Ես դեռ նախորդ տարի եմ ասել, որ քանի դեռ բազմազգ խաղաղապահ ուժեր չլինեն Արցախում, ոչ մի բան չի ստացվելու: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին ՌԴ դեսպանատան դիմաց Արցախից տեղահանվածների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը:
«Հիմա դուք տեսնում եք, որ իմ ասածները իրականություն է դառնում: Ռուսները այնտեղ իրենց շահն են հետապնդում, էլի թող հետապնդեն, բայց դա մեր շահերի հաշվին չլինի: Ուրեմն Ռուսաստանը չի ուզում մեզ վերադարձնել մեր հայրենիքը, որը պարտավորվել է: Ես չեմ մոռացել, որ Պուտինը հայտարարել է, որ այդ թղթի հեղինակը ես եմ: Եթե դու հեղինակել ես եւ երկու տարի քայլ չես ձեռնարկում փախստականներին վերադարձնելու համար, ուրեմն չես ուզում: Եթե չի ուզում, ուրեմն ինքը ոչ թե խաղաղապահ է, այլ ագրեսով, իսկ եթե ուզում է, բայց չի կարողանում, թող դիմի միջազգային հանրությանը: Եթե ՌԴ-ն ուժ չունի ադրբեջանական բանդաներին զսպելու, թող դիմի միջազգային հանրությանը: Իսկ եթե ունի ուժ ու չի զսպում, ուրեմն խաղաղապահ չի:
Հայրյանը համեմատեց Կոսովոյի եւ Արցախի հակամարտությունները նշելով, որ Կոսովոն անկախության հանրաքվեից անմիջապես հետո դիմել է միջազգային դատարան՝ իր անկախությունը ճանաչելու հարցով, իսկ մեր ղեկավարությունը, որ գտնվում է Ռուսաստանի գրպանում, անցկացրել է տեխնիկական հանրաքվե կիսալեգալ պայմաններում, սակայն չի դիմել միջազգային իրավական դատարան:
«Ձեզ ո՞վ է վստահեցրել, որ թուրքը ինչ-որ տեղ կանգնելու է: Թուրքը մի անգամ կանգնել է Երեւանի մատույցներում, կանգնել է, որովհետեւ հայը կանգնեցրել է: Ինչու պետք է թուրքը Ղարաբաղն ուտելուց հետո Սյունիքը չուտի, Գեղարքունիքը չուտի, Երեւանը չուտի, երբ դիմադրություն չկա հայի կողմից»,-ասաց նա:









