Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաղորդել է աշխարհում կապիկների ջրծաղիկի լաբորատոր հաստատված 780 դեպքի մասին, ասվում է կազմակերպության կայքում շաբաթ օրը՝ հունիսի 4-ին, հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։Այսպիսով, մայիսի 29-ից հաստատված դեպքերի թիվն ավելացել է 523-ով, գրում է ԱՀԿ-ն։ Դրանք գրանցվել են 27 երկրներում, որոնք այս հիվանդության համար էնդեմիկ չեն, նշում է կազմակերպությունը։ Նրանցից շատերում վարակները կապված են եղել տղամարդկանց սեռական շփման հետ, ասվում է կազմակերպության զեկույցում։
Հաստատված դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում հիվանդները հայտնել են, որ ճանապարհորդել են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներ, այլ ոչ թե՝ Արևմտյան կամ Կենտրոնական Աֆրիկա, որտեղ կապիկների վիրուսը էնդեմիկ է:«Էնդեմիկ տարածքներ չայցելած անհատների մոտ կապիկի վարակի հաստատումն անտիպ է, և ոչ էնդեմիկ երկրում կապիկների ջրծաղիկի նույնիսկ մեկ դեպքը համարվում է բռնկում»,- պարզաբանել է համաշխարհային կազմակերպությունը։
Հունիսի 2-ի դրությամբ ԱՀԿ-ն չի գրանցել բռնկման հետ կապված որևէ մահ այն երկրներում, որտեղ այն անտիպիկ է, սակայն մահերի դեպքերը շարունակում են գրանցվել էնդեմիկ երկրներից:Մարդկանց մեծ մասը՝ 58-ը, մահացել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում:ԱՀԿ-ում հիվանդության հայտնաբերմամբ պայմանավորված համաշխարհային մակարդակով ռիսկերը գնահատվում են «չափավոր»։
Մայիսին ԱՀԿ Եվրոպական գրասենյակի բարձր մտահոգության պաթոգենների բաժնի ղեկավար Ռիչարդ Փիբոդին ասել էր, որ չնայած կապիկների ջրծաղիկի դեպքերին, հիվանդության դեմ զանգվածային պատվաստում չի պահանջվում: Նրա խոսքով, վարակի տարածումը վերահսկելու համար բավարար կլինի անձնական հիգիենայի կանոնների պահպանումը և անվտանգ սեռական կյանքը։









