Հուլիսի
1-ից մի շարք գործարքներ անկանխիկ եղանակով կատարելը պարտադիր է։ ԱԺ «Հայաստան» խմբակցության
պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Vesti.am-ի
հետ զրույցում ասաց, որ օրինագիծը միտված է ստվերային դրամաշրջանառությունը կրճատելուն,
ինչը դրական է գնահատում։ «Ցանկացած բարեփոխում անհրաժեշտություն ունի ընդհանուր միջավայրի
գնահատման։ Կարծում եմ հիմա նախաձեռնվող փոփոխություններով հիմնական նպատակին չեն հասնելու, այստեղ
մանիպուլացիա կա։ Պատկերացրեք, թե դրանք ինչպե՞ս կընդունեն հատկապես մարզերում, որտեղ
կամ բանկոմատներ չկան, կամ էլ մեծ հեռավորության վրա են գտնվում»,- նշեց պատգամվորը
և արձանագրեց, որ այո՛, ամբողջ աշխարհը գնում է անկանխիկ գործարքների, բայց վերջնական
նպատակին հասնելու համար, կարծում է, կարիք կա ներդնել միասնական հայտարարագրման համակարգը
և նպատակին հասնելու փուլային մեխանիզմներ։
Ավետիսյանի
խոսքով՝ կարևոր է, որ ներդրվեն մեխանիզմներ, որոնց միջոցով անկանխիկ առևտուրը կդառնա
առավել հրապուրիչ։ Միայն տուգանքների և լրացուցիչ պարտադրող միջոցների կիրառումը կարող
է հակառակ ազդեցություն ունենալ։ Խրախուսական
միջոցառումները կկարողանան կանխիկի շրջանառությունը դառձնել անկանխիկ։ Իսկ վարչական խիստ մեթոդների կիրառման սթերսը, հատկապես փոքր և միջին
բիզնեսի համար, կարող է ավելի մեծացնել ստվերային շրջանառությունը։ Միջազգային փորձում ևս կիրառվում են խրախուսական միջոցները։
Հնարավոր
իշխանափոխության դեպքում ընդդիմադիր պատգամավորն օրենքը վերանայելու անհրաժեշտություն
տեսնում է, բայց հետ կանչելու, չեղարկելու
մասով՝ ոչ։ Ասում է՝ կարգավորումներն ամբողջական չեն, քայլն էլ քաղաքական, պոպուլիստական
է։ «Ի վերջո ամբողջ աշխարհը գնում է անկանխիկ գործարքների։ Եթե իշխանության գանք, փոփոխություններ
կլինեն, հասարակությանը կպատրաստենք դրան, կստեղծենք համապատասխան հարմարավետություն,
որպիսի չունենաք համակարգի ներդրման ձախողման փորձ։ Նման կարգավորումները ներդրվում
են փուլ առ փուլ։ Այդ դաշտում բարեփխումների անհրաժեշտություն, իհարկե, կա»,- եզրափակեց
Թադևոս Ավետիսյանը։
Իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամայանից էլ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք անկանխիկ գործարքների դեպքում սահմանված են բանկերի միջնորդավճարների չափեր, որն էլ, հիմնականում, անհանգստացնում է շարքային քաղաքացուն։ «Հանձնաժողովում, դա դեռ չի քննարկվել, բայց միանշանակ կարող եմ ասել, որ բանկերի հայեցողությանը չի թողնվելու», ասաց Ղահրամանյանը։ Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանն էլ ասաց, որ բանկային հաշվից այլ հաշվին փոխանցումներն հիմնականում անվճար են, իսկ քարտային գործարքները կարգավորվում են ըստ տարբեր առաջարկվող ծառայությունների, որոնք նվազագույն գաձումներ են պահանջում։









