Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոնանկ արեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին:
Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնից հետ կանչելուն կողմ է քվեարկել 66 ՔՊ-ական պատգամավոր։
Իշխան Սաղաթելյանին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ ԱԺ որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Իշխան Սաղաթելյանը այս տարվա հունվարի 17-ից մինչև հունիսի 29-ը ներառյալ ունեցել է թվով 198 բացակա: ԱԺ խորհուրդը ձևավորման պահից գումարել է թվով 25 նիստ, սակայն Իշխան Սաղաթելյանը ներկա է եղել միայն 7-ին:
Որոշման մեջ նաև ասվում է՝ԱԺ նախագահն ու իր տեղակալները կոչված են ապահովելու ԱԺ բնականոն գործունեությունը, համերաշխություն ապահովելու ինչպես ԱԺ-ի, այնպես էլ հանրության շրջանում: Այնինչ Իշխան Սաղաթելյանը ոչ միայն չի կատարել համերաշխության ապահովմանն ուղղված իր առաքելությունը, այլ նաև հրահրել է բախումներ, օգտագործել ատելության խոսք, վիրավորել հանրությանբ տարբեր ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների: Մասնավորապես, հունիսի 3-ին Իշխան Սաղաթելյանի դրդմամբ երթի մասնակիցները փորձել են ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան:
Ինչ վերաբերում է Վահե Հակոբյանին, ապա ՔՊ-ի ներկայացրած հիմնավորման մեջ ասվում է, որ Վահե Հակոբյանը ԱԺ առաջին օրացուցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից չի մասնակցել 194-ին: ԱԺ խորհրդի 25 նիստերից բացակայել է 20 անգամ:
ԱԺ-ն 8-րդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որոնցից 83-ի համար գլխադասային է եղել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Այդ հանձնաժողովը գումարել է թվով 27 հերթական ու արտահերթ նիստեր: Հանձնաժողովի նախագահը նիստերի նախապատրաստման, կազմակերպման աշխատանքներին չի մասնակցել, չի նախագահել թվով 11 նիստ, այնուհետեւ այդ նիստերի օրակարգերը և արձանագրությունները նախագահի կողմից չեն ստորագրվել:









