Foto

Դիմադրության շարժումն առաջին հերթին ազատություն տվեց հենց իր ղեկավարներին

Երեկ Ֆրանսիայի հրապարակում Իշխան Սաղաթելյանը խոսեց դիմադրության շարժման հիմնական ձեռքբերումների ու բացթողումների մասին։ Իհարկե, հրապարակում շատ խոսել չի կարելի և շատ գնահատականներ և դիտարկումներ դուրս մնացին Իշխանի ելույթից։

Անդրադառնանք դրանցից մի քանիսին։ Այո՛, ընդդիմության անցած օրերի փողոցային պայքարը լուրջ հետագիծ է թողել հասարակության մեջ։ Առիթ ունեցել եմ գրել և ասել, որ այս օրերին հրապարակներում և փողոցներում դիմադրություն ցուցաբերողների մեջ չկան մարդիկ, ում կամաչես ես «դուք»–ով դիմել։ Իշխանությունների դեմ պայքարի ելածները կիրթ, քաղաքավարի, հանրային համակեցության բարձրագույն չափանիշներով ապրող քաղաքացիներ են։ Այո՛, հարկ եղած դեպքում նրանք պատրաստ են կռիվ տալ ոստիկանության հետ, լինել անզիջում ու կոշտ, բայց ո՞վ ասաց, որ պայքարի ելնողը պետք է սպիտակ ձեռնոցներ հագնի։ Սակայն այս շարժումն իր բովանդակությամբ և մասնակիցների տեսակով էապես տարբերվում է 2008–ի մարտի 1–ի և 2018–ի ապրիլի շարժումներից։ Նախ այս շարժումը օտար պատվիրատուներ չունի, որքան էլ իշխանական քարոզչությունն ու ֆեյքաբուծարանները փորձեն ինչ–որ մեկի ականջները նկարել դրա ետևում։ Այստեղ հավաքված մարդիկ կոպեկի կամ պաշտոնի ակնկալիք չունեն և նրանց իրական նպատակը հանրային է՝ երկրի անվտանգություն, տարածքային ամբողջականություն, Արցախի ինքնիշխանություն, բանկի հզորացում և ոչ ոքի առաջ չկզելու կամք։ Այո՛, այս մարդիկ իրենց պահանջների և ցանկությունների առաջնային պայման են համարում Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հեռացումը, բայց, քանի որ ունեն վերը նշված նկարագիրը, դա չեն պատկերացնում նիկոլական մեթոդներով՝ արյունահեղությամբ, կեղծ պոպուլիզմով, փողոցային խուժանությամբ և այլն։ Գուցե դա սխալ է և նիկոլիզմի դեմ հատկապես ուժային պայքար է պետք, բայց այս մարդիկ հենց այսպիսին են ու նրանց փոխելը շատ դժվար է։

Մյուս դիտարկումն այն է․ որ դիմադրության ելած քաղաքացիները դադարել են վախենալ։ Նրանց այլևս ո՛չ ձերբակալություններով, ո՛չ վիրավորանքներով, ո՛չ պատերազմով կամ թուրքով վախեցնել հնարավոր չէ։ Ավելի՛ն, քանի որ դիմադրությունն ամբողջ էներգետիկայով պահպանվում է արդեն տևական ժամանակ, վարակիչ է դառնում նաև մյուսների համար, ովքեր իրենց քաղաքական հայացքների համար ամաչում են հարևաններից, համագյուղացիներից, աշխատանքային ընկերներից կամ վախենում են շեֆերից։ Դիմադրության շարժումը յուրօրինակ բաժանարար է գծել հասարակության այն շերտերի միջև, որոնցից մեկը իր և իր զավակների ապագան տեսնում է արժանապատիվ ապրելու մեջ, իսկ մյուսը գնում է փուչ և կեղծ մի «ապագայի» հետևից, որտեղ արժանապատվությունն իջեցվել է Նիկոլին աստվածացնելու մակարդակի, որտեղ պարգևատրումն ու տաքուկ պաշտոնը դարձել է բաղձանք, որտեղ «հպարտ» բառից ոգևորվում են միայն նրանք, ում իրենք՝«հպարտ» անվանողներն, ամեն օր կեղեքում են հարկերով, տուգանքներով, գնաճով ու կոռուպցիայով։

Երրորդ կարևոր դիտարկումն այն է, որ դիմադրության շարժման առաջնորդների մի մասը վաստահ են, իսկ մյուս մասը գիտակցեցին և համոզվեցին, որ հասարակ ժողովուրդը չի կծում, չի վարակում, չի շողոքորթում։ Այսինքն յուրաքանչյուրի հետ կարելի է լինել նույն հրապարակում, քայլել նույն մայթով, քնել նույն վրանում և դա նորմալ է։ Հիմա այս գիտակցումից է մեծապես կախված դիմադրության հետագա ընթացքն ու հաջողությունը։ Շարժման ղեկավարները պետք է հին հեքիաթների հերոսների պես գնան մարդկանց տներ, մտնեն կոլեկտիվներ, քայլեն փաղոցներով ու քաղաքներով և մարդկանց հետ խոսեն, բառիս բուն իմաստով խոսեն, բացատրեն ու ոգևորեն։ Ի տարբերություն իշխանությունների, իրենք թիկնապահների և այցելությունները  վարչական ռեսուրսի հաշվին կազմակերպելու կարիքն արդեն չունեն՝ ազատ են։

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան