Foto

Տարածաշրջանային համապատկերի փոփոխությունները

Գլոբալ ու տարածաշրջանային հարթություններում ռուս-իրանական հարաբերություններում նոր խորություններ են նկատվում: Ինչպես հայտնի է՝ ըստ մի շարք գնահատականների, ռուս-իրանական հարաբերությունները շրջադարձային փուլում են, և դա՝ Սիրիայում կառավարական ուժերին և նրանց աջակիցներին սատարելու վերջին տարիներին ՌԴ կայացրած ռազմական և քաղաքական որոշումների շնորհիվ: ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռայիսիի հունվարին ՌԴ կատարած այցից հետո առաջիկա օրերին սպասվում է ՌԴ նախագահի այցն Իրան:

Հայտնի է նաև, որ Իրանում սպասվում են Պուտինի բանակցությունները ոչ միայն Ռայիսիի, այլև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, որոնք հատկապես ուշագրավ են ուկրաինական պատերազմի ու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի հայտարարած գործողության մեկնարկի համատեքստում: Նշենք, որ ուկրաինական պատերազմի ֆոնին սա Պուտինի առաջին օտարերկրյա այցերից մեկն է:

Ի դեպ՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանն այս առիթով նշել է, որ Իրանը ծրագրում է Ռուսաստանին փոխանցել մի քանի հարյուր անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ զենք տեղափոխող ԱԹՍ-ներ: Նրա խոսքով՝ Իրանը նաև նախատեսում է ռուսական ուժերին սովորեցնել կիրառել այդ անօդաչու սարքերը։ Սալիվանը նաև ասել է, որ նման անօդաչու թռչող սարքերն ավելի վաղ Եմենի շարժման հուսիթ ապստամբների կողմից օգտագործվել են Սաուդյան Արաբիայի վրա հարձակվելու համար:

Հատկանշական է այն, որ, անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, ամերիկացի պաշտոնյան զգուշացրել է. Թեհրանը կբախվի Վաշինգտոնի ճնշմանը, եթե հրաժարվի վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Այնուամենայնիվ իրավիճակին հետևող փորձագետներն առաջարկում են ԱԹՍ-ների վերաբերյալ տեղեկատվության հաստատմանը սպասել՝ հասկանալու համար, թե իրականում ինչպես է դիրքավորվում Իրանը, ինչը կարևոր տեղեկատվություն է նաև Հարավային Կովկասի ու Հայաստանի համար:

Սովորաբար նման մակարդակում շրջանառության մեջ դրված տեղեկությունները, կարելի է ասել՝ արդեն իրողություն են։ Տեղեկատվությունը հաստատվելու դեպքում, ըստ էության, ականատես ենք լինելու ռուս-իրանական համագործակցության խորացման և Արևմուտքի հետ Ռուսաստանի ու Իրանի խնդիրների խորացման:

Այս ամենն իր հերթին վկայում է, որ ընդհանուր այս ֆոնին էապես կբարձրանա Արևմուտքի համար Թուրքիայի և Էրդողանի դերակատարությունը՝ Թուրքիայի համար հավելյալ հնարավորություններ ստեղծելով աշխարհում և տարածաշրջանում։ Հետևաբար՝ սա կարող է նաև ինչ-որ կերպ անդրադառնալ Ադրբեջանի վրա: Չի բացառվում, որ նոր մարտահրավերներ կստեղծվեն Վրաստանի համար, որը պետք է կարողանա դիմակայել ռուս-իրանական սերտ համագործակցությանը՝ Արևմուտքի հետ իր ունեցած փոքր, բայց էական խնդիրների հետ մեկտեղ:

Ըստ ամենայնի, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի համար նոր օրակարգեր չեն լինի, Արևմուտքը, իհարկե, ցանկանում է ՀՀ-ում ռուսական ազդեցության չեզոքացում, դա չի փոխվելու, սակայն տարածաշրջանային նոր վերադասավորումներից Հայաստանն է՛լ ավելի շատ կազդվի: Խոսքն Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նոր դիրքավորումների մասին է: Ռուսաստանի և Իրանի միջև քիչ չեն եղել խնդիրները, սակայն Մերձավոր Արևելքում շահերը եղել են ավելի շատ, քան Թուրքիայի հետ, իսկ Թուրքիան մերձավորարևելյան եռյակ՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա կազմ ներառվեց, որպեսզի նրան հնարավոր լինի ինչ-որ տեղ վերահսկել: Չմոռանանք, որ այս ամենին զուգահեռ Հարավային Կովկասում նման մի համագործակցության հարթակ է նաև «3+3» հարթակը:

Ընդհանուր այս համապատկերում Արևմուտքը միանշանակ փորձելու է Հարավային Կովկասում ինչ-որ մեկի վրա խաղադրույքներ անել՝ ամենայն հավանականությամբ Իրանի կամ Թուրքիայի: Սակայն ներկայումս կարծես Իրանը դուրս է գալիս, մնում է Թուրքիան: Ինչպես տեսնում ենք, այս փուլում միտումներն այսպիսին են, ուղղությունները դանդաղ, բայց ուրվագծվում են, նոր իրողություններ են ստեղծվում նաև հարավկովկասյան երկրների համար:

Արմեն Հովասափյան