Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ, հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով հանդիպման և ծանոթության համար, նշել է, որ սա իր առաջին այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն ու հույս հայտնել, որ փոխայցերը շարունակական կլինեն:
Իրանի Մեջլիսի նախագահը ողջունել է ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Իրան՝ նշելով, որ Հայաստան-Իրան միջխորհրդարանական հարաբերությունների կիզակետում պետք է լինեն այսօրվա առանձնազրույցի օրակարգային կետերը:
Ըստ նրա՝ շատ են համատեղ անելիքները խորհրդարանական մակարդակում, այդ թվում՝ տնտեսական կապերի խթանման, օրենսդրական համագործակցության զարգացման, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման ու բարեփոխման հարցում: Նրա գնահատմամբ՝ խորհրդարանները պետք է օրենսդրական մակարդակում աջակցեն Իրան-Հայաստան երկաթուղային և ավտոտրանսպորտային ճանապարհների բացման ու ենթակառուցվածքների ստեղծման գործընթացներին:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել է իր դիրքորոշումը՝ ընդգծելով երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանումն ու տևական խաղաղության հաստատումը:
Իր ելույթում Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիային և դրա հետևանքներին:
«Նշել եմ, որ բազմաթիվ հումանիտար խնդիրներ են մնացել պատերազմից հետո, մասնավորապես, ռազմագերիների վերադարձը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր արժեքների պահպանումը:
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները վտանգում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը: Այս առումով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը»,-մասնավորապես նշել է Ալեն Սիմոնյանը:
Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:









