Foto

ՔԿ-ն որոշել է մերժել քրգործ հարուցել ՊՊԾ պետի կողմից MediaHub-ի օպերատորին հարվածելու միջադեպով

Քննչական կոմիտեն որոշել է մերժել քրեական գործ հարուցել ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի կողմից MediaHub.am-ի օպերատորին հարվածելու միջադեպի առթիվ։ Այս մասին 24News-ին ասաց քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Մայիսի 2-ին Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի հատման մասի մոտակայքում լրագրող Նարե Գևորգյանի, օպերատոր Արման Ղարաջյանի և մյուս կողմից Սարգիս Հովհաննիսյանի ու Էդգար Պապինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել, երբ Հովհաննիսյանը բջջային հեռախոսազրույց ունենալու ընթացքում պահանջել էր խոսափողը հեռացնել իրենից և չնկարահանել։

Ըստ քննչական կոմիտեի՝ նյութերի նախապատրաստման ընթացքում Ս.Հովհաննիսյանի կողմից Ա.Ղարաջյանին ոտքով հարվածելու վերաբերյալ որևէ փաստական տվյալ ձեռք չի բերվել, «վերջինս հրաժարվել է ենթարկվել դատաբժշկական փորձաքննության՝ պատճառաբանելով, որ հարվածից մարմնական վնասվածք չի ստացել, իսկ համաձայն դատահետքաբանական և դատաապրաքագիտական համալիր փորձաքննության եզրակացության՝ փորձաքննությանը ներկայացված տեսախցիկի արտաքին մակերեսների հետազոտությամբ հետքեր և վնասվածքներ չեն հայտնաբերվել»:

Քննչական կոմիտեում որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը հանցակազմի բացակայության հիմքով մերժելու մասին։