Foto

Անհամարժեք պետության օրակարգը

Խորհրդարանական ընդդիմությունն իր վերջին հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է ազատել Ֆրանսիայի հրապարակը, և հայտարարեց շարժման նոր փուլի մասին։ Շարժման կողմից բողոքի գործողությունների դադարեցումն անասելի բերկրանք է պարգևել իշխանություններին ու նրանց սպասարկող քվազիընդդիմադիրներին, որոնք տոնում են իրենց «հաղթանակը»։ Իրականում, սակայն, եթե դա անգամ հաղթանակ է, ապա Հայաստանի պարտությանը հավասարազոր հաղթանակ է, որովհետև, անկախ այդ շարժման հարթակում կանգնածների նկատմամբ վերաբերմունքից, այն իր առջև դրել էր ու թերևս դեռ շարունակում է հետապնդել նպատակներ, որոնց իրականացումը ամրապնդելու է պետականությունը կամ առնվազն թույլ չի տալու դրա է՛լ ավելի կազմաքանդումը։

Ըստ էության, ստացվում է՝ շարժման այդ նպատակների չիրականացումը նշանակում է պետության ու պետականության է՛լ ավելի թուլացման վտանգի բազմապատկում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ինչպես հայտնի է՝ բողոքի գործողությունների մեկնարկի առիթ դարձան Արցախյան հարցում նշաձողն իջեցնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ապրիլյան հայտարարությունները։ Անցած ամիսներին, ընդհուպ նախօրեին տված  հարցազրույցում, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն զբաղված էր այդ նշաձողն իջեցնելով։

Պետք է փաստենք, որ Ֆրանսիայի հրապարակի առկայությունը, վստահաբար, նրա համար որոշակի զսպող նշանակություն ուներ, հակառակ դեպքում՝ նա գուցե արդեն իսկ ուղիղ տեքստով հայտարարած լիներ, որ «Արցախն Ադրբեջան է, և վերջ»։

Վստահաբար կարող ենք նշել, որ բոլոր նրանք, ովքեր անցած ամիսներին ծաղրում ու հեգնում էին բողոքի գործողությունները, դրանց մասնակիցներին, ակամայից, իսկ ավելի հաճախ՝ գիտակցաբար նպաստում էին Նիկոլի հակաարցախյան ու հակահայաստանյան քաղաքականության իրականացմանը։ Բողոքի ակցիաների դադարի առիթով ոգևորվածները, սակայն, չեն ուզում կամ չեն ցանկանում ընդունել, որ դադարել են միայն բողոքի արտաքին դրսևորումները, մինչդեռ մարդկանց հրապարակ բերած պատճառները, դժգոհության, անհամաձայնության խորքային առիթները չեն դադարել։

Դրանից բացի, եթե հրապարակային ակցիաներն ինչ-որ իմաստով օգնում էին պարպել հասարակության մեջ արդարացիորեն առկա բացասական էներգիան, ապա դրանց բացակայության դեպքում այդ նեգատիվը կուտակվելու է ու ցանկացած պահի կարող է ստանալ ամենաանկանխատեսելի դրսևորումներ։

Ընդհանրացնելով՝ կարող ենք ընդգծել, որ այս շրջանում Հայաստանում առկա խորը քաղաքական, ոչ միայն քաղաքական, այլ նաև բարոյահոգեբանական, արժեբանական, ընդհուպ ինքնության ճգնաժամը չի վերացել, որովհետև այդ ճգնաժամը կապ չունի անվանական կամ ոչ անվանական ընդդիմության գործողությունների հետ։ Ճգնաժամը շարունակվելու է և եթե՝ կա՛մ նույն ընդդիմությունը, կա՛մ գուցե հրապարակ եկող նոր ուժերը չգտնեն այդ ճգնաժամի հանգուցալուծման քաղաքական ուղիներ, այն կարող է ստանալ այնպիսի վտանգավոր արտահայտություններ, որոնց համեմատ հանրային հուսահատությունն ու արտագաղթը կարող են չարյաց փոքրագույնը համարվել։

Գաղտնիք չէ, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն անկասելիորեն գլորվում է դեպի անդունդ, պետության և պետականության կորստի վտանգը դարձել է առարկայական առավել, քան երբևէ։ Այս պայմաններում իշխանությունը ոչ միայն անկումը չի կասեցնում, այլև ինքն է անկման պատճառն ու հրահրողը։ Եթե փորձենք մինիմալիստական ու ամենամեղմ ձևակերպումները տալ, ապա ՀՀ իշխանությունը համարժեք չէ պետության առջև ծառացած ընդհուպ գոյաբանական խնդիրներին։ Հայաստանը՝ որպես պետություն, ամեն օրվա հետ դառնում է նույնքան անհամարժեք, ինչը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

Արմեն Հովասափյան