Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է գումարել «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության նախաձեռնությամբ:
Օրակարգում Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու
և Վահե Հակոբյանի՝
որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու
վերաբերյալ ԱԺ որոշման նախագծերն են:
Սահմանադրագետ Վահե
Գրիգորյանը Vesti.am-ի հետ զրույցում ասաց,
որ ԱԺ կանոնակարգ օրենքը իշխող թիմին հնարավորություն
չի տալիս՝ փոխնախագահին կամ հանձնաժողովի նախագահին պաշտոնից ետ կանչելու՝ բացակայությունների
հիմքով։ «Այս իշխանությունից օրինականություն սպասելու կարիք չկա։ Մեկ անգամ չէ, որ
շրջանցել են օրենքն ու օրինականությունը։ Որոշման նախագիծ բերելու իրավասություն չուներին,
բայց արեցին։ Բացակայությունների հիմքով կարող էին միայն մանդատից զրկելու հարցը քննարկել»,-
նշեց սահմանադրագետը։
Գրիգորյանի խոսքով՝
Սաղաթելյանն ու Հակոբյանը կարող են այս մաոսվ
դիմել ՍԴ, օրենքը նրանց թույլ է տալիս, բայց որպես իրավաբան, դատելով ՍԴ-ում տիրող
իրավիճակից, նպատակահարմար չի գտնում։
Իշխան Սաղաթելյանին
վերաբերող ԱԺ որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Իշխան Սաղաթելյանը այս տարվա հունվարի
17-ից մինչև հունիսի 29-ը ներառյալ, այսինքն կիսամյակի նիստերի թվով 342 քվեարկություններից
ունեցել է թվով 198 բացակա: ԱԺ խորհուրդը ձեւավորման պահից գումարել է թվով 25 նիստ,
Իշխան Սաղաթելյանը ներկա է եղել միայն 7-ին: Այսպիսով նա չի կատարել իր անմիջական պարտականությունները:
ԱԺ նախագահն ու իր տեղակալները կոչված են ապահովելու ԱԺ բնականոն
գործունեությունը, համերաշխություն ապահովելու ինչպես ԱԺ-ի, այնպես էլ հանրության
շրջանում: Այնինչ պարոն Սաղաթելյանը ոչ միայն չի կատարել համերաշխության ապահովմանն
ուղղված իր առաքելությունը, այլ նաեւ հրահրել է բախումներ, օգտագործել ատելության
խոսք, վիրավորել հանրությանբ տարբեր ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների: Մասնավորապես,
հունիսի 3-ին Իշխան Սաղաթելյանի դրդմամբ երթի մասնակիցները փորձել են ճեղքել
Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվողն ոստիկանական շղթան: Հիմնավորման
մեջ ներկայացված են նաև «Դիմադրության»
շարժման բողոքի գործողությունների այլ դրվագներ ևս:
Ինչ վերաբերում է Վահե Հակոբյանին, ապա ՔՊ-ի ներկայացրած հիմնավորման
մեջ, մասնավորապես, ասվում է. «Վահե Հակոբյանը ԱԺ առաջին օրացուցային կիսամյակի ընդհանուր
342 քվեարկություններից չի մասնակցել 194-ին: ԱԺ խորհրդի 25 նիստերից բացակայել է
20 անգամ:
ԱԺ-ն 8-րդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որոնցից
83-ի համար գլխադասային է եղել տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Այդ
հանձնաժողովը գումարել է թվով 27 հերթական ու արտահերթ նիստեր: Հանձնաժողովի նախագահը
նիստերի նախապատրաստման, կազմակերպման աշխատանքներին չի մասնակցել, չի նախագահել
թվով 11 նիստ, այնուհետեւ այդ նիստերի օրակարգերը եւ արձանագրությունները նախագահի
կողմից չեն ստորագրվել: Հանձնաժողովի ընդունարանը պարբերաբար փակ է եղել, իսկ զանգերը մնացել են անպատասխան:
Սահմանադրագետից հետաքրքրվեցինք
ադյո՞ք պատգամավորներն իրավունք ունեն գործադուլ
հայտարարելու։ «Ոչ, նրանք կարող են հայտարարել, որ բոյկոտում են այս նիստին կամ քվեարկությանը մասնակցելը, բայց ԱԺ կանոնակարգ օրենքը պատգամավորին
գործադուլի հնարավորություն չի տալիս»,- նշեց Գրիգորյանը։ Սա նշանակում է, որ իշխող
խմբակցությունն ամեն ինչ անելու է, որ ընդդիմադիրներին զրկի մանդատից՝ առնվազն նրանց, ովքեր իրենց խանգարում են։









