Foto

Սոցիալական մենյուի առանձնահատկությունները

Այսօր պետք է ցավով արձանագրել, որ իրականությունն այնպիսին է, որ 8-9 տոկոս գնաճն իշխանություններն արդեն ֆանտաստիկ լավ արդյունք են համարում։ Հանճար լինել պետք չի, որպեսզի հասկանաս, որ 30 տոկոս աղքատություն ունեցող երկրի համար սա չափազանց մեծ ճոխություն է։ Եթե մինչև 8-9 տոկոսանոց գնաճի պատճառով բնակչության կեսի եկամուտները ցածր էին աղքատության վերին գծից, դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի իրավիճակ ունենք նման բարձր գնաճից հետո։

Դաժան, ինչ-որ տեղ նաև զավեշտալի է, բայց էս խելոքները փորձում են համեմատվել ԱՄՆ հետ։ Օրերս կառավարության նիստում Քերոբյան Վահանն ասել է. «Վերջերս հրապարակեցին, որ ԱՄՆ-ում գնաճը եղել է 8 տոկոսից ավելի, որն աննախադեպ է, մոտ 50-60 տարի նման գնաճ չի եղել, նույնն էլ՝ Եվրոպայում: Այստեղ մենք խոսում ենք ոչ թե զուտ հայկական, այլ գլոբալ ֆենոմենի մասին, և այդ ներկապնակում կամ լանդշաֆտում ունենալ 8,5 տոկոս գնաճ, երբ ԱՄՆ-ում է 8,5 տոկոս, ֆանտաստիկ լավ արդյունք է»։

Ամերիկայում մարդկանց գնողունակությունը, նույնիսկ 8 կամ 8,5 տոկոս գնաճի պայմաններում, մի քանի անգամ ավելի բարձր է, քան Հայաստանում։ Ամերիկայում բնակչության կեսն աղքատ չէ, ինչպես Հայաստանում։ Ամերիկայում մարդկանց եկամուտներն ավելի արագ են աճում, քան գնաճը։

Փորձենք հասկանալ, թե ի՞նչ ունենք Հայաստանում։ Ճիշտ է վերջին շրջանում վիճակագրությունը միջին աշխատավարձի աճեր է արձանագրում, նույնիսկ ավելի շատ, քան գնաճն է, բայց դա, ըստ էության, վերաբերում է բնակչության շատ չնչին տոկոսին։ Ինչպես հայտնի է՝ ՀՀ-ում ունենք 500 հազարից ավելի թոշակառու ու 80 հազարից ավելի նպաստառու, որոնց թոշակներն ու նպաստները վերջին անգամ բարձրացել են 2020թ.։ Դրան հաջորդող տարում գնաճը Հայաստանում կազմեց 7,7 տոկոս։ Այս տարվա մայիսին էլ հասել է 9 տոկոսի՝ անցած տարվա գնաճի վրա, ու այդ ընթացքում շուրջ 600 հազար մարդու եկամուտ որևէ փոփոխություն չի կրել։ Դրան գումարած այն քաղաքացիների թիվը, ովքեր ընդհանրապես չեն աշխատում կամ ուղղակի գործազուրկ են։ Ամենաթարմ տվյալներով, մեր երկրում աշխատունակ բնակչության 15-16 տոկոսը կամ շուրջ 180 հազար մարդ գործազուրկ է, չի աշխատում ու եկամուտ չի ստանում։ Չմոռանանք, որ բավական մեծ թիվ են կազմում այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը 75-80 դրամ է և վերջին երկու տարիների բարձր գնաճի պայմաններում որևէ փոփոխություն չի կրել։

Ահա նման սոցիալական ողբերգալի պատկերի պարագայում, օրվա իշխանությունները փորձում են համեմատվել ԱՄՆ-ի հետ։ Իրականում գնաճը սարսափելի չէ, երբ գոնե դրան համարժեք ավելանում են մարդկանց եկամուտները՝ այն, ինչից զրկված է մեր հասարակության մեծ մասը։ Կան մարդիկ, որոնց եկամուտները, անշուշտ, ավելացել են, նույնիսկ ավելի շատ, քան գնաճն է, բայց այդ մարդկանց քանակը Հայաստանում շատ քիչ է։ Ավելին, նրանք մեծ տոկոս չեն կազմում հասարակության մեջ։ Փաստ է այն, որ հասարակության հիմնական մասի դեպքում եկամուտները չեն հասցնում գնաճի հետևից։ Սա է ամենամեծ խնդիրը, որին այսպիսի բարձր գնաճի պայմաններում բախվում են շատերը։

Գաղտնիք չէ, որ առավել շատ են թանկացել լայն սպառում ունեցող առաջին անհրաժեշտության ապրանքները, կոնկրետ՝ սննդամթերքը։ Սննդամթերքի գնաճը պաշտոնապես մեկ տարում հասել է 14,5 տոկոսի, այլ կերպ ասած՝ այն 5,5 տոկոսային կետով բարձր է միջին գնաճից։ Ու երբ գնաճի մասին դատողություններ են արվում, առաջին հերթին պետք է հաշվի առնել դրա ազդեցությունը սննդամթերքի շուկայի վրա։ Թեև նույնիսկ դա բավարար չէ լիարժեք պատկերացնելու թանկացումների իրական հետևանքները։ Սննդամթերքի շուկան ևս բազմաշերտ է։ Երբ բացում ենք դրա շերտերը, տեսնում ենք, որ հետևանքներն անհամեմատ ավելի մեծ են, քան նույնիսկ 14-15 տոկոս գնաճի պարագայում է երևում։ Կոնկրետ վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ մայիսին բանջարեղենի գնաճը Հայաստանում անցել է 51 տոկոսի սահմանը։ Սննդամթերքի բազմաթիվ այլ և ավելի հաճախ օգտագործվող տեսակների դեպքում ևս թանկացումների տեմպն անգամներով գերազանցում է գնաճի այն միջինացված ցուցանիշները, որոնք տեսնում ենք պաշտոնական վիճակագրության մեջ։

Միանշանակ դժվար չէ պատկերացնել, թե այսպիսի թանկացումներից հետո, նոր թանկացումներն ինչպիսի ազդեցություն են ունենում սպառողների գրպանի պարունակության վրա։ Հատկապես, որ այդ պարունակությունը չի ավելանում կամ այնքան չի ավելանում, որքան գնաճն է, առավել ևս՝ առաջին անհրաժեշտության նշված ապրանքների գնաճը։ Գնաճի հետ կապված ամբողջ խնդիրը սրանում է, որն իշխանություններն անտեսում են ու համարձակվում են անգամ համեմատություններ անել զարգացած երկրների հետ, որտեղ մարդկանց եկամուտներն ու գնողունակությունն անհամեմատ ավելի բարձր են, քան Հայաստանում։

Հիշեցման կարգով նշենք, որ գնաճ ասվածը միայն այն ցուցանիշը չէ, որը հրապարակվում է։ Այն բազմաթիվ շերտեր ունի, որոնց տակ էլ թաքնված է թանկացումների իրական ազդեցությունը։ Դա է, որը կարող է թույլ տալ գնահատել գնաճի ուղղակի և անուղղակի հետևանքները մարդկանց սոցիալական վիճակի վրա։ Ասեմ ավելին՝ հենց այստեղ է, որ մեր հասարակությունը՝ ուրախանալու, իսկ իշխանությունները՝ հպարտանալու ոչ մի առիթ չունեն։

Արմեն Հովասափյան