Foto

Քաղաքական ճգնաժամի իշխանական պատկերացումները

Հայաստանի իշխանական ճամբարում միաձայն պնդում են, իբր երկրում ճգնաժամ չկա: Երեկ ՌԴ արտգործնախարարի ներկայությամբ այդպիսի հայտարարություն արեց նաև Արարատ Միրզոյանը: Շատերի, նույնիսկ դիմադրության շարժման անդամների մոտ այն կարծիքն է, թե Փաշինյանի իշխանությունը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ չկա այդ ճգնաժամը: Այստեղ լուրջ մոլորություն կա: Հենց սկզբից ամրագրենք, որ միջազգային հանրությունը Հայաստանի իշխանությունների գործունեության ոչ թե սուբյեկտն է, այլ օբյեկտը: Ավելին, միջազգային հանրությունը օրիորդաց վարժարանի շրջանավարտների ակումբ չէ, որ Արարատ Միրզոյանի հավաստիացումներով եզրակացություններ անի: Որքան էլ Նիկոլ Փաշինյանը Հայաստանն անվանի ժողովրդավարության բաստիոն, միջազգային հանրությունը շատ լավ գիտի, թե որտեղ է հորինվել այդ անունը, ինչո՞ւ է մատուցվել հենց Նիկոլին և երբ ու որտեղ պետք է արտասանվի:

Իրականում այս կարգի հայտարարությունները բացառապես ներքին լսարանի այն հատվածի համար են, որոնք դեռ Նիկոլին սրբացնելու, ոտների ջուրը խմելու, իրենց տաքուկ գոյությունը պահպանելու, լայքեր ապահովելու արգումենտներ են փնտրում: Կարող ենք իրավիճակն անվանել ոչ թե ճգնաժամ, այլ, ասենք, նարդի խաղալ, բայց դրանից էությունը չի փոխվի: Հիշենք, օրինակ, թե ինչ էր ասում Փաշինյանը 5000 զոհերի մասին, երբ պնդում էր, թե դրանք կարող էին չլինել, բայց արդյունքում նույն վիճակն էինք ունենալու: Նույնիսկ այդ զոհերի դեպքում կարող էր բոլորովին այլ վիճակ լինել Արցախում, նույնիսկ այդ զոհերի դեպքում պատերազմը ավելի շուտ կանխելու հնարավորություններ բաց թողեցինք, իսկ Քաշաթաղը, Քարվաճառը, Ակնան և Կովսականն էլ առանց մի կրակոցի հանձնեցինք թշնամուն և ծայրահեղ իրավիճակ ստեղծեցինք ՀՀ սուվերեն տարածքի սահմաններին:  Բուն կեղծիքն այն է, որ եթե չլինեին այդ զոհերը, ապա այսօր Հայաստանի ներսում Նիկոլ Փաշինյանը բոլորովին այլ որակի, լրջության, քանակի և բովանդակության պրոբլեմներ էր ունենալու: Այդ տղաներն այնպիսի խնդիրներ կարող էին առաջադրել, ինչպես եղավ առաջին պատերազմից հետո և որը բերեց Տեր-Պետրոսյանի հրաժարականին: Այ սրանից է, որ Փաշինյանն հուսահատորեն փորձում է խուսափել՝ նրան այդ զոհերը պետք էին, որ ժողովրդի դիմադրության ռեսուրսը կրճատի, որ վկաներ չլինեն, որ պատերազմից վախն ավելի խորացնի: Որովհետև Փաշինյանի և նրա հետևորդների պատկերացումներում ճգնաժամը միայն մարտի 1-ն է:

Մի խոսքով՝ միջազգային հանրությունն ամեն ինչ շատ լավ գիտի և գործում է ըստ պլանի: Մեր խնդիրը հենց այդ պլանները խախտելն է՝ դրանց առանցքային գործիքը՝ այս իշխանություններին հեռացնելու և նրանց սոցիալական հենարանին չեզոքացնելու միջոցով:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան