Foto

Այսօր Հայաստանի Հանրապետության դրոշի օրն է

Հայաստանի դրոշը Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկն է։ Այն սահմանված է Հայաստանի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։

Դրոշը կազմված է կարմիր, կապույտ, նարնջագույն գույներից (վերևից ներքև)՝ հորիզոնական հավասարաչափ շերտերով, լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ։ Այն չափերով և գույներով Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թվականներ) դրոշի կրկնությունն է։

«ՀՀ դրոշի մասին» առաջին օրենքն ընդունել է ՀՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 24-ին։ Ներկա օրենքն ընդունվել է 2006 թվականի հունիսի 15-ին 2005 թվականի Սահմանադրական փոփոխություններից հետո։

Դրոշի գույների մասին կան տարբեր մեկնաբանություններ։ 2006 թվականի օրենքում գրված է. «Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»։