2022 թվականի հունիս ամսին գրանցվել է երկնիշ՝ 10,3 տոկոս գնաճ։ Միայն
սննդամթերքը թանկացել է 17,1 տոկոսով։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը կառավարությանը
գնաճն հաղթահարելու հստակ մեխանիզմ է առաջարկում․ «ՀՀ կառավարության ուշացած և ոչ
հասցեական սոցիալական ծրագրերը չեն կարողանալու մեղմել մեր հասարակության
աղքատացման գործընթացը։
ԱՌԱՋԱՐԿ․ գործող իշխանությունները պետք է ամբողջությամբ
փոխեն սոցիալ-տնտեսական և դրամավարկային քաղաքականության համար պատասխանատու
պաշտոնյաներին։ Անհրաժեշտ է ձևավորել հակաճգնաժամային կառավարություն, որը կմշակի
և կյանքի կկոչի ոլորտային նոր քաղաքականություններ»։
Տնտեսագետը նկատում է. հարկավոր են հստակ մեխանիզմներ և լուծումներ, նոր և արդյունավետ ծրագրեր։ Նա չի բացառում արտաքին գործոնը, բայց հիշեցնում է, որ գնաճի պատճառ է նաև ներքին գործոնը։ Օրինակ՝ հունվար-հունիսի ամիսներին կոմունալ ծառայությունների 4,9 տոկոսանոց գնաճն ավտոմատ ավելացրել է Հայաստանում արտադրվող ապչանքների և մատուցվող ծառայությունների ինքնարժեքները։
«Հիշեցնեմ, որ 2022 թվականի հունվարի 1-ից 20 դրամով կամ
11 տոկոսով թանկացավ ջրի սակագինը, փետրվարի 1-ից միջինը 4,7 դրամով կամ 8 տոկոսով
թանկացավ էլեկտրաէենրգիայի սակագինը, իսկ արդեն ապրիլի 1-ից 4.7 դրամով կամ 4
տոկոսով բարձրացավ բնական գազի սակագինը»,- նկատեց Պարսյանը։
Աղքատության շեմի չբարձրացման համար էկոնոմիկայի նախարարությունն ասում է, որ հունվարի 1-ից նախատեսում են բարձրացնել թոշակները, նպաստները և մինիմալ աշխատավարձերը։ Իսկ քաղաքականությունը մեկն է՝ նոր աշխատաեղերի ստեղծում։
«Որպես տնտեսագիտական երևույթ խնդիրն առհասարակ գնաճը չէ։ Բանն այն է, որ մարդկանց
եկամուտները գնաճին համարժեք չեն աճում։ Նախորդ տարվա հունիսի համեմատ ունենք 10,3
տոկոս գնաճ, իսկ մարդկանց եկամուտները հունիսը հունիսի նկատմամբ չեն աճել։ Սա
տնում է հասարակության աղքատացման։ Այս տարվա ընթացքում մարդիկ ավելի են
աղքատանալու։ 2023թ հունվարից բարձացումները չեն կարող փոխհատուցել
այն բոլոր ֆինասական վճարները, որոնք այս տարվա ընթացքում մարդիկ ունենալու են։
Մարդիկ դեռ մինչև հունվար պետք է հասնեն։
Որպես ծրագիր կառավարությունն այս տարի ներդրեց նաև
քեշբեք համակարգը թոշակառուների և նպաստաուների համար, սակայն նրանք դրանից
օբյեկտիվ պատճառներով չեն կարողանալու օգտվել»,-ասում է Սուրեն Պարսյանը։
Տնտեսագետի կարծիքով՝ բոլորին պարզ է, որ
Հայաստանի կենտրոնական բանկը արդեն երկրորդ տարին է, որ ձախողում է իր
դրամավարկային քաղաքականությունը։ Այս տարվա համար ԿԲ-ն կանխատեսում էր 4
տոկոսանոց գնաճ, այն դեպքում, երբ փաստացի գնաճի տեմպը կրկանակի ավելին է։ Նույնիսկ
ԿԲ-ի կողմից խրախուսվող թանկ դրամի քաղաքականությունն ի վիճակի չէ լուծել
Հայաստանի գնաճի խնդիրը, բայց անհեռատես այդ քաղաքականությունը մեծ վնասներ է
հասցնում մեր տեղական արտադրողներին և արտահանողներին, ինչի պատճառով կարող են
փակվել հազարավոր աշխատատեղեր։









