Foto

ՄԽ ձևաչափի վերականգնման նախադրյալները

Ինչպես հայտնի է՝ օրերս ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը Երևանում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման: Դոնֆրիդն ասել է, որ ԱՄՆ-ը աջակցում է Մինսկի խմբի համանախագահության գործընթացին: Նա նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է՝ հատկապես ԼՂ հարցում, ինչպես նաև կարևոր է ձևաչափերի պահպանումը:

Ըստ էության, ամերիկացի դիվանագետը նաև հստակեցրել է, որ պատրաստ են այդ ձևաչափում համագործակցել նաև Ռուսաստանի հետ: Ըստ նրա՝ ՌԴ-ն Մինսկի խմբի համանախագահ է, ուստի Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը։ Ինչ վերաբերում է Ալիևի «շնորհակալություն, հաջողություն» ԵԱՀԿ ՄԽ դիրքորոշմանը, ապա Դոնֆրիդն ասել է նաև, որ Ադրբեջանը չի աջակցում համանախագահության գործընթացին, սակայն ԱՄՆ-ն աջակցում և մասնակցում է այդ գործընթացին, և կշարունակի մասնակցել։ Դոնֆրիդն ընդգծել է, որ այս հարցով քննարկումներ եղել են նաև իր՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում: Ավելին, դիվանագետն ասել է, որ ԱՄՆ-ը չի դադարեցրել համանախագահության գործընթացը։

Այս ամենից կարող ենք եզրակացնել՝ ակնհայտ է և տրամաբանական, որ ամերիկացի պաշտոնյան չէր կարող այդ մակարդակի անհիմն հայտարարություններ անել, եթե չլիներ պետական հստակ դիրքորոշում: Միանշանակ է այն հանգամանքը, որ ԼՂ շուրջ ընթանում է մի գործընթաց, որն այսօր ակտիվ փուլում չէ, սակայն, հաշվի առնելով հնչած դիրքորոշումը, պարզ է դառնում, որ այն շարունակում է վայելել թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Ռուսաստանի հետաքրքրությունը, որովհետև, չմոռանանք, որ տարբեր առիթներով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին անդրադառնում են թե՛ ռուս, թե՛ ամերիկացի դիվանագետները:

Ի դեպ՝ Արցախի հարցով և ընդհանուր հակամարտությամբ զբաղվող բոլոր լուրջ գործիչները, մասնագետները նշում են, որ ԵՄ-ն կամ ԵԽ-ն չեն կարող կարգավորել ԼՂ հակամարտությունը, այդ գործով այսպես թե այնպես, պետք է զբաղվի մանդատ ունեցող կառույցը, տվյալ դեպքում Մինսկի խումբը: Ավելին, աշխարհաքաղաքական տրամաբանությունը հուշում է, որ ԵԽ-ն իր միջնորդությունն ինչ-որ փուլում թողնելու է:

Համադրելով տարբեր իրավիճակներ և բախվող շահերի ամբողջական փազլը՝ պարզ է դառնում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, դեռևս անհասկանալի ձևաչափով ու կոնֆիգուրացիայով իր քայլերը կիրականացնի ուկրաինական պատերազմում հաղթող-պարտվող դիլեմայի հստակեցումից հետո: Բայց ԵԱՀԿ ՄԽ վերականգնման մասին խոսակցությունը նույնիսկ այսօր, երբ կողմերից մեկն արդեն հրաժեշտ է տվել այդ մանդատ ունեցող միավորին, նշանակում է, որ այդ ռեգիոնում խնդիրների կարգավորման նախկին մոդելները կարող են տեղ ունենալ:

Տվյալ փուլում կարևոր է նաև նշել, որ ՌԴ-ն պատերազմը սկսելուց հետո հայտարարեց, թե ԵԱՀԿ ՄԽ արևմտյան կողմերը հրաժարվում են աշխատել իր հետ, ինչին հաջորդեց ՀՀ դիմումը Մինսկի խմբին։ Ի դեպ՝ այդ շրջանում Արևմուտքը լուռ էր, իսկ հիմա ակտիվորեն խոսվում է ԵԱՀԿ ՄԽ-ի մասին. սա ևս կարող է աշխարհաքաղաքական շատ ավելի խորը զարգացումների նշան լինել: Այնուամենայնիվ, Մինսկի խմբի մասին խոսակցությունը հակամարտության գոտու համար դրական է, քան դրա մերժումը Ռուսաստանի կամ Արևմուտքի կողմից։

Արմեն Հովասափյան