Foto

Անհայրենիքների հակաստվածային ռիտուալը

Աշխարհում ընդունված պրակտիկա է, որ երկրի ղեկավարների՝ արտասահմանյան երկրների իրենց գործընկերների հետ պաշտոնական հանդիպումներին հաջորդող նույնքան պաշտոնական հաղորդագրությունները, որպես կանոն, այնպես են կազմվում, որ հնարավորինս քիչ տեղեկություն հաղորդեն։ Որպես կանոն մենք սովորաբար ականատես ենք լինում ստանդարտ, ոչինչ չասող դարձվածքների, ընդհանուր մտքերի և միանման արտահայտությունների։ Սակայն տարօրինակ կերպով այս օրերին Ալեն Սիմոնյանի և ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակության հանդիպման հաղորդագրությունը զարմանալիորեն շեղվում է ընդունված պրակտիկայից։

Մի փոքր ուշադրություն «կողմերը կարևորել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը» սպասելի ու անդեմ արտահայտությանը հետևում է բավական կասկածելի հետևյալ նախադասությունը. «հանդիպմանը քննարկվել է նաև Գերմանիայի հարուստ խորհրդարանական ավանդույթի մաս կազմող հանրահայտ Christian Prayer Breakfast-ների կազմակերպումը, ինչպես նաև վերականգնվող էներգիային վերաբերող գործնական հարցեր»:

Անկասկած մեր երկրի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը վերականգնման կարիք ունեն, անվիճելի է, որ վերականգնվող էներգետիկան օդի ու ջրի նման անհրաժեշտ է Հայաստանին՝ նույնպես: Միանշանակ է նաև այն, որ Գերմանիայի հարուստ փորձը, նույնպես կարող է օգտակար լինել։ Ասվածի մեջ անհասկանալի է, թե Գերմանիայի խորհրդարանական ավանդույթի մաս կազմող, հանրահայտ Christian Prayer Breakfast-ն ինչ նպատակով է կազմակերպվելու, և, որ շատ ավելի կարևոր է, ինչպես է կազմակերպվելու։

Առաջին հերթին փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում՝ Christian Prayer Breakfast. այն բառացի թարգմանաբար նշանակում է «Քրիստոնեական աղոթքի նախաճաշ»-ը։ Համացանցում բաց տեղեկատվություն է տեղադրված, որից պարզվում է, որ Գերմանիան իր հերթին՝ ԱՄՆ-ի փորձից է օգտվել, ընդ որում՝ հենց իրենց դեմ ուղղված փորձից։

Ըստ այդմ՝ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ԱՄՆ կոնգրեսականները պետք է երկրի համար բացառիկ պատասխանատու որոշում ընդունեին՝ մասնակցել Գերմանիայի դեմ պատերազմին, թե՞ ոչ։ Անհրաժեշտ էր հաշվարկել հնարավոր բոլոր սցենարները, ինչպես նաև ռիսկերն ու դրանց հետևանքները։ Քանի որ պաշտոնական քննարկումները որոշակի արդյունք չին տալիս, որոշվում է միասնական, ոչ պաշտոնական «աղոթք-նախաճաշ» կազմակերպել՝ ճիշտ որոշում կայացնելու նպատակով։

Ըստ էության՝ «աղոթք-նախաճաշն» այնքան արդյունավետ է լինում, որ որոշվում է այն ավանդույթ դարձնել, որն առ այսօր շարունակվում է ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև Գերմանիայում և շատ այլ երկրներում։ ԱՄՆ-ում տարեկան մեկ անգամ, «նախաճաշային աղոթքի» այս կարևորագույն միջոցառմանը մասնակցում են երկրի նախագահը, փոխնախագահը, կառավարության անդամներ, պատգամավորներ, ինչպես նաև ճանաչված անձինք ԱՄՆ բոլոր 50 նահանգներից։ Հրավիրվում են նաև հյուրեր ավելի քան հարյուր երկրներից (ի դեպ՝ նաև Քրիստոնեական աղոթքի նախաճաշ անունով կայք կա)։

Միանշանակ հարց է առաջանում, թե, ո՞վ է կազմակերպելու հայկական «աղոթք-նախաճաշը», եթե կարկառուն պառլամենտականները փորձում են դրա պրակտիկան կիրառել մեր իրականության մեջ։ Ալեն Սիմոնյանն ու իր թիմակիցնե՞րը, որոնց շատ քայլեր, ինչպես հիմա ընդունված է ասել, աղերս չունեն Աստծո պատվիրանների հետ։ Մյուս հարցը, որն առաջ է գալիս միանգամից նման տեղեկատվությունը լսելի, թե ո՞ւմ հետ են նախաճաշելու և աղոթելու՝ խորհրդարանական ընդդիմությա՞ն, որի հետ մի տասը րոպե չեն կարողանում առանց փոխադարձ վիրավորանքների և անգամ հայհոյանքի խոսել։

Անկասկած դրական երևույթ է, որ ցանկություն կա այլ երկրների առաջավոր փորձը ներմուծել, սակայն, առաջին հերթին, միմյանց հարգելու, ուրիշի կարծիքն ունկնդրելու, քննադատությունը ոչ թշնամաբար ընդունելու և «վենդետաները» բացառելու փորձն էլ պետք է ներմուծել։

Արմեն Հովասափյան