Foto

Քաղաքականությունը հնարավորի արվեստ է․ այն պետք է վերցնել դավաճանների ու նրանց շրջապատող տգետների ձեռքից և վերադարձնել իրական քաղաքական գործիչներին․ Զաքարյան

Միասնականության, քաղաքական առողջ մտքի, հայրենասիրության և պրոֆեսիոնալիզմի համար անհնարին ոչինչ չկա: Մեզ միավորվել է պետք, այլապես ոչ մի շանս չենք ունենա դուրս գալ այս ողբալի վիճակից և վերածնվել, սոցցանցի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը։

«Հայտնի խոսք է` հայերի թիվ մեկ թշնամին հենց հայերն են: Մեր թշնամիները բազմաթիվ անգամներ ասել են. «Հայերի դեմ պետք չէ կռվել, նրանց պետք է մասնատել ու իրար հետ կռվացնել»:

Մեր բոլոր կորուստների ու համազգային դժբախտությունների պատճառը եղել է ներքին պառակտվածությունը: Այսօր արդեն պետք է վերջ դնել բոլոր տիպի տարաձայնություններին ու միավորվել ազգային ուժերի, ազգային շահերի շուրջ, որովհետև ժամանակակից աշխարհում միայն համազգային առաջնահերթություններով է հնարավոր գտնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը պահելու, Արցախի Հանրապետության անվտանգությունն ու երկարակեցությունն ապահովելու, ինչպես նաև հայության գոյաբանական և ինքնության հարցերի լուծումը:

Սա հայտնություն չէ, այլ պատմական տխուր ճշմարտություն:

Արցախն իր գոյությամբ կայունացնում էր մեր անվտանգությունը, հենց թուլացավ՝ ռիսկերն ի հայտ եկան: Այսօր էլ հետևողականորեն թուլացվում է Հայաստանի անվտանգությունը, ինչը սպառնալիք է բոլոր հայերի համար: Ոչ մի կապ չունի՝ Նիկոլից խաբված ընտրո՞ղ ես, թե՞ գաղափարական ընդդիմադիր: Միևնույն է, հավասարապես տուժելու ենք բոլորս: Զոհվելու, ունեցվածք ու կեցավայր են կորցնելու և՛ «նիկոլականները», և՛ անտարբերները, և՛ ընդդիմադիրները: Ցավոք, այդպիսի իրավիճակ են ստեղծել այսօրվա կապիտուլացված իշխանությունները: Այդ պատճառով են նրանք մեղադրվում դավաճանության ու Հայրենիքն անընդհատ վտանգի ենթարկելու մեջ:

Սառը ուղեղով և առողջ բանականությամբ ապրելու և գործելու ժամանակներ են աշխարհում: Չարդարացված էմոցիաները նույնքան վտանգավոր են, որքան միմյանց դեմ գործելու նեղ խմբային շահերը:

Անցյալի դեմ անիմաստ «պայքարողները» չեն հասկանում, որ այդկերպ խորացնում են ներազգային բարոյական ճգնաժամը և վտանգում են իրենց երեխաների ճակատագիրը: Ո՛չ անցյալի թերությունները պետք է արդարացնել, ոչ էլ ներկայի ողբերգությունը: Այսօր անհրաժեշտ է մտածել բացառապես ապագայի մասին: Մտածել ու գործել է պետք բացառապես միավորված` դուրս մղելով մեր մեջ եղած ատելությունը, պառակտումներն ու դրանց հեղինակներին:

Նիկոլիզմը և թավշյա խուլիգանությունը ծանր դաս եղավ մեր ժողովրդի համար, ինչը մինչև վերջ դեռ չենք յուրացրել:

Քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Այն պետք է վերցնել դավաճանների ու նրանց շրջապատող տգետների ձեռքից և վերադարձնել իրական քաղաքական գործիչներին: Եվ կտեսնենք, որ միասնականության, քաղաքական առողջ մտքի, իսկական հայրենասիրության և պրոֆեսիոնալիզմի համար անհնարին ոչինչ չկա:

Վաղը, մյուս օրը Հայաստանն ու Արցախը չեն ունենա այնպիսի` նույնիսկ ամենածանր խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է միասնականություն, ազգային համերաշխություն ինչպես նաև նվիրյալ, բանիմաց ու հեռատես ազգային իշխանություններ»,- գրել է Արտակ Զաքարյանը: