Foto

Կուտը տալու սուրբ հրամայականը

Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, թե Վարդազարյանի հետ հանդիպման հենց սկզբից էլ հասկացել է, որ իրեն ձայնագրում են և, նրա նկատմամբ հարուցված քրեական գործերը կարճելու, նրա ԲԴԽ-ում որպես խորհրդի անդամ մնալու խոստումները, մեղմ ասած, կուտ է եղել, որ Վարդազարյանը մինչև վերջ բացվի, համոզվի և հրաժարական ներկայացնի։

Դեռ մի կողմ դնենք, որ իր վարույթում գտնվող գործի կողմ հանդիսացող քաղաքացու հետ դատավորը «ընկերական շրջապատում հանդիպում, հաց է կիսում», իր վրա պինկերտոնական պարտականություններ է վերցնում, որի իրավունքը չունի ոչ մի պարագայում: Միևնույն է այս իշխանության դեպքում դա մնալու է անպատիժ, որովհետև ինքը դա արել է իշխանության համար:

Բայց այս «ջհանգիրյանական արդարացումը» մեկ այլ մտորման առիթ է տալիս՝ իշխանության հասնելու, այդ իշխանությունը պահելու համար բոլոր մեթոդներն այլևս բացահայտորեն ընդունելի են հայտարարված: Եթե Ջհանգիրյանը այս մեկ բացահայտ դրվագում է դա իրագործում, ապա Նիկոլ Փաշինյանն ու իր ամբողջ թիմն այդպես են վարվում արդեն տարիներ շարունակ: Եվ կարևոր չէ, թե իրենց տված «կտերը» իրականությո՞ւն են, թե՞ հորինված: Ապացուցվե՞ց Սաշիկի 50-50-ը՝ կարևոր չէ, կարևորն այն է, որ «ժողջանը» հավերժական թիրախ ունի: Իշխանական ճամբարում ո՞վ է բողոքում Գագիկ Մելքոնյանի դեմ, որ զինվորն առանց մայկա-տրուսիկի և սոված էր մնացել՝ ոչ ոք: Փոխարենը մյուս նախկինները հայտարարված են բանակի թալանչիներ: Ո՞վ է հիշում, որ Նիկոլը հայտարարում էր արցախյան բանակցություններում իր զրոյական կետի մասին, բայց փոխարենը հասարակությանը կայուն չափաբաժնով կերակրում են մտացածին «բացահայտումներով», իբր Քոչարյանն ու Սարգսյանը Արցախն ու Մեղրին վաղուց են հանձնել և «ժողջանը» հիմա այդ թեզերն է որոճում:

Այսինքն, ինչպես հիմա Ջհանգիրյանը, այնպես էլ Նիկոլը, տարիներ շարունակ, մարդկանց կուտ են տալիս: Այս պահին պահում են իրենց իշխանությունը, կատարում ինչ-որ տեղից իրենց «վզին դրածը», իսկ հետո թող մտածի նա, ով իրենցից հետո կգա իշխանության: Իսկ ավելի լավ կլինի, որ Հայաստանում իրենցից հետո ոչ մի իշխանություն չլինի, որ իրենց պատասխանատվության կանչող էլ չլինի: 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան