Foto

Բանակցային այս փաթեթով Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս. Փաշինյան

Բանակցային գործընթացի ողջ ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը և նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը, Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և կամ չեմ առաջնորդվել Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում սկզբունքով: ԱԺ-ում նման հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև հայտարարեց, թե սրանք հաստատող փաստեր կան, որոնք պատրաստվում է ներկայացնել:

Նրա խոսքով՝ 1998 թվականին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայնվել է որպես բանակցությունների հիմք ընդունել ԵԱՀԿ համանախագահների կողմից ներկայացված «ընդհանուր պետություն» առաջարկը, որում ասվում է. «ԼՂ հանրապետական ձևի պետական ու տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է ընդհանուր պետություն նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»:

Փաշինյանը նաև մեկ այլ մեջբերում արեց՝ «ընդհանուր պետություն» փաթեթից. «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները, որպես անձը հաստատող վկայական, կունենան Ադրբեջանի անձնագիր Լեռնային Ղարաբաղ հատուկ նշումով»:

Ըստ Փաշինյանի՝ բանակցային այս փաթեթով Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս.

«Փաթեթի իմաստն այն էր, որ Հայաստանն Ադրբեջանին է հանձնում Մեղրիի շրջանն ու փոխարենը ստանում է Լեռնային Ղարաբաղը, եթե Ռոբերտ Քոչարյանն ընդունել է, որ Ղարաբաղն Ադրբեջանինն է Շուշիի ու Լաչինի հետ միասին, ապա այս իրողություններն ավելի են ամրապնդվել Մադրիդյան սկզբունքների քննարկման ժամանակաշրջանում:

Արձանագրենք, որ Մադրիդյան սկզբունքները, որպես բանակցությունների հիմք ընդունելով, Հայաստանի այն ժամանակվա ղեկավարները Ղարաբաղն ընդունել են որպես Ադրբեջանի մաս ու բացառել են Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմից դուրս լինելու որևէ գործնական հնարավորություն», - հայտարարեց Փաշինյանը: