Foto

ՀՀ-ն «լքած» ներդրումները

Հետևելով տնտեսության հետ կապված զարգացումներին՝ նկատում ենք, որ պաշտոնական ցուցանիշները դեռ չհրապարակված, Նիկոլ Փաշինյանն ու Վահան Քերոբյանը հաճախ են հայտարարություններ անում տնտեսության տարբեր ոլորտում իշխանությունների արձանագրած «հաջողությունների» վերաբերյալ։ Ամեն ամիս աշխատատեղերի ու աշխատավարձերի իրենց հասանելի ցուցանիշներ են հրապարակում, առևտրի շրջանառությունից, հարկային եկամուտների գերակատարումներից ու տնտեսության աճերից են խոսում։ Ի դեպ՝ կան ոչ պակաս, գուցե ավելի կարևոր ցուցանիշներ, որոնց, սակայն, մոտ չեն գալիս։ Մասնավորապես, տևական ժամանակ է, ինչ հրապարակվել է ներդրումների վիճակագրությունը, բայց ո՛չ Փաշինյանի, ո՛չ էլ Քերոբյանի կողմից ոչ մի արձագանք չկա։

Ըստ էության, դա պայմանավորված է նրանով, որ վիճակագրությունը բոլորովին էլ իրենց օգտին չի խոսում։ Դրա համար կառավարության նիստերին հատուկ շոուներ չեն կազմակերպվում այդ թեմայով, հայտարարություններ չեն արվում։ Չնայած այնպես չէ, որ ներդրումները և հատկապես օտարերկրյա ներդրումները պակաս կարևոր են, քան այն թեմաները, որոնք պարբերաբար շրջանառում են իշխանությունները՝ հասարակության ականջը շոյելու համար։ Քանի որ իշխանությունները խուսանավում են դա անել, մի քանի դիտարկմամբ խոսենք այդ փաստի մասին (ներդրումների վերաբերյալ առկա ամենաթարմ տվյալները վերաբերում են տարվա առաջին երեք ամիսներին)։

Միանշանակ է, որ տնտեսությունում ներդրումները կարևոր են, որոնցից էլ հենց մեծապես կախված են տնտեսության ապագան, տեխնիկական վերազինումն ու արտադրողականության բարձրացումը։ Մեր տնտեսության արտադրողականությունը շատ ցածր է, ու այն բարձրացնելու միակ տարբերակը հնարավորինս շատ ներդրումներ ներգրավելն ու տեխնիկապես վերազինելն է։ Թե մինչև հիմա ինչքանո՞վ է դա հաջողվել անել Հայաստանին ներդրումային հրաշքներ խոստացող այս իշխանություններին, նախորդ տարիներին արդեն տեսել ենք։

Գաղտնիք չէ, որ այս տարին ևս չի փայլում իր ներդրումային առաջընթացով։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ տարեսկզբի առաջին երեք ամիսներին օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 26,9 մլրդ դրամ։ Ի դեպ, սրա վրա չկա դոլարի ու եվրոյի էժանացման ազդեցությունը։ Ընդհակառակը՝ փոխարժեքի շուկան այն ժամանակ մի բան էլ նպաստավոր էր, որպեսզի ներդրումների ցուցանիշները դրամով արտահայտված ավելի ճոխ երևային։ Բայց, ինչպես տեսնում ենք, ունենք շատ տխուր պատկեր։ Երեք ամսվա ընթացքում Հայաստանում իրականացված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են, կոպիտ հաշվարկով, հազիվ 54-55 մլն դոլար։ Նախորդ տարվա համեմատ բացարձակ փոփոխությունը գրեթե 50 մլրդ դրամ է կամ ավելի քան 100 մլն դոլար։

Ի դեպ՝ նվազել են նաև ուղղակի ներդրումները, եթե նախորդ տարի զուտ հոսքերը եղել էին 34,8 մլրդ դրամ, ապա այս տարի՝ 22,4 միլիարդ։ Այս դեպքում էլ բացասական փոփոխությունը 12,4 միլիարդ է կամ առնվազն 25 մլն դոլար։ Ինչպես ընդհանրապես, այնպես էլ ուղղակի ներդրումների կենտրոնացվածությունը շատ բարձր է։

Ինչպես հայտնի է՝ դրսից ՀՀ տնտեսության մեջ մտած կապիտալի հիմնական մասը ռուսական է. 26,9 մլրդ դրամ ընդհանուր ներդրումներից՝ գրեթե 19,8 միլիարդը, և 22,4 մլրդ դրամ ուղղակի ներդրումներից՝ 16 միլիարդը։ Նշենք, որ այս գումարը գնացել է հիմնականում 2 ոլորտ՝ հանքարդյունաբերություն և էներգետիկա։

Հավանաբար բոլորս ենք հիշում, թե ինչպես անցած տարի իշխանությունների ճնշումների ու անհայտ գործարքների արդյունքում ՀՀ ամենախոշոր հանքարդյունաբերական ձեռնարկությունը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», անցավ ռուսական ընկերության վերահսկողության տակ (հենց դա էլ բերել է ոլորտում ռուսական կապիտալի մուտքերի ավելացմանը)։ Փոխարենը՝ բազմաթիվ երկրներից ունենք ներդրումային հոսքերի կրճատումներ։ Բայց կարևորը ոչ այնքան երկրների աշխարհագրությունն է, թեև դա էլ ունի իր նշանակությունը, որքան ներդրումների իրական ծավալները։ Պաշտոնական հրապարակումները վկայում են, որ այս առումով վերջին տարիներին իշխանություններին այդպես էլ չհաջողվեց որևէ էական առաջընթաց արձանագրել։

Ասվածն էլ ավելի պատկերավոր ներկայացնելու նպատակով՝ բերենք նախորդ մի քանի տարիների տվյալները։ 2018թ. առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսության մեջ կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել էին 33,2 մլրդ դրամ։ Ուղղակի ներդրումների պարագայում ցուցանիշներն ավելի բարձր էին՝ 40,3 մլրդ դրամ։ Բացարձակ տարբերությունը նախորդ տարվա համեմատ մի դեպքում՝ կազմել էր շուրջ 26,8 միլիարդ, մյուս դեպքում՝ 20,6 մլրդ դրամ։ Ի դեպ՝ սա այն ժամանակահատվածն է, որ ՀՀ-ում իշխանությունը դեռ չէր փոխվել, բայց արդեն սկսվել էր պրոցեսը, և դա ևս հավանաբար իր ազդեցությունը թողել է այս ցուցանիշների վրա։ Դրանով հանդերձ, ունեինք ներդրումների դրական վիճակագրություն։

ՀՀ-ում իշխանության տապալումից և բռնազավթումից հետո,  երբ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը Հայաստանին ներդրումային սարեր էին խոստանում, առաջին եռամսյակում ունեցել ենք օտարերկրյա ներդրումների 56,5 մլրդ դրամի զուտ հոսքեր։ Ուղղակի ներդրումների զուտ հոսքերը նույն ժամանակ կազմել էին ընդամենը 9,5 մլրդ դրամ։ 2020թ. տարեսկզբին ներդրումների զուտ հոսքերը կրկին բացասական են եղել. ընդամենը ներդրումները -17,1 միլիարդ էին, ուղղակի ներդրումները՝ -11,3 միլիարդ։ Ընդ որում, այս ցուցանիշների վրա գրեթե չկար համավարակի ազդեցությունը։ Բայց անգամ այդ պայմաններում ունեցել ենք այսպիսի տխուր իրավիճակ։

Ամփոփելով փաստենք, որ սա այն ներդրումային իրավիճակն է, որին մեր տնտեսությունն առնչվել է այս իշխանությունների գործունեության տարիներին։ Այն, ինչ ունենք օտարերկրյա կապիտալի հոսքերի առումով, ոչ մի կերպ չի կարող գոհացուցիչ համարվել։ Թեև առանց այդ ցուցանիշների էլ տեսնում ենք, թե իշխանությունների հայտարարած միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրերն ինչքանով են իրականություն դառնում։ Հայաստանը միշտ էլ չի առանձնացել ներդրումային գրավչությամբ, բայց ղարաբաղյան պատերազմից ու անվտանգային խնդիրներից հետո, ներդրումային ռիսկայնությունն ավելի է մեծացել, ինչն էլ իր հետևանք է թողնում օտարերկրյա հնարավոր ներդրողների մտադրությունների վրա, քանի որ ոչ մի ներդրողի համար հաճելի չէ ռիսկի տակ դնել իր կապիտալը։

Արմեն Հովասափյան