Նախօրեին բոլորս
ականատես եղանք, թե ինչպես ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը բողոքի նոտայով հանդես եկավ, որն
ուղղված էր ՀՀ ԱԳ նախարարությանը, «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած աղետալի դեպքերի
հետ կապված ռուսական կառույցների հասցեին հայաստանյան որոշ շրջանակների կողմից հնչեցված
մեղադրանքների կապակցությամբ։ «Մենք վրդովված
ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնցում հայհոյախառն
ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին։ Մենք սա դիտարկում ենք
որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների
հետևում։ ՀՀ իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները
ճնշելուն, ներառյալ՝ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,- նշված էր բողոքի նոտայում։
Գաղտնիք չէ, որ
Հայաստանում հակառուսական տրամադրություններ բորբոքող շրջանակներ կան, որոնք նաև մասամբ ներկայիս
իշխանության փայատերերն են, հայտնի է վաղուց։ Բոլորիս է հայտնի, որ այդ շրջանակները,
ժամանակ առ ժամանակ, ցանկացած քիչ թե շատ պատեհ առիթ օգտագործելով, փորձում են «պղտոր
ջրում ձուկ որսալ»։ Սակայն երբևէ ռուսական կողմը, որքան հայտնի է, նման կոշտ արձագանք
չէր հղել պաշտոնական Երևանին, սա եզակի դեպք է: Ռուսական շրջանակներն անգամ փաշինյանական
ոչ ռուսամետ քաղաքականությունը փորձել են առնվազն անտեսել
կամ հարցին անդրադառնալ փակ դռների հետևում, ավելի հաճախ փորձագիտական-վերլուծական
հանրույթի բերանով էր արձագանքել։ Սակայն հիմա, կարծես թե ինչ-որ բան է փոխվել
ռուսական կողմի մոտեցումներում` տեղի է ունեցել կեցվածքի կոշտացում, և Մոսկվան որոշել
է կոպիտ ու հասցեական կերպով Երևանին հասկացնել, որ առնվազն պետք է հակառուսական տրամադրություններ
բորբոքողների «ականջները ձգեն»։
Ըստ էության, նման փոփոխությունը
կապված է ընդհանուր աշխարհաքաղաքական լարվածության հետ։ Չի բացառվում, որ Մոսկվայի
և Երևանի միջև գոյություն ունեն այլ կնճռոտ հարցեր ևս, ինչն էլ ուղղակի առիթ է հանդիսացել,
որպեսզի ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը նման կերպ արտահայտվեր։
Այս ընդհանուր
համատեքստում հատկանշական ու հետաքրքրական է այն, որ դեռ շաբաթներ առաջ ռուսական մեդիատիրույթում
սկսվեց շրջանառվել այն դրույթը, ըստ որի՝ ՀՀ
իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի մակարդակով, ԱՄՆ-ի պատկան կառույցներին են ներկայացնում
հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ այնպիսի մանրամասներ, որոնք հարկ է մնային
կոնֆիդենցիալ։ Նախօրեին նմանօրինակ ու գրեթե նույնաբովանդակ թեզեր տիրաժավորվեցին նաև
տելեգրամյան ալիքներում։
Ամփոփելով շեշտենք, որ նման շրջանակներն
առանց Կրեմլի հետ «ճշտվելու» ոչինչ չեն անում, ավելին՝ ուղղակի կատարում են այնտեղից
եկած ցուցումները: Տրամաբանական է եզրակացնել, որ ինչ-որ տեղեկատվության արտահոսք է
եղել, որով պայմանավորված էլ Մոսկվան որոշել է, առայժմ դեռ ԱԳ նախարարության մակարդակով,
«սթափեցնող ապտակ» հասցնել Փաշինյանի իշխանությանը։ Ի դեպ, այս բողոքի նոտան կարելի
է համարել «նախազգուշական կրակոց» և չի բացառվում, որ եթե Փաշինյանն անհրաժեշտ հետևություններ
չանի, ապա «կրակոցները» կարող են ավելի «ցավոտ» լինել» և ունենան անդառնալի հետևանքներ:
Արմեն Հովասափյան









