Foto

Դրա հետևանքները լինելու են խորը ճգնաժամային․ Ղազարյանն՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու նախաձեռնության վերաբերյալ

ԱԺ խորհուրդը վաղն արտահերթ նիստ կգումարի՝ 33 ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար։  Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը զրուցել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հետ։

-          Պարո՛ն Ղազարյան,  ԱԺ խորհուդի նման նախաձեռնությունն ինչպե՞ս եք գնահատում։

-          Իրավական առումով ԱԺ խորհուրդը նման իրավասություն ունի, սակայն կարծում եմ, որ բովանդակային առումով իրենք նման իրավունք չունեն։ Դրա հետևանքները լինելու են խորը ճգնաժամային՝ թե՛ ԱԺ-ի և թե՛ երկրի համար։

-          Ի՞նչ կանխատեսումներ ունեք։

-          Եթե իրենք մտադիր են բոլոր պատգամավորներին մանդատներից զրկել, պետք է հաշվի առնեն այն հանգամանքը, որ տվյալ խմբակցության հաջորդ համարները նույնպես կարող են հրաժարվել իրենց մանդատներից՝ այդ որոշումը իրենց գործընկերների նկատմամբ անարդարացի համարելով։ Այս դեպքում երկրում կառաջանա սահմանադրական  ճգնաժամ։ ԿԸՀ-ն արդեն հայտնել է, որ խորհրդարանում մանդատների բաշխումը տեղի է ունենում մեկ անգամ։ Այսինքն՝ ընտրություններին մասնակցած այլ քաղաքական ուժեր չեն կարող մանդատներ ստանալ։ Նոր մանդատները կարող են ստանալ միայն արդեն խորհրդարանում հայտնված ուժերը։ Այս դեպքում, եթե խորհրդարանը մնա առանց ընդդիմության՝ խախտվելու է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը, որի պահանջն է, որ Ազգային ժողովի առնվազն 30 տոկոսը պետք է լինի ընդդիմությունը։ Այլ դեպքում ԱԺ կդադարի լեգիտիմ լինել։

-          Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս քայլով իշխանությունը տանում է նոր արտահերթ ընտրությունների։

-          Իրենք այս քայլով ակնհայտորեն հրահրում են սահմանադրական ճգնաժամ, որի իրավական լուծումները Սահմանադիրը չի նախատեսում, քանի որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ երբևէ մեր ԱԺ-ում կարող են հայտնվել այն կարգի թյուրիմացություններ, որոնք կարող են կայացնել այդ կարգի որոշումներ։

-          Սա արտաքին քաղաքական խնդիրների բերելո՞ւ է։

-      Եթե երկրում ստեղծվում է սահմանադրական ճգնաժամ, բնականաբար, դա բացասաբար է ազդում պաշտպանողականության և ընդհանուր անվտանգության համակարգի վրա, որի հետևանքները կարող են լինել ողբերգական և արտաքին ուժերը կարող են օգտվել այդ վիճակից։  2020թ պատերազմը դրա հետևանքն էր՝ Ադրբեջանը տեսավ, որ 2018թ հետո երկրում փաստացի տիրում է անիշխանություն, պետական մարմինները դադարեցրել են իրենց ֆունկցիոնալ գործունեությունը, խաթարվել է պետության ընդհանուր անվտանգային համակարգը և դրանից օգտվեցին։ Եթե նորից ստեղծվի նման իրավիճակ, ապա թշնամին պատրաստ է նորից նույն գործողություններին՝ անկախ նրանից, թե Կուրբան բայրամի առթիվ ինչ շնորհավորանքներ է ստացել Նիկոլ Փաշինյանից։

-          Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող բոլոր պայմանագրերը պետք է հավանության արժանանան Խորհրդարանի կողմից։ Կարո՞ղ ենք ստեղծվող ճգնաժամը պայմանավորել սրանով։

-          Մինչև Խորհրդարանի հավանությանն արժանանալը միջազգային պայմանագրերը պետք է քննության առարկա դառնան նաև ՍԴ-ում, որպիսի որոշվի դրանց համապատասխանութունը ՀՀ Սահմանադրությանը։ Պետք է նկատենք, որ Փաշինյանն, ի սկզբանե, ճգնաժամ է ստեղծել նաև ՍԴ-ում։ Այս պահին խիստ կասկածելի է նաև ՍԴ լեգիտիմությունը՝ դատավորների մեծ մասն ընտրվել են ոչ օրինական կարգով։

Հեղինակ: Աննա Ավետիսյան