Foto

Կառավարությունը «կրակում է» ԿԲ ուղղությամբ

Վերջերս հայտնի դարձավ, որ Կենտրոնական բանկի ու կառավարության միջև նոր հակամարտություն է սկսվել։ Ըստ էության, հակասություններն այնքան են սրվել, որ այլևս դուրս են եկել ջրի երես, ավելին, հնչում են փոխադարձ մեղադրանքներ։ Կառավարությունում համաձայն չեն իրականացվող ֆինանսական քաղաքականության հետ, կարծում են, որ ԿԲ-ն խոչընդոտում է տնտեսական գործունեությանը, խնդիրներ է ստեղծում տնտեսվարողների համար։

Ի դեպ նշենք, որ ԿԲ-ն համաձայն չէ այդ մեղադրանքների հետ։ Ավելին, համարում է, որ իրենց առաջնային խնդիրը գների կայունությունն է, ինչին ուղղված է իրականացվող ֆինանսական քաղաքականությունը։ Իսկ եթե դրանից տուժում է տնտեսությունը կամ առանձին տնտեսվարողներ, ապա կառավարությունը պարտավոր է բարի լինել և այլ օժանդակության միջոցներ կիրառել։ Կառավարությունն իր հերթին չի ուզում գնալ այդ ճանապարհով ու սլաքներն ուղղում է ԿԲ դեմ։

Խնդիրն այն աստիճան է խորացել, որ օրինակ Վահան Քերոբյանը բացահայտ մեղադրանք է հնչեցնում Կենտրոնական բանկի հասցեին (բոլորին հասկանալի է, որ նա ինքնագլուխ նման բան չէր անի. Քերոբյանի բերանով խոսում է կառավարությունը)։

Այս ողջ պատմությունը սկսվեց դրամի արժևորումից, ինչը խնդիրներ է ստեղծել տնտեսության արտահանելի հատվածի համար, հատկապես նրանց համար, ովքեր արտաքին շուկաներում աշխատում են դոլարով։ Դոլարի արժեզրկման հետևանքով նվազել են նրանց եկամուտները, որոնք ստանում էին դոլարով։ Դրան զուգահեռ, որպեսզի արտահանողները չտուժեն, Քերոբյանը ցանկանում է, որ ԿԲ-ն արժեզրկի դրամը և արհեստականորեն բարձրացնի դոլարի գինը։ Իսկ գնաճը զսպելու համար թող այլ գործիքներ կիրառի։

Ըստ էության, մինչ նախարար Քերոբյանն ուզում է արժեզրկել դրամը, Կենտրոնական բանկը դեմ է դոլարի արհեստական թանկացմանը։ Ինչպես հայտնի է՝ Հայաստանում փոխարժեքները լողացող են, և դրանք ձևավորվում են շուկայում առաջարկ-պահանջարկի հիման վրա։ ԿԲ-ում համարում են, որ տարադրամի այսօրվա փոխարժեքները ձևավորվել են այդ սկզբունքի հիման վրա։ Ավելացել է տարադրամի զանգվածը, ինչն էլ բերել է դոլարի էժանացման ու դրամի ամրապնդման։ Դա բնավ չի նշանակում, թե պետք է արհեստականորեն արժեզրկել դրամը և թանկացնել դոլարը, որպեսզի որոշ տնտեսվարողներ վնասներ չկրեն։ Հակառակ պարագայում՝ բոլորն են տուժելու գների բարձրացման հետևանքով։ ԿԲ-ի տեսակետն այն է, որ դրամի թուլացումը կավելացնի գնաճային ճնշումը։ Առանց այդ էլ գնաճը բարձր է ու առաջիկայում շարունակելու է բարձրանալ, ուստի նպատակահարմար չի համարվում արհեստականորեն արժեզրկել դրամը։ Կենտրոնական բանկը, իհարկե, դա կարող է անել, բայց առայժմ դիմադրում է, սակայն դժվար է ասել, թե ինչքան կդիմանա կառավարության ճնշմանը։

Ընդգծենք, որ չնայած այն փաստին, որ կառավարությունը խոսում է տնտեսվարողների լայն դժգոհությունների մասին, ԿԲ-ում դա չափազանցություն են համարում։ Նրանք նշում են, որ դրամի հետ կապված իրավիճակը խնդիրներ է ստեղծում միայն առանձին վերցրած արտահանման ոլորտներում։

Ի դեպ՝ տնտեսվարողները տուժում են ոչ այնքան դրամի ուժեղացումից, որքան բեռնափոխադրումների ոլորտում առկա խնդիրներից, որոնք պարտավոր է լուծել կառավարությունը, բայց չի կարողանում, փոխարենը՝ փորձում է մեղավորներ փնտրել ԿԲ-ում։ Նման իրավիճակներում կառավարության խնդիրն է՝ լուծումներ գտնել այն ոլորտների համար, որոնք տուժում են դրամի ամրապնդումից։ Դա կարող է լինել տարբեր միջոցներով՝ սկսած սուբսիդավորումից, վերջացրած հարկային բեռի ժամանակավոր թուլացումներով։

Հավելենք նաև, որ կառավարության ու ԿԲ-ի ջրերը մեկ առվով չեն գնում նաև տնտեսական աճի գնահատականների հետ կապված։ Մինչև վերջերս ԿԲ-ն տնտեսական աճի սպասում սահմանել էր 1,6 տոկոսը, օրերս բարձրացրեց 4,9 տոկոսի, բայց նույնիսկ դա չի գոհացնում կառավարությանը։ Իր խոսքում օրերս Քերոբյանը նշել է. «Ես համաձայն չեմ Կենտրոնական բանկի կանխատեսումների հետ, մասնավորապես՝ ՀՆԱ աճի վերջին կանխատեսման հետ, ըստ որի, տնտեսական աճն այս տարի լինելու է 4,9 տոկոս։ Տնտեսական տարվա սկիզբը շատ առույգ էր։ Բնականաբար, վերջին իրադարձություններն իրենց դրական, թեև նաև մեծ բացասական ազդեցությունն են ունեցել մեր տնտեսական գործունեության մեջ։ Այնպես որ, այստեղ ասել, որ տնտեսությունը վերականգնվել է ԿԲ նշած պատճառներով, սխալ է։ Տնտեսությունը վատ չի եղել, և մենք բնավ համաձայն չէինք ԿԲ նախորդ կանխատեսման հետ»։

Հավելենք, որ որպես կանոն Քերոբյանը միշտ աչքի է ընկնում անհասկանալի և մառազմ մեկնաբանություններով, որոնք հետագայում վերախմբագրվում ու սրբագրվում են կառավարության տարբեր ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքական թիմի կողմից, այնպես, որ նմանօրինակ «բլթոցները» նրանից հեռու չեն և դրանց պետք է վերաբերվել մեղմ ժպիտով։

Արմեն Հովասափյան