«Եթե Հայաստանը կարգավիճակ է պահանջելու
Լեռնային Ղարաբաղի հայերի համար, ինչու՞ չպետք է արևմտյան Զանգեզուրում
ադրբեջանցիների համար կարգավիճակ պահանջենք։ Այս տարածքն ամբողջությամբ
ադրբեջանցիներով էր բնակեցված»,- ասել է Ալիևը Բաքվի IX գլոբալ ֆորումի
բացման ժամանակ, գրում է Minval-ը։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Vesti.am-ի հետ զրույցում,
մեկնաբանելով թշնամի երկրի ղեկավարի միտքը, ասաց․ «Ալիևը պատերազմի ավարտից հետո
անընդհատ օգտագործում է Հայաստանի նկատմամբ տարծքային պահանջները, որպեսզի
չեզոքացնի Լեռնային ղարաբաղի հարցում Հայաստանի կողմից պահանջները։ Սա նորություն
չէ»։
Դիտարկմանը թե արդյո՞ք Հայաստանի ղեկավարի իջեցրած նշաձողի
պայմաններում Ալիևը բարձարացնում է իրենց նշաձողը՝ Գրիգորյանը չհամաձայնեց․ «Սա լավ ցույց է
տալիս, որ Հայաստանի կողմից վարվող այս քաղաքականությունը որևէ էական արդյունք չի
տվել։ Ադրբեջանն ավելի կառուցողական չի դարձել և պատրաստ չէ նույնիսկ այդ իջեցված
նշաձողի տրամաբանությամբ ինչ-որ բան քննարկել։ Ադրբեջանը մաքսիմալիստական
նպատակներ ունի և ցանկանում է, որ Հայաստանն ընդունի այդ նպատակները կամ
պահանջները։ Պարզ է նաև, որ Ադրբեջանը շարունակելու է խոսել սպառնալիքի լեզվով,
որպեսզի փորձի հասնել այդ նպատակներին»,- եզրափակեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։









