Foto

«Սոցիալական հավասարության» հայաստանյան միֆը

Ինչպես հայտնի է՝ վերջին շրջանում իշխանությունները համառորեն առաջ են տանում այն թեզը, թե աշխատավարձերը Հայաստանում մեծ տեմպերով ավելանում են և ավելի արագ, քան գնաճն է։ Նման հռետորաբանության նպատակն է՝ ցույց տալ, որ մեր երկրում սոցիալական վիճակը ոչ թե վատացել է, այլ լավացել։ Թե իրականում սոցիալական ինչ վիճակում են գտնվում ամենալավը կիմանան սպառողներն իրենք, բայց դա չի խանգարում, որ իշխանությունները կրկին ու կրկին հայտարարեն աշխատավարձերի ռեկորդային ու աննախադեպ աճերի մասին։

Որպեսզի հասկանանք, թե իրականում ինչ է տեղի ունեցել աշխատավարձերի հետ, պետք է դիմենք պաշտոնական վիճակագրության օգնությանը։ Ըստ այդմ՝ պաշտոնական տվյալներով՝ այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա հունվարի համեմատ, միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է 6,2 տոկոսով։ Փետրվարին՝ նախորդ տարվա փետրվարի համեմատ, աճը կազմել է 7,8 տոկոս։ Արդեն մարտին աճի տեմպն անակնկալ «թռել» է՝ նախորդ տարվա համեմատ հասնելով 14,7 տոկոսի։ Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ մարտին Հայաստանում զանգվածային աշխատավարձ են բարձրացրել, ավելին, ապրիլին աշխատավարձի աճի տեմպը դարձյալ ընկել է և դադարել երկնիշ լինելուց։ Մարտի համեմատ՝ միջին աշխատավարձը նույնիսկ նվազել է. ոչ ավել, ոչ պակաս՝ 10 հազար դրամով, բայց այդ մասին իշխանությունները, չգիտես՝ ինչու, լռում են։

Թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել աշխատավարձի հետ մարտին, մնում է գաղտնիք։ Հայտնի է, սակայն, որ մարտի թռիչքը տեղի է ունեցել հիմնականում մասնավոր ոլորտի հաշվին։ Այդ ամսին պետականում միջին աշխատավարձը նախորդ տարվա համեմատ ավելացել է՝ 4,2, մասնավորում՝ 18 տոկոսով։ Նախկինում էլ մասնավորում աշխատավարձերն ավելի արագ էին աճում, քան պետականում, բայց մարտին փոփոխությունը շատ կտրուկ է եղել։ Եթե փետրվարին՝ նախորդ փետրվարի համեմատ, մասնավոր հատվածի միջին աշխատավարձերը, ըստ պաշտոնական վիճակագրության, ավելացել էին 9,2 տոկոսով, ապա արդեն մարտին՝ 18 տոկոսով։  Կարելի է ենթադրել, որ այս ամենը պայմանավորված է հիմնականում ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով որոշ բիզնեսների ու դրանց աշխատակիցների Հայաստան տեղափոխվելով։

Ըստ էության, խոսքը IT ոլորտի ընկերությունների ու ծրագրավորողների մասին է։ Սա այն ոլորտն է, որտեղ աշխատավարձերը միջինից մի քանի անգամ բարձր են, առավել ևս՝ բարձր է տեղափոխված բիզնեսի պարագայում, ու, բնականաբար, դա իր ուղղակի ազդեցությունն է ունեցել միջին աշխատավարձի ցուցանիշների վրա։ Բայց դրանով չի որոշվում աշխատավարձերի տեսքով մեր քաղաքացիների ստացած եկամուտների իրական աճը։ Անշուշտ, կան ոլորտներ, որտեղ աշխատավարձերը բարձրացել են ու շարունակում են բարձրանալ, բայց այդպիսի ոլորտների թիվը Հայաստանում շատ քիչ է։

Այս ընդհանուր ֆոնին հատկանշական է այն, որ աշխատողների հիմնական մասի աշխատավարձերը ոչ միայն՝ վերջին մեկ, այլև՝ վերջին մի քանի տարիներին գրեթե չեն բարձրացել՝ չնայած արձանագրվող բարձր գնաճին։ Խոսքը նաև պետական հատվածի աշխատավարձերի մասին է։ Ինչպես հայտնի է՝ պետական հատվածում պաշտոնապես միջին աշխատավարձի աճը հիմնականում 4-5 տոկոսի սահմաններում է (մասնավորում համեմատաբար բարձր է, բայց դա շատ քչերի վրա է տարածվում)։

Պետք է փաստենք, որ աշխատողների մեծ մասի եկամուտները մնացել են անփոփոխ կամ շատ քիչ են ավելացել։ Մյուս մասինը համեմատաբար ակտիվ է աճել, նաև իշխանությունների կողմից այդքան գովերգվող համահարթ եկամտային հարկի ներդրման արդյունքում։ Դրա հետևանքով էլ ավելի է խորացել տարբերությունն աշխատող քաղաքացիների եկամուտների միջև։

Դրանից բացի, գաղտնիք չէ, որ կան մի խումբ աշխատողներ, ովքեր զբաղված են ՏՏ, հանքարդյունաբերություն, ֆինանսներ, վերջին շրջանում՝ նաև լոգիստիկա և մի շարք այլ ոլորտներում, որտեղ իսկապես աշխատավարձերը բարձր են ու շարունակում են բարձրանալ։ Բայց դա չի նշանակում, թե դրանով մեր երկրում սոցիալական իրավիճակը բարելավվում է կամ աղքատությունը կրճատվում է։ Ընդհակառակը՝ խորացել է սոցիալական բևեռացումը։ Այսպես կոչված համահարթ եկամտային հարկի կիրառմամբ ու ոլորտային առանձնահատկություններով պայմանավորված՝ հասարակության որոշ մասի մոտ տեղի է ունեցել եկամուտների ավելի արագ աճ, իսկ մյուս մասի եկամուտները չեն ավելացել կամ շատ դանդաղ են ավելացել, ինչն արձանագրվող բարձր գնաճի պայմաններում հանգեցրել է երկրում աղքատության մակարդակի խորացման։ Ստացվել է այնպես, որ մի կողմից՝ միջին աշխատավարձի բարձր աճ ունենք, մյուս կողմից՝ աղքատության խորացում։ Ակնհայտ է, որ նման պատկեր ունենալու պատճառը եկամուտների անհամաչափ բաշխումն է, որին նպաստել է իշխանությունների իրականացրած հարկային քաղաքականությունը։

Եթե ընդհանրական ներկայացնենք, հենց սա է այս իշխանությունների բերած սոցիալական արդարությունը։ Աշխատավարձի այն «ռեկորդային» աճերը, որոնց մասին շատ հաճախ խոսում են ու ներկայացնում՝ որպես աննախադեպ ձեռքբերում, իրականում աշխատող քաղաքացիների մեծ մասին չի վերաբերում։ Ինչպես հայտնի է՝ շատերն են այսօր աշխատում ու ստանում ընդամենը 100 հազար դրամ աշխատավարձ։

Ամփոփելով ամրագրենք հետևյալը. մինչև ՀՀ-ում պետականության տապալումը երկրում աղքատ էր բնակչության 23 տոկոսը, 2020թ. դրությամբ աղքատ է եղել 27 տոկոսը, իսկ արդեն 2021թ.-ից ՀՀ-ում աղքատությունը 30 տոկոսից բարձր է։ Ահա սրանք են 4 տարում այս ապիկար իշխանության իրականացրած սոցիալական ու տնտեսական քաղաքականության արդյունքը։

Արմեն Հովասափյան