Վերջին մի քանի ամիսներին ՄԱԿ-ն ահազանգում է աշխարհին սպառնացող պարենի՝ հիմնականում հացահատիկի դեֆիցիտի մասին։ Ավելին, այս պահին հացահատիկային կուլտուրաների մշակումն ու սպառումն աշխարհում և Հայաստանում լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած։
Ինչպես հայտնի է՝ հացահատիկի
ցանքատարածություններով աշխարհում առաջատար երկրները հանդիսանում են՝ Հնդկաստանը–31,4
մլն հա, Ռուսաստանը–28,7 մլն հա, Չինաստանը–23,4 մլն հա, ԱՄՆ-ը–14,9 մլն հա, Ավստրալիան–13,0
մլն հա ցանքատարածություններով։ Վերջին տարիներին աշխարհում տեղի է ունեցել հացահատիկի
ցանքատարածքների փոփոխություններ՝ ավելացում և կրճատում: Հացահատիկի ցանքատարածքներն
ամենաշատն ավելացել են Ավստրալիայում (+2,8 մլն հա), Հնդկաստանում (+2,0 մլն հա) և
Ռուսաստանում (+1,4 մլն հա), իսկ հացահատիկի ցանքատարածությունների ամենամեծ կրճատումը
տեղի է ունեցել ԵՄ երկրներում (-1,5 մլն հա):
Հետևելով համաշխարհային
վիճակագրությանը՝ պարզ է դառնում, որ հացահատիկի բարձր բերքի ստացման առումով,
2020-21թթ. տվյալներով, համաշխարհային առաջատար երկրներն են եղել՝ Գերմանիա՝ 7,53 տ/հա,
Ֆրանսիա՝ 6,8 տ/հա, Եգիպտոս՝ 6,4 տ/հա, Չինաստան՝ 5,7 տ/հա։ 2020-21 թթ. հացահատիկի
արտաքին առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 196,31 մլն տոննա։ Ինչպես հայտնի է՝ ներկայումս
հացահատիկ արտահանող առաջատար հիմնական երկրներն են՝ Ռուսաստանը–39,5 մլն տ, ԵՄ-ն–
27,5 մլն, Կանադան–27,0 մլն տ, ԱՄՆ-ը–27,0 մլն տ, Ավստրալիա–19,5 մլն տ։ Համաշխարհային հացահատիկ
արտադրողների վարկանիշում Ուկրաինան զբաղեցրել է 8-րդ տեղը՝ միջինը 25,5 մլն տ հավաքած
բերքով:
Գաղտնիք բացահայտած չենք
լինի, եթե ընդգծենք, որ Ռուսաստանն Ուկրաինայի հետ միասին տալիս են հացահատիկի համաշխարհային
պահանջարկի 1/3-ը: Ըստ Վլադիմիր Պուտինի՝ այս տարի Ռուսաստանում սպասվում է հացահատիկի
բարձր բերք, և հնարավոր է՝ Ռուսաստանը արտահանի 50 միլիոն տ հացահատիկ: Հայտնի է, որ
Ուկրաինայի հացահատիկի մի մասը ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով այրվել է, իսկ
մյուս մասը կարող է արտահանվել իր նավահանգիստներից, սակայն ծովային ճանապարհն ականապատված
է և շատ վտանգավոր։
Չի բացառվում, որ աշխարհում
հացահատիկի արտադրության և արտահանման ներկայիս շարժը շուտով Ռուսաստանը դարձնի ԵՄ-ին
հացահատիկի վաճառքի գին թելադրող երկիր՝ ինչպես գազի պարագայում։
Այս ընդհանուր համակարգում
անհեռանկար ու բավականին բարդ է Հայաստանի վիճակը, մի երկիր, որտեղ տարվում է ակնհայտ
սխալ ագրարային քաղաքականություն, ավելին՝ իշխանությունները չեն մտածում երկրի պարենային
անվտանգության կարևորագույն հարցերի մասին։
Ինչպես հայտնի է՝ տարիներ
շարունակ Հայաստանը հացահատիկ է ներկրել հիմնականում Ռուսաստանից, որոշ մասը նաև Ուկրաինայից,
իսկ հացահատիկի պահանջարկի 25-30 %-ը՝ Արցախից: Մինչ 44-օրյա պատերազմն Արցախն ուներ
130.000 հա գյուղատնտեսական վարելահողեր, որի շուրջ 100,000 հա-ի վրա իրականացվում
էին աշնանացան և գարնանացան: Ազգադավ պատերազմից հետո թշնամուն է հանձնվել 95.000 հա
վարելահող, որից 70.000 հա-ի վրա իրականացվում էր ցանք:
Հավելենք նաև, որ վերը
նշված 70.000 հա-ից շուրջ 50.000 հա-ն օգտագործվում էր հացահատիկի տակ։ Պաշտոնական
տվյալներով՝ Արցախում միջինն արտադրվել է 150.000 տ հատիկաընդեղեն և
հացահատիկ: 2019թ. Հայաստանում արտադրվել է 199.000 տ հացահատիկ, սակայն 2018թ. համեմատ՝ 2019թ. այդ ցուցանիշը կրճատվել
է 41,2 տոկոսով: Ի դեպ՝ Հայաստանում տարեկան սպառվում է 500,000 տ հացահատիկ ( 25 տոկոս):
Այսօր արդեն վստահաբար
կարող ենք փաստել, որ Հայաստանում հացահատիկի արտադրությունը դրված է բախտի քմահաճույքին,
պետականորեն չի տարվում պարենային ապահովվածության լուրջ ռազմավարություն: Փոխարենը՝
լսում ենք փուչ, դատարկ պոպուլիստական խոսքեր, կոչեր։
Արմեն Հովասափյան









