջով: Այսօր Հայաստանը և ԵՄ-ն համագործակցության շատ լայն շրջանակ են սահմանել, իսկ 2017 թվականին ստորագրված նոր շրջանակային փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի միջոցով կողմերը հնարավորություն ունեն համագործակցելու բոլոր ոլորտային ուղղություններով: Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը:
ԵՄ պատվիրակության ղեկավարը նաև իր տեսակետն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:
Դեսպան Անդրեա Վիկտորինի հետ «Արմենպրես»-ի հարցազրույցը տեղի է ունեցել 2022 թ. հուլիսի 18-ին:
- Տիկի՛ն Վիկտորին, շնորհակալ եմ Ձեզ հետ հարցազրույցի այս հրաշալի հնարավորության համար: Մենք բազմաթիվ հետաքրքիր հարցեր ունենք քննարկելու Հայաստան-Եվրամիություն օրակարգի վերաբերյալ: Թուլ տվեք սկսել այն հարցից, թե ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում և ինչպե՞ս են անցել Հայաստանում Ձեր դիվանագիտական առաքելության այս երեք տարիները՝ համեմատած այլ երկրներում աշխատանքի հետ:
- Ինչպես հավանաբար գիտեք՝ նախկինում նույնպես ես իրականացրել եմ դիվանագիտական առաքելություն Հայաստանում: Եղել եմ Հայաստանում Գերմանիայի դեսպանը 2007-2009 թթ.: Երբ վերադարձա 2019-ին՝ տեսա, որ շատ բան փոփոխված էր երկրի ընդհանուր մթնոլորտում և մարդկանց տրամադրության մեջ: Նաև բազում դրական քայլեր են եղել, որոնք մենք ձեռնարկել ենք միասին՝ Հայաստանի հետ համագործակցությամբ: Այնպես որ, այս ամենն ընդհանուր առմամբ շատ դրական էր, և ես գերազանց մեկնարկ ունեցա՝ բազմաթիվ այցելություններ մարզեր, ծանոթացա բազմաթիվ նախագծերի: Հետո բոլորս էլ հայտնվեցինք միևնույն դժվարին իրավիճակում: Նախ և առաջ, սկսվեց ՔՈՎԻԴ-19-ի համավարակը, որը հանգեցրեց «լոքդաունի»՝ կարանտինային իրավիճակի, մեկուսացման, հաղորդակցության սահմանափակումների՝ անմիջական շփման, ինչպես նաև համագործակցության վրա թողնելով իր հետևանքները: Հետո՝ պատերազմը 2020 թ. սեպտեմբերի 27-ին, հետպատերազմյան շրջանը, 2021 թ. ընտրությունները…
Այնպես որ, սա մշտապես հագեցած և ծանրաբեռնված մի ժամանակաշրջան էր: Բնականաբար, այս բարդ ժամանակաշրջանում հայ ժողովրդի ծանր ապրումներն ինձ ևս հուզել են: Բայց ես շարունակում եմ լավատես լինել: Սիրում եմ Հայաստանը, Հայաստանի բնությունը: Եվ ուրախ եմ, որ կարող ենք շարունակել մեր առաքելությունը ՔՈՎԻԴ-19-ի պատճառով սկսված այս երկար ընդմիջումից հետո: Միայն վերջին ամիսներին մի քանի անգամ եղել եմ Սյունիքում, էլ չեմ խոսում Հայաստանի մյուս մարզերի մասին: Այդպիսի այցերը միշտ մարդկանց հանդիպելու, նրանց անմիջական գնահատականները լսելու և նրանց կարիքների մասին տեղեկանալու լավ հնարավորություն են ընձեռում: Սա Հայաստանում իմ աշխատանքի կարևորագույն տարրերից է:
- Ի՞նչն է ամենաշատը Ձեզ դուր գալիս Հայաստանում և ըստ Ձեզ՝ ամենից շատ ինչի՞ մասին է Հայաստանը:
- Հայաստանը հնադարյան ավանդույթների և մշակույթի երկիր է: Հայաստանը քրիստոնեական երկիր է՝ բազում տպավորիչ մշակութային կոթողներով: Բայց ինձ համար ամենատպավորիչը հայ մարդն է, բնավորությունների բազմազանությունը և վառ ու գունեղ մշակույթի աշխարհը, ինչը ես շատ եմ գնահատում: Երեկ մասնակցում էի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի փակման արարողությանը: Այստեղ շատ իրադարձություններ են տեղի ունենում. ես էլ սիրում եմ նոր վայրեր բացահայտել, նոր մշակութային միջոցառումներ հայտնաբերել: Հենց դրանց միջոցով է ձևավորվում Հայաստանի դրական կերպարը: Ես դա շատ եմ գնահատում:
- Ինչպես գիտեք՝ 2022 թվականը շատ նշանավոր տարի է հայկական դիվանագիտության համար, քանի որ Հայաստանի Հանրապետությունը այս տարի տոնում է տասնյակ միջազգային գործընկերների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման տարեդարձերը: Այս շարքում Հայաստանը և Եվրոպական միությունը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: Ինչպե՞ս կգնահատեք Հայաստան-Եվրամիություն գործընկերության ներկա մակարդակը, որտե՞ղ ենք այժմ Հայաստանի և Եվրամիության համագործակցության զարգացման առումով:
- Փորձենք փոքրիկ պատմական ակնարկ անել: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև դիվանագիտական հարաբերությունները պաշտոնապես հաստատվել են 1992 թ. օգոստոսի 10-ին: Հարաբերություններն անցել են տարբեր փուլերի միջով: Սկզբնական շրջանում համագործակցել ենք TACIS-ի՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրներին Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում: Ես այստեղ էի, երբ բացվեց Եվրամիության պատվիրակությունը Երևանում: Դա տեղի ունեցավ 2008 թ. փետրվարին, երբ Հայաստան եկավ Եվրամիության արտաքին հարաբերությունների և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Ես հրավիրված էի որպես հյուր, քանի որ այդ ժամանակ Հայաստանում Գերմանիայի դեսպանն էի: Լիիրավ գործող ԵՄ պատվիրակության բացումը կարևոր առաջընթաց էր Եվրամիություն-Հայաստան հարաբերություններում, քանի որ մենք ծածկում ենք երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտները: 2009 թվականին ուժի մեջ մտավ Լիսաբոնի պայմանագիրը՝ հիմք հանդիսանալով Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ստեղծման համար, որն այժմ պատասխանատու է Եվրամիության արտաքին հարաբերությունների համար, ինչը կարևոր ուղենիշ է:
2017 թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)՝ նոր ուղի հարթելով Եվրամիության և Հայաստանի հարաբերություններում: Ինչո՞ւ: Մենք աշխատանքներ էինք տարել Ասոցացման համաձայնագրի վրա, որը հնարավոր չեղավ կյանքի կոչել 2013 թվականին. ՀԸԳՀ-ի շնորհիվ մենք այժմ ունենք երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտներն ընդգրկող շրջանակային համաձայնագիր: 2021 թ. մարտի 1-ին ուժի մեջ մտած այս փաստաթղթի միջոցով Հայաստանն ու Եվրամիությունը հնարավորություն ունեն համագործակցելու բոլոր ոլորտային ուղղություններով: Սա շատ կարևոր է, քանի որ ՀԸԳՀ-ն ոչ միայն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների իրավական հիմքն է, այլև, ինչպես Հայաստանի կառավարությունն է ձևակերպել՝ «Հայաստանի բարեփոխումների գործընթացի ուղեցույցն է»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։









