Առաջարկվում է նվազեցնել առանց ԱՊՊԱ պայմանագիր ավտոմեքենա վարելու համար սահմանված տուգանքները, այս մասին հայտնել է Արմեն Խաչատրյանը՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ:
Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ՝ եթե վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահից 48 ժամվա ընթացքում իրավախախտը վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին ներկայացնում է համապատասխան ապացույց (ներկայացնում է տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա մեջ ուժի մեջ մտնող պայմանագիր):
Արմեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն առաջարկել է 48 ժամը դարձնել 24 ժամ, ինչը հեղինակներն ընդունել են:
Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:









