Foto

ՀՀ նախագահն ու Շտեֆան Մալերիուսը կարևորել են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն միտված ջանքերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հյուրընկալել էր Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Շտեֆան Մալերիուսին:

Հանդիպմանը մասնակցել են «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի փոխտնօրեն Մաթիաս Հեսպեն և հիմնադրամի Երևանյան գրասենյակի ղեկավար Լիաննա Մարուքյանը:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Շտեֆան Մալերիուսին նշանակման կապակցությամբ և բեղմնավոր համագործակցություն մաղթել: Հիմնադրամի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել նախագահին ընդունելության համար և վստահեցրել են, որ ինչպես և նախկինում շարունակելու են սերտ համագործակցությունը հայաստանյան հասարակական սեկտորի և պետական մարմինների հետ:

Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ու անվտանգային միջավայրի կայունացմանը միտված ջանքերը և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել այս գործընթացներին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կոռուպցիայի կանխարգելման քաղաքականության, գիտակրթական և հասարակական տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունների և նախաձեռնությունների վերաբերյալ: