Foto

Խաբել՝ քանի դեռ հավատացող կա

Վերջին շրջանում ՀՀ-ում առկա ներքաղաքական լարվածության ֆոնին՝ իշխանություններն ամեն կերպ փորձում են ցույց տալ, թե տնտեսությունն ու աշխատավարձերը մեծ տեմպերով աճում են, դարակազմիկ բարեփոխումներ են անում, թոշակներն են բարձրացնում, ուսուցիչների աշխատավարձն են ավելացնում, տնտեսական ու սոցիալական ծրագրեր են իրականացնում, մետրոպոլիտենի կայարաններ են կառուցում, Երևանի տրանսպորտի հարցերն են լուծում, և այդպես շարունակ։ Բայց իրականում այս ամենի տակ ավելի շատ իմիտացիա է թաքնված, քան կարելի է իրական արդյունք ակնկալել։ Այս ամենի նպատակը, միանշանակ, ներքաղաքական լարվածության թուլացումն ու հասարակության դժգոհությունների մեղմացումն է։

Այստեղ գլխավորը զուտ իմիտացիան է, իսկ թե հետո ինչպիսի՞ն կլինեն արդյունքները, կարևոր ու էական չեն։ Նախկինում ևս նման բազմաթիվ նախաձեռնություններ են ներկայացրել ու «իրականացրել», տեսել ենք, թե մինչև հիմա ի՞նչ արդյունքների ենք հասել, ինչքանո՞վ են մարդկանց կյանքը բարելավել ու լուծել սոցիալական խնդիրները։ Մասնավորապես, ռեստորաններում աղը սեղաններից վերացրել են ու դա համարում են դարակազմիկ բարեփոխում։ Նույնը ծխախոտային բարեփոխումներին է վերաբերում, եթե դրանք ընդհանրապես որևէ աղերս ունեն բարեփոխումների հետ։

Սոցիալական լարվածությունը երկրում աճել է, համատարած թանկացումներ են, մարդկանց եկամուտները չեն հասցնում գների հետևից, ինչը հասարակության շրջանում մեծացրել է դժգոհությունները։ Չհաշված այն բազմաթիվ մարտահրավերները, որոնք առաջացել են իշխանությունների կողմից իրականացվող ներքին ու արտաքին քաղաքականության պատճառով։ Չի բացառվում, որ դժգոհություններն ինչ-որ պահի կարող են դուրս գալ վերահսկողությունից, ինչը չի կարող չանհանգստացնել իշխանություններին։ Հենց այս ամենը կանխելու համար էլ իշխանություններն անցել են իրենց սիրած զբաղմունքին՝ հերթական կեղծ բարեփոխումներով, սոցիալական ու տնտեսական ծրագրերով փորձում են կերակրել մարդկանց, խաբել ու խոստումներ տալ։

Ասեմ ավելին, ընդհանուր ներքաղաքական լարվածությունից ու ընդդիմության սկսած փողոցային պայքարից մանկավարժներին հեռու պահելու համար հայտարարեցին ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու մասին. ինչ-որ անհասկանալի և ոչ մի հիմնավոր փաստարկ չունեցող 400 հազարի մասին են շարունակ խոսում։ Այնինչ՝ այդպիսի աշխատավարձ իրականում ուղղակի չկա, քանի որ պահումներից հետո այն կարող է լինել, լավագույն դեպքում, 300 հազար դրամի կարգի։ Զարմանալի չէ, որ մինչև հիմա շատ քչերն են կարողացել օգտվել կառավարության այդ «առատաձեռնությունից»։

Եթե անկեղծ, ապա ատեստավորումից կախված՝ ուսուցիչների աշխատավարձի հավելումը գործում էր նաև անցած տարի, բայց այս ընթացքում ընդամենը 478 ուսուցիչ է դրանից օգտվել։ Նրանցից միայն 20-ի պաշտոնային դրույքաչափն է, որը հավելումների վերջին վերանայումներից հետո կարող է հասնել 400 հազար դրամի, մյուսներինը, լավագույն դեպքում, կկազմի 260-300 հազար դրամ։

Անցնենք հաջորդ «մուխլյոժին». ուսուցիչների բերանը փակելուց հետո՝ կառավարությունն անցավ թոշակառուներին։ Հայտարարեցին, որ 2022-ի հուլիսի 1-ից թոշակները 10 տոկոսով բարձրանալու են, թեև իրականում թոշակների բարձրացման մասին բացարձակ խոսք չկա։ Թոշակները շարունակելու են մնալ անփոփոխ, ավելին, հուլիսի 1-ից հետո էլ մարդիկ ստանալու են այնքան թոշակ, որքան ստանում էին նախկինում։ Խոսքն ընդամենն անկանխիկ առևտրի դեպքում որոշակի զեղչերի կիրառման մասին է, որից կրկին քչերն են կարողանալու օգտվել։ Լուծված չեն ու հազիվ էլ մինչև հուլիսի 1-ը լուծվեն տեխնիկական ապահովվածության խնդիրները։ Մյուս կողմից էլ՝ կառավարության այս նախաձեռնությունը կարող է գների հերթական բարձրացման ու առևտրի կենտրոնացման պատճառ դառնալ։ Դրանից ավելի շատ շահելու են բանկերը, խոշոր առևտրի օբյեկտները, քան՝ թոշակառուները։ Կրկին տուժողը լինելու են սպառողները, որովհետև գաղտնիք չէ, որ անկանխիկ առևտրի դեպքում բանկերը որոշակի տոկոսներ են պահում տնտեսվարողներից, ու այդ գումարներն ի վերջո դուրս են գալու սպառողների գրպանից։ Ի դեպ, քչերը գիտեն, բայց թոշակների նկատմամբ զեղչեր կիրառելու կառավարության նախաձեռնությունն ընդամենը 6 ամսով է՝ մինչև տարեվերջ։

Հիմա ամենազավեշտալի փաստի մասին. երեք-չորս տարի ոչինչ չանելուց հետո, վերջին շրջանում, չգիտես՝ ինչու, կրկին հիշել են Երևանում մետրոպոլիտենի նոր կայարաններ կառուցելու մասին։ Ավելին, մայրաքաղաքի տրանսպորտային համակարգն էլեկտրական ավտոբուսներով համալրելուց են խոսում։ Մինչև հիմա իբր քիչ վարկեր են վերցրել, հիմա էլ պատրաստվում են հերթական վարկերը բերել, թե՝ տրանսպորտի խնդիր են լուծում։

Յուրաքանչյուր բանական մարդու համար պարզ է, որ այս իշխանությունները պատրաստ են ամեն ինչի՝ իրենց իշխանությունը երկարացնելու համար։ Կապ չունի, որ այդ իշխանությունն արդեն շատ թանկ է նստել երկրի վրա, ու, չնայած դրան, ոչնչի առաջ կանգ չեն առնում։ Պետության ֆինանսական հնարավորություններն ու իրավական համակարգը ծառայեցնում են իշխանության պահպանմանը։ Ոստիկաններին պարգևավճարներ ու հավելավճարներ են տալիս՝ ընդդիմադիրներին բիրտ մեթոդներով ճնշելու համար, թոշակառուներին խաբում են, որ թոշակները 10 տոկոսով ավելացնում են, իսկ իրականում դրանից մի քանի անգամով ավելի բարձրացնում են դատավորների աշխատավարձերը։ Մառազմը կայանում է նրանում, որ դատավորների աշխատավարձը բարձրացնում են ու դա ներկայացնում են՝ ի շահ հասարակության։

Արմեն Հովասափյան