Ակնկալվում է, որ մինչև այս տարվա վերջ Երևան կհասնի 150 նոր ավտոբուս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Այս պահի դրությամբ խնդիր ունենք: Հիմա քաղաքում հիմնականում կապույտ ավտոբուսներն են երթևեկում, մանուշակագույն ավտոբուսների պահեստամասերի ձեռքբերման հետ կապված մրցույթը չի կայանում: Բայց, կարծում եմ, մոտ ժամանակում մենք որոշում կունենանք և որոշման համաձայն պահեստամասերը ձեռք կբերենք, և մանուշակագույն ավտոբուսները նույնպես կերթևեկեն, դրանց քանակն ավելի շատ կլինի: Ինչպես նաև հաջորդ շաբաթ նախատեսում ենք 8.6-մետրանոց 150 ավտոբուսների մրցույթ հայտարարել և ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբերի 30-ը այդ ավտոբուսները կլինեն Երևանում», - ասել է քաղաքապետը:
Սարգսյանը հիշեցրել է, որ մեկ ամիս առաջ պայմանագիր են ստորագրել 12 մետրանոց ավտոբուսներ ձեռք բերելու համար: Ժամկետը 2023թ․ մարտ-ապրիլ ամսներն են:









