ՌԴ արտաքին գերատեսչության
ղեկավար Սերգեյ Լավրովն աշխատանքային
այցով Հայաստանում է: Երեկ նա հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Վերջինիս հետ համատեղ
ասուլիսի ժամանակ ուշագրավ հայտարարություններ է արել։ Vesti.am-ի հետ զրույցում քաղաքագետ, քաղտեխնոլոգ
Վիգեն Հակոբյանն անդրադարձել է ուշագրավ ուղերձներին։
-
Պարո՛ն Հակոբյան,
ի՞նչ ուղերձներ եք նկատել։ Լավրովի այցն ինչի՞ մասին էր խոսում։
-
Լավրովը եկել էր Հայաստան, որպիսի բոլոր շահագրգիռ կողմերին
հասկացնի, որ Ռուսաստանը չի պատրաստվում Կովկասից հեռանալ, ինչպես շատերը կանխատեսում
են, և այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում Հայաստան-Ադրբեջան- Արցախ հարաբերություններում՝
պատրաստվում է պահել իր ազդեցության, ինչու ոչ, նաև վերահսկողոթյան ներքո։ Դա վերաբերում
է նաև հայ-թուրքական հարաբերություններին։ Կարծում եմ, քննարկվել է նաև ներքաղաքական իրավիճակը,
քանի որ երեկ մամուլն ուներ ընդամենը 2 հարց տալու իրավունք և դա, ըստ երևութի, վերահսկվում
էր, իսկ «Զվեզդա»-ի թղթակիցն անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին։ Այստեղ ակնհայտ
էր, որ այն ինչ տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական դաշտում՝ Ռուսաստանում գնահատվում
է որպես ճգնաժամ։
-
Քննարկվեց նաև
Փառուխ գյուղի հետ կապված այն արտահայտությունը, ըստ որի՝ այդ հարցը պետք է լուծվեր
դելիմիտացիայի արդյունքում։ Հետո պաշտոնական ուղղում եղավ։ Ի՞նչ եք կարծում, Լավրովն
իսկապես շփոթվե՞լ էր, թե՞ դա ևս մեսիջ է։
-
Քանի որ իրենք ուղղել են, կարծում եմ, շփոթմունք էր։ Հակառակ
դեպքում սրան տարբեր վարկածներով կարելի է անդրադառնալ։ Թեկուզ, սկսած նրանից, որ Արցախի
և Ադրբեջանի միջև էլ պետք է դեմարկացիա լինի, որն այս պահին, ըստ իս, տրամաբանության
մեջ չէ։ Եթե Լավրովը Փառուխ գյուղի տեղը շփոթում է, ապա նշանակում է, որ այդ հարցը
հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում ակտիվ չի քննարկվել, դա բանակցությունների
սեղանին դրված չի եղել։ Սա ցույց է տալիս, թե հայաստանյան բանակցող կողմն ի՞նչ լրջությամբ
է վերաբերում այս հարցին։
-
Հաշվի առնելով
Լավրովի դիվանագիտական հմտությունները՝ կարող ե՞նք ենթադրություն անել, որ Լավրովը մտածված
էր շփոթվել և ճիշտ բանակցային կեցվածք ընդունելու պարագայում կարելի է հասնել նրան,
որ Ադրբեջան-Արցախ դեմարկացիայի, դելիմիտացիայի հարց մտնի օրակարգ։
-
Նախ պետք է միջազգային համապատասխան կոնյուկտուրա լինի՝ արտաքին
քաղաքական։ Ընդհանրապես, տեսականորեն հնարավոր է։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդդիմադիր
լիդերներից մեկը, նույնիսկ, ասում էր, որ բանակցություններով հնարավոր կլինի վերադարձնել
Հադրութը և, ինչու ոչ, Շուշին։ Սա հնարավոր է, երբ Հայաստանի բանակցային, քաղաքական,
աշխարհաքաղաքական դիրքերը բարելավի։ Սկզբի համար, գոնե, պետք է սառեցնել Փաշինյանի
ասած նշաձող իջեցնելու գործընթացը, ապա ժամանակ շահել, հզորանալ, նոր փորձել Արցախը
դարձնել դեմարկացիայի և դելիմիտացիայի սյուբեկտ, որը կնշանակի, որ Ադրբեջանը դադարում
է Արցախը դիտարկել, որպես իր տարածքի մաս։ Կարող ենք դիտարկել բազմաթիվ վարկածներ,
օրինակ, որ դա ակնարկ էր նաև Ադրբեջանին և Թուրքիային, որ այսպես էլ կարող է լինել։
Նկատի ունենալով, որ Լավրովն այն մասշտաբի դիվանագետ է, որ չէր կարող շփոթմունք ունենալ,
այնուամենայնիվ ես նախապատվությունը տալիս եմ հենց այդ վարկածին։









