Foto

Մեկ անձից հերթական գնումը կամ ինչո՞ւ «արա»-ն էլ ծափ չի տալիս

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 7-ի, նիստում որոշեց Մ-2, (Սյունիք) - Աղվանի – Տաթև միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման կարիքը համարել անհետաձգելի և թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝  ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքները իրականացնել 2 փուլով, 1-ին փուլի համար մեկ անձից գնաման եղանակով շինարարական աշխատանքները ձեռք բերել «ՎՄՎ Քամփանի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից, իսկ նշված աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունները ձեռք բերել «ՀԱԼԴԻ Քոնսալթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից:

Մրցույթ չեն հայտարարել, քանի որ հրատապ էր, բայց գնառաջարկներ ստանալու համար հարցումներ են արել մի շարք ընկերությունների՝ հաշվի առնելով մի շարք գործոններ։ Ընդհանուր առմամբ նախագծով նախատեսվում է վերաբաշխման միջոցով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերը նշված ճանապարհների կառուցման համար հատկացնել 2,431,096,087 ՀՀ դրամ, որից՝ 2,392,148,431 ՀՀ դրամը շինարարության իրականացման համար, 23,000,000 ՀՀ դրամը տեխնիկական հսկողության ծառայության իրականացման համար և 15,947,656 ՀՀ դրամը՝ հեղինակային հսկողության իրականացման համար։

Այս ճանապարհի կառուցման անհրաժեշտությունն առաջացավ 44 օրյա պատերազմից ամիսներ  անց, երբ թշնամին անցակետ տեղադրեց Գորիս- Կապան ճանապարհի վրա, իսկ ՀՀ իշխանության ղեկավարը տվյալ տարածքը կառավարության նիստում անվանեց Էյվազլի։ Այս ճանապարհահատվածի կառուցման համար մրցույթ կազմակերպելու համար գործադիրն ուներ շուրջ 1,5 տարի ժամանակ, սակայն հարցը հենց հիմա՞ դարձավ հրատապ։

Զուգահեռ իրականությունում Ադրբեջանը կառուցում է Բերձորը շրջանցող ճանապարհը և ամեն օր հայտարարում է, որ երբ ճանապահաշինական աշխատանքներն ավարտեն, վերցնելու են Բերձորն, Աղավնոն և Սոսը։ Սակայն ճանապարհի հայաստանյան հատվածի կառուցման համար նոր է մրցույթ հայտարարվել և կառավարությունում համբերատար սպասում են դրա ավարտին։ Բերձորի ու հարակից գյուղերի հանձնումով Արցախը փաստացի կտրվելու է Հայաստանից, բայց Հայաստանում հարցում են անում, մրցույթ են հայտարարում։ Հավանաբար հրատապություն չկա, որովհետև արցախցին Նիկոլ չի ընտրում։

Եթե Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման համար հացմամբ գնառաջարկ ներկայացնելու համար կարիք կար հաշվարկ իրականացնել, ապա ի՞նչն էր խանգարում մրցութ անցկացնել։ Իհարկե ժողոովրդավարությունը որպես բրենդ հռչակած և կոռուպցիան իսպառ «արմատախիլ» արած քաղաքական ուժը չի կարող անարդար լինել կամ կապ ունենեալ որևէ կոռուպցիոն գործարքի հետ։  Ուղղակի  ՀՀ «հպարտ քաղաքացին» մի տեսակ էլ «ծափ չի տալիս, արա՛»։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան