2018-ից հետո
մեր երկրի ու ժողովրդի գլխին եկած արհավիրքները ամենևին էլ պատահական չեն, քանզի մենք
տասնամյակների ընթացքում իրական ու մնայուն արժեքները փոխել ենք կեղծ ու ժամանակավորի
հետ, հագուրդ ենք տվել մեր նեղ անձնական շահերին ու կրքերին, ոտնահարելով կողքինինն
ու մերձավորինը, մերժել ենք բովանդակությունը, տեղը դնելով ձևական կենցաղավարությունը,
հայրենասիրությունը, դաստիարակությունն ու կրթությունը, մարդասիրությունն ու ժողովրդավարությունը:
Մենք մեր երեխաներին
դպրոց ենք ուղարկել ոչ թե կրթություն ստանալու, այլ ուրիշներից չտարբերվելու, տանից
դուրս գալու, իրենց նոր պայուսակն ու պիտույքները ցուցադրելու համար: Մեր ուսուցիչները
մեզ գնահատել են ոչ թե մեր իրական գիտելիքների, այլ դասին չբացակայելու, խելոք նստելու
և գեղեցիկ ձեռագրով գրականության տետր պահելու համար: Մենք գործարանում աշխատել ենք
ոչ թե բարիք ստեղծելու, այլ աշխատավարձի կամ այդ գործարանից գողանալու համար, մենք
գերժամանակակից հեռուստացույց ենք գնում, բայց դրանով ցածրաճաշակ սերիալ ենք դիտում,
թանկարժեք մեքենա ենք գնում, բայց գազ ենք լիցքավուրում, պայքարում ենք ոչ թե արդարության
համար, այլ մեզ վատություն արած չինովնիկի ինադու, պատերազմի ժամանակ ձև ենք բռնում,
թե հերոս ենք, իսկ պարտությունից հետո իրական հերոսներին ռևանշիստ ենք անվանում:
Եթե սա սովորական
մարդկանց համար ապրելու բանաձև է, ապա այսօրվա իշխանությունների համար իսկական գյուտ
է՝ շահարկել մեր այդ ձևապաշտությունը, դրանով մեզ մանիպուլացնել, երկարաձգել իրենց
իշխանությունն ու շարունակել մեր կուզերի վրա հարստություն դիզել, խուսափել իրական
պատասխանատվությունից:
Այո՛, այս երկրում
ձևը լափել է բովանդակությանը, որովհետև մոռացել ենք կորոնավիրուսի արհավիրքը, բայց
համոզված ենք, որ Նիկոլը կարող է տնական արաղով
այն արմատախիլ անել, մենք հավատում ենք Նիկոլի տնտեսական հրաշքի նկարչությանը, բայց
մեզ խաբում ենք, իբր մեր կաթսաներում ամեն օր քլթքլթացող անյուց մակարոնը տավարի մսի
խաշլամա է: Մենք հավատում ենք, որ Նիկոլը, կապիտուլյացիա ստորագրելով, իբր 25-35 հազար
զինվորի կյանք է փրկել, բայց պատասխան չենք պահանջում այն 5000 կյանքի համար, առանց
որի էլ, իբր, նույն արդյունքն էինք ունենալու: Մենք հավատում ենք, որ Արցախը «հանձնել»
են նախկինները, բայց չենք ուզում տեսնել, որ թշնամին հիմնավորվել է Սյունիքում, Վայոց
ձորում ու Սևանի ափերին: Մենք հավատում ենք Եռաբլուրում Նիկոլի կեղծ արցունքներով լուսանկարներին,
բայց մոռացել ենք, թե ինչպե՞ս այդ լուսանկարների համար Նիկոլը բառացիորեն գրոհեց ու
գրավեց այդ Եռաբլուրը:
Այս շարքը երկար
կարելի է շարունակել, բայց իմաստն է կորել: Եթե դպրոցում դաս սովորած լինենք, եթե մեր
աշխատանքին վերաբերվեինք ոչ թե ըստ աշխատավարձի կամ գողոնի չափի, եթե գերհզոր համակարգիչներով
ոչ թե խաղ խաղայինք, այլ նոր հայտնագործություններ անեինք, ապա այսօր չէինք «ազդվի»,
որ զոհված տղաների մարմինների նկարները շպրտել են մեկի դեմքին, ով այդ նույն մարմինները
թաքցրել է նկուղներում կամ ներկայացրել որպես համաճարակից մահացածների:









