Foto

Անհրաժեշտության դեպքում պատասխանատվություն կկրեմ․ Վահան Քերոբյան

Կորոնավիրուսի հետեւանքով մեկուսացված քաղաքացիների կացարանի եւ սննդի կազմակերպման վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ես անհրաժեշտության դեպքում օրենքով նախատեսված պատասխանատվություն կկրեմ։ Այս մասին հունիսի 23-ին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նա կոչ արեց սպասել համապատասխան կառույցների աշխատանքի արդյունքներին։ «Պայմանագրերը ստորագրվել են մինչ իմ նախարար դառնալը։ Որոշ ժամանակ անց այս գործառույթը փոխանցվել է առողջապահության նախարարությանը»,- հավելեց նախարարը։ Քերոբյանը վստահեցրեց, որ մեղավորները կպատժվեն։

Հիշեցնենք, որ, ըստ իրավապահ մարմինների, էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաները պետությանը պատճառել են ավելի քան 20 միլիոն դրամի (մոտ 50 000 դոլար - խմբ.) չափով ծանր վնասներ՝ կորոնավիրուսի պատճառով մեկուսացված քաղաքացիների կացարանն ու սնունդը կազմակերպելու միջոցառումների շրջանակում։ Հարուցվել է քրեական գործ։